‘Եվրախորհրդարանում հնչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ’

2402

Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որի ժամանակ քննարկվում էր նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ըստ «Ազատության» հայտարարել է. — «Մենք մեծացնում ենք մեր ջանքերը հակամարտության կարգավորման նպատակով»: Ըստ Մոգերինիի, հակամարտությունը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգությանը:

«Հարավային Կովկասը կարևոր տարածք է Եվրոպայի համար», — նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ընդգծելով, որ հրադադարի խախտման ծավալները աննախադեպ են 1994 թվականից հետո, Ֆեդերիկա Մոգերինին նաև ուշադրություն է հրավիրել պաշտոնական Երևանի և Բաքվի հայտարարությունների վրա, ապա գնահատել. — «Մենք ունենք լուրջ վտանգներ, եթե իրավիճակն անհապաղ չհանդարտվի»:

Միացյալ Թագավորությունից Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Չարլզ Թանոքի խոսքով, ռազմական դիվերսիա իրականացնելով՝ Ալիևը փորձում է շեղել ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:

Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան կարևոր է համարել շփման գծում համապատասխան սարքավորումների միջոցով ԵԱՀԿ-ի մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ առաջարկները, որոնք մերժում է Ադրբեջանը և ընդունում է Հայաստանը:

Լյուքսեմբուրգից ընտրված պատգամավոր Ֆրանկ Ինգիլը ասել է, որ «Այսօր Ադրբեջանը մնում է ագրեսոր, ինչպես որ ագրեսոր էր 24 տարի առաջ»:

Ըստ պատգամավորի, միակ բանը, որը պետք է տեղի ունենա առկա իրավիճակում, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է:

 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Խախտում են հրադադարը, 1 վիրավոր ‘
Հաջորդ հոդվածը‘Պանամայում խուզարկություն է կատարվել Mossack Fonseca-ի կենտրոնակայանում’