‘Եվրամիությունը չի քննարկի Ուկրաինայի հարցը’

584

Եվրամիությունը նոր բանակցություններ չի սկսի Ուկրաինայի հետ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ արդեն նախաստորագրված համաձայնագրի բնագրի շուրջ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: Ըստ նրա՝ Եվրախորհրդարանը չի հաստատում Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի այն հայտարարությունը, թե ուկրաինական պատվիրակությունն այցելելու է Բրյուսել: Հաստատելով, որ ԵՄ-ում «ոչ մի բանավեճ չկա փոխհատուցումների վերաբերյալ»՝ Կոսյանչիչը նշել է, որ Բրյուսելում «պատրաստ են Ուկրաինայի հետ քննարկել ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայանգրի առանձին դրույթներ և մանրամասն բացատրել այն կոնկրետ շահը, ինչը համաձայնագիրը կբերի Ուկրաինային»:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռուստահարցազրույցում հայտարարել էր, թե Կիևն ուզում է լավագույն պայմաններ ձեռք բերել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրում, իսկ վարչապետ Ազարովը  տեղեկացրել էր, թե Բրյուսել կմեկնի պատվիրակություն, որը կշարունակի բանակցությունները, որպեսզի հնարավորություն ստանա երկրի համար շահավետ պայմաններով համաձայնագիր ստորագրելու  ԵՄ-ի հետ, փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում ներկայացվել է ԱԱ-2014-ի պաշտոնական գնդակը’
Հաջորդ հոդվածը‘Մարգվելաշվիլի. Վրաստանում Ռուսաստանը նույն կերպ չի գործի, ինչպես Ուկրաինայի դեպքում ‘