‘Եվրոյի նշան, դիմացն անսահմանության նշան…’

1702

Երևանի կենտրոնում բազմության մեջ հստակ տեսնում ես՝ ովքեր են դրսից եկած նախկին հայաստանցի հայերը: Հագու՞ստը: Նաև հագուստը: Նրանք, որոնք լավ երկրներից են ու ապահով, մի ուրիշ տեսակ սպիտակ են հագնում, մի ուրիշ տեսակ երկար փեշեր` ճերմակ ու լավ որակի կտավներից, տղամարդիկ անփութորեն ու անտարբեր ճմրթված լավ որակի կտավից տաբատներով… Բայց միայն հագուստը չէ, նույնիսկ հագուստը երկրորդական է: Նրանց հայացքի մեջ ապահովագրված կարեկցանք կա երկրի հանդեպ, մի տեսակ խաղաղված կարեկցանք: Անհաղորդ են, բայց կարեկցում են: Ապահով են, բայց մեզնով մտահոգ են:

Նրանց մեջ մի բան կա, որ միաժամանակ կարեկցանք է առաջացնում` եթե կարողանաս տեսնել այն: Նրանց միջի կարեկցանքը իրենց հանգստացնելու համար է, թե իբր էստեղ ոնց ապրես, է՛: Ես սիրում եմ նրանց: Որովհետև նրանք խորամանկում են՝ իրենց թախիծը թաքցնելու համար: Այդ թախիծը իրենք կոչում են կարոտ: Ես սիրում եմ նրանց, որովհետև իրենք մի քիչ կամ գուցե շատ նախանձում են մեզ` մեր ոտնահարված իրավունքներին, մեր հոգնած հուսահատությանը, իսկ իրականում` մեր հետդարձի տոմսի բացակայությանը:

Ամբողջ ամառ պատմում են հիմնականում լավ բաներ: Աշխատանք կա, փող կա, Երևանից գնալու են մալթայանման մի տեղ, բայց վերջին օրը` հրաժեշտի օրը, սրճարանում կամ տանը անպայման ասում են. «Երանի ձեզ»: Կամ չեն ասում՝ համառում են, բայց աչքերի մեջ ընթեռնելի գրված է. «Երանի ձեզ»:

Նրանք գնալով շատանում են` Երևան եկած երևանցի հովեկները: Նրանք անկաշկանդ են, 13-14 տարեկան տղաները ամեն առիթով ասում են «շնորհակալություն», ու «մերսի, ձյա՛ձ»–ի կամ «լավ ա, ձյա՛ձ»-ի փոխարեն լսում ես սովորական հայերեն բառ, որով որոշում ես, որ տղան նախկին երևանցիներից ծնված մոսկվացի է, ասենք: Իրենք կիրթ են, օտարականի վստահություն ունեն, մերոնց նման վախեցած գազաններ չեն` վստահ են, հանգիստ, հայհոյանքը չլսելու են տալիս` անցնում, մերոնց նման չեն ասում. «Վա՛յ, արա՛, էդ ու՞մ ասիր, արա՛», ու սեփական սպառնալքից վախեցած՝ սկսում զանգել հայաթի մյուս վախեցածներին: Նրանք կիրթ են, բարեկիրթ, հղկված, գիտեն իրենց անելիքը, հստակ գծված կյանքի ծրագիր ունեն, մեր տղաները բանակի վախ ունեն: Տարբերությունը մեծ է:

«Դուք ինձ չեք ասի՞»,- դիմում է ինձ մի հաճելի դեմքով տղա` 13-14 տարեկան, ու ինչ-որ բան հարցնում: «Դուք ինձ չեք ասի՞»-ն ինքնուսույցի հայերեն էր մի տեսակ: Երևի ես էլ Փարիզում, եթե փողոցում հարցնեի մի բան, էդպես կասեի. «Dites moi s il vous plait»… ինքնուսույցի ոճով: Քիչ հեռվից՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետից, իջնում է մայրը` ինքնաբավ, գեղեցիկ, լավ հագնված, մտքերի մեջ, կողքից` տղան՝ օպտիկական ակնոցով ու ձեռքին բարձր տեխնոլոգիաներից մեկը` չափերով այնքան փոքր, որ չի նկատվում, մյուս կողքից համարյա նույն տարիքի մի աղջիկ` հավանաբար դուստրը` նազելի ու հմայիչ: Նրանց հետևից «Մոսկվիչկայի» սև-կարմիր պոլիէթիլենի բազմաթիվ տոպրակներով իջնում է մոտ 16 տարեկան տղա` սուպերմարկետի աշխատող պատանիներից, որոնք սովորաբար առաջարկում են օգնել: Գիքոր, իսկական Գիքոր էր` անառողջ, հոգնած, վատ սնված, տխուր, երևի շատ մեծ դիսկոմֆորտի մեջ` գեղանի այլաշխարհիկ աղջկա ուղեկցությունից ու իր բեռնված, անհրապույր տեսքից: Գիքորը, Նատոն ու Նատոյի զավակները: Ահա, Երևանի դժվարությունը. թվում է՝ հորինվածք է` սարքած, բայց բոլոր պերսոնաժներն իրական են, դեպքը պատահել է երեկ: Ա՛յ, այս երեխաները հաստատ «Մոսկվիչկայի»՝ բեռնավորված անառողջ տեսքով տղային չեն նախանձելու, իրենց կյանքն արդեն ուրիշ տեղ է, Երևանում իրենք ոչինչ չեն թողել: Իսկ մայրը հաստատ թողել է, ինչքան էլ հիմա ապահով ապրի, նա Երևանում թողել է:

Նրանք ուզում են դառնալ մեզնից մեկը, ունենալ ընդհանուր բան, առավոտները շուկա են գնում, շատ կանաչի ու ծիրան են բերում, ապրում են մեզ հետ, բայց գրպանի ետդարձի տոմսը ու մեկ էլ հանկարծ իրենց ապրած երկրներից իրենց զանգող այլալեզու նոր ծանոթների զանգը կտրում է վերականգնվող հուշի թելը ու այլալեզու խոսակցությունից հետո մեկ էլ սահուն «…հա՛, ինչ էինք խոսում, էդ 9-ում էի՞նք, թե՞` 10 –ում, որ գնացինք Կիրովական…». բայց հուշի թելը արդեն խզվել է զանգով ու այլալեզու գործնական պայմանավորվածություններով, մենք հուշի տարբեր զգացողություն ունենք, որովհետև այդ Կիրովականի պատմությունը Երևանում մնացածներս տարվա մեջ չենք հիշում, պահում ենք, որ նրանք դրսերից գան` խոսելու բան ունենանք…

Նրանք գնալիս նախաննձում են մեզ` արդեն արցունքի տեսքով, գնալիս արդեն նախանձում են մեր հուսհատությանն էլ, մեր անհույս վիճակին, բայց իրականում` մեր հետդարձի տոմսի բացակայությանը:

Մի քանի օր առաջ ընկերներս անվերջ պատմում էին մեկընդմիշտ արտագաղթող մի կիրթ ընտանիքի մասին, պատմում էին դառնացած, բորբոքված, որովհետև վատ չէին ապրում ու գնում են «լագեռ»՝ հանձնվելու հստակ մտադրությամբ: Անբացատրելի որոշում: Չքավոր չեն, անապահով չեն, գործազուրկ չեն, բայց գնում են: Ասում են՝ ուզում են ավելի լավ ապրել: Նկարագրում են մի բան, որ երբեք չեն տեսել: Իսկ ճամբար հանձնվողների կյանքը քիչ թե շատ արժանապատվություն ունեցող մարդու կյանք չէ: Միգուցե պետք է լուսաբանե՞լ: «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդման նման մի բանով միգուցե լուսաբանեն, թե դա ինչ տեղ է, որ մարդիկ չվաճառեն քաղաքի ու գյուղի իրենց տները միաժամանակ, նվիրեն ունեցվածքը բարեկամներին ու գնան սպանդանոց հիշեցնող մի տեղ: Մարդիկ գժվել են մի քիչ. արտագաղթի համաճարակ է, շղթայական ռեակցիա: Մի ամսվա չափ խոսում էին այդ արտագաղթող ընտանիքի մասին ու վերջին օրը պատմեցին, որ տան կինը, մայրը ասել է. «Ինչի՞ մի անգամ հեռուստացույցով չեն ասում՝ մի՛ գնացեք, չեն համոզում՝ մնանք»: Սա բացառիկ ու արտակարգ անկեղծություն է: Մարդիկ ուզում են պետքական զգալ իրենց, նրանք ուզում են, որ իրենց ասեն՝ մնա՛, մի՛ գնա` երևի այնպես, ինչպես տղամարդը կարիք ունի լսելու դա կնոջից, կինը` տղամարդուց, երեխան` մորից, մայրը՝ երեխայից: Մարդիկ հայրենիքի սիրո կարիքն ունեն, նրա «մի՛ գնա»-ի կարիքը: Մարդիկ պատկանելության պահանջ ունեն: Այս բացառիկ անկեղծ պահանջը ինձ հուշեց, որ արտագաղթի գոնե մի մասի, գուցե` մեծ մասի պատճառը պետքականության բացակայությունն է: Հայրենիքը պետք է հստակ, առանց տողատակի խնդրի իր հայրենակիցների չգնալ` ում տեսքով ուզում է լինի` նախագահի, վարչապետի, նախարարի, մտավորականի: Ընդ որում, առանց պաթետիկ բաների: Ուղղակի խնդրեն չգնալ, իսկ ավելի ճիշտ` մնալ: Մարդիկ դրա կարիքն ունեն:

Հետդարձի տոմսի բացակայությանը նախանձող մեր հայրենակիցները իրականում այս պատկանելության զգացումն են կարոտում, նախանձում են մեր պատկանելությանը:

Մի քանի տարի առաջ աղջիկս դպրոցից եկավ, ասում է. «Էսօր մաթեմատիկայից մի տարօրինակ բան ենք անցել, գիտես՝ ինչի էր նման` եվրոյի նշան ու դիմացը բացականչական նշանի նման մի բան»: Եվրոյի նշանը պատկանելության նշանն էր, իսկ բացականչականը` անսահմանության:

Այդ նույն նշանի համար մենք նախանձում ենք մեր դրսի հայրենակիցներին, իրենք` մեզ: Մենք` եվրոյի նշանին, իրենք` մեր՝ պատկանելության նշանին: Ու երկու դեպքում էլ դիմացն անսահմանության նշան է….

Լուսինե Հովհաննիսյան/zham.am

Նախորդ հոդվածը’19-ամյա ֆուտբոլիստը մերժել է «Ռեալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» գերշահավետ առաջարկները’
Հաջորդ հոդվածը‘Դանակահարություն Լոռիի մարզում. 3 դանակահարվածների թվում է նաեւ գյուղապետը’