‘Եվրոպական լիբերալները կոչ են անում կյանքի կոչել ԸՕ լրացումները’

2536

Հունիսի 16-ին Հայաստանում կարևոր համաձայնություն է ձեռք բերվել ազատ և արդար ընտրությունների անցկացման մեխանիզմների շուրջ, որը հնարավոր է դարձել մի կողմից Հայաստանի կառավարության և մյուս կողմից ընդդիմության ու քաղաքացիական հասարակության միջև ամիսներ տևած բանակցությունների արդյունքում, որոնք նախաձեռնվել էին ALDE անդամ Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ նպատակ ունենալով հասնել կոնսենսուսի ընտրական օրենսգրքի առանցքային կետերի շուրջ։

Ի թիվս այլ կետերի, այս լրացումները ներառում են մատնահետքերի նշմամբ ընտրողների նախագրանցման համակարգ, որը թույլ կտա խուսափել ընտրողների ուռճացված ցուցակներից ու բազմակի քվեարկություններից։

«Եվրոպական լիբերալների և դեմոկրատների դաշինք կուսակցությունը ողջունում է այս համաձայնությունը, որը հնարավոր կդարձնի Հայաստանում ապահովել ընտրությունների թափանցիկություն և արդարություն», նշել է կուսակցության նախագահ, եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հանս վան Բաալենը։

Համաձայնությունը նաև հնարավոր է դարձել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան ակտիվ աջակցությամբ։

Միևնույն ժամանակ, Եվրոպական լիբերալները մտահոգված են այս բարեփոխումները մինչև վերջ իրականացնելու ՀՀ իշխանությունների հանձնառությամբ և վերջիններիս կոչ են անում այս գործընթացը հաջողությամբ ավարտել՝ իրականացնելով Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնց շուրջ այդքան հազվագյուտ համաձայնություն է ձեռք բերվել երկրի գրեթե ողջ քաղաքական դաշտի ու քաղաքացիական հասարակության կողմից։

Այս լրացումների իրականացումը Հայաստանի համար կարևորագույն քայլ կլինի սեփական ժողովրդի հավատը ազատ և արդար ընտրությունների, ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների հանդեպ վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև իր միջազգային գործընկերների շրջանում Հայաստանի հեղինակությունը որպես ժողովրդավարության ձգտող երկրի հաստատելու առումով։

Հակառակ դեպքում՝ ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ համաձայնեցրած այս բարեփոխումներից հրաժարվելը միայն բացասաբար կարտացոլի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու մասին Հայաստանի իշխանություների հավաստիացումերի և Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի իմիջի վրա։

Հ.Գ. ALDE-ն եվրոպական պառլամենտի մեծությամբ 3-րդ խմբակցությունն է, եվրոպական հանձնաժողովի 28 հանձնակատարներից 5-ը ALDE-ի անդամներ են, ALDE-ից են նաեւ ԵՄ անդամ 7 երկրների ղեկավարներ`Լյուքսեմբուրգ, Բելգիա, Էստոնիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Հոլանդիա, Դանիա:  

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Հակառակորդը ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ’
Հաջորդ հոդվածը‘Amnesty-ն մեղադրել է եգիպտական հատուկ ծառայություններին’