‘Եվրամիությունը առաջընթաց է տեսել նախագահական ընտրություններում’

713

ԵՄ Արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ու ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Նրանք նշել են, որ ի գիտություն են ընդունել նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, եւ «ողջունել են» դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային դիտորդների նախնական եզրակացությունները:

Ավելին, Էշթոնն ու Ֆյուլեն ողջունել են Հայաստանի իշխանությունների կողմից ձեռք բերած հետագա առաջընթացը՝ նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու իրենց ջանքերում, եւ, մասնավորապես, ընտրական գործընթացի վարչարարությունը բարելավելը, ինչի արդյունքում ապահովվել է բոլոր թեկնածուների համար ազատ ընտրարշավ անցկացնելու հնարավորությունն ու ընտրացուցակների որակը:

Միեւնույն ժամանակ, հայտարարության հեղինակները նշել են, որ իրենք ակնկալում են, որ չլուծված խնդիրներին ապագայում պետք է համապատասխան անդրադարձ կատարվի, այդ թվում` նաեւ պաշտոնյաների կողմնակալության, վարչական ռեսուրսների չարաշահման մասին պնդումներին, ընտրարշավի ֆինանսավորման տարաբնույթ մեկնաբանությունների եւ ընտրողների վրա ճնշումներ բանեցնելու դեպքերը: Նրանք նաեւ կոչ են արել ՀՀ իշխանություններին իրականացնել համապարփակ եւ թափանցիկ ընտրական բարեփոխումներ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ԱԺ ընտրությունների արդյունքում հրապարակված զեկույցում նշված հանձնարարականներին համապատասխան:  

Նախորդ հոդվածը‘Միլները, Ցուկենբերգը և Բրինը կենսաբժշկական խոշորագույն մրցանակ են սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտին կարող է գլխավորել «Ռեալը»’