‘«Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի երգի ազգային ընտրությանը ներկայացվել է 70-ից ավելի հայտ’

721

«Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի`մարտի 2-ին կայանալիք Հայաստանի մասնակցի  երգի ազգային ընտրության հայտերի ընդունումն ավարտվել է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանու Գոհար Գասպարյանը նշեց, որ հայտերի թիվը գերազանցել է 70-ը:

«Հայտեր ենք ստացել Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, սակայն ի տարբերություն արտերկրից ստացված երգերի` Հայաստանից ներկայացված երգերը որակապես ավելի լավն են: Արդյունքում ընտրվել  է մի քանի երգ, որոնք կձայնագրվեն եւ կներկայացվեն ազգային ընտրությանը»,- ասաց Գասպարյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ընտրված երգերի ցանկում  է նաեւ Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանի եւ «Դորիասն» ռոք խմբի ներկայացրած երգը, Գասպարյանը նշեց, որ մինչ ազգային ընտրության ավարտը նախապես ընտրված երգերի հեղինակների անունները գաղտնի են պահվելու:

«Այս անգամ մենք որոշում ենք կայացրել չհրապարակել հեղինակների անունները, քանի որ հաճախ, լսելով երգի հեղինակի անունը, շատերը կարող են իրենց սիրած կոմպոզիտորի օգտին քվեարկել մեխանիկորեն: Մինչդեռ արդարացի կլինի, որ հեղինակների անունները հրապարակվեն ընտրության ավարտից հետո»,-ասաց նախագծի պատասխանատուն` ընդգծելով, որ այս կերպ ստեղծվել են հավասար պայմաններ բոլոր ստեղծագործությունների համար:

Նրա խոսքով` մարտի 2-ին ազգային երգի ընտրության օրը սպասվում են բազմաթիվ անակնկալներ, այդ թվում «Եվրատեսիլ 2013»-ում Մալթայի ներկայացուցչի ելույթը:

«Մանկական Եվրատեսիլ», «Պատանի պարողների Եվրատեսիլ» եւ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթների ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը տեղեկացրեց, որ այս տարի փոփոխության կենթարկվի «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի ձեւաչափը:  

«Հիմնական փոփոխություններն ավելի արտահայտված կլինեն 2014 թվականին, սակայն այս տարի եւս անցկացման ձեւաչափում որոշ փոփոխություններ կլինեն»,- ասաց Յակովլեւը: Նրա խոսքով` կվերանայվեն մրցույթի կանոնադրությունը, մասնավորապես մասնակիցների տարիքի, հյուրընկալող երկրի որոշման շուրջ:

«Մանկական Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա Կիեւում նոյեմբերի 30-ին, իսկ «Եվրատեսիլ 2013»-ը` մայիսի 14-18-ը Շվեդիայի Մամլո քաղաքում:

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Բավարիայից» կրած պարտությունից հետո վայրկյան անգամ չեմ մտածել հրաժարականի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ն առայժմ չի հայտնում «արտակարգ միջադեպի» մանրամասները’