‘Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը’

690

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը մամուլի հաղորդագրություն է տարածել` կապված Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Լեհաստանի վարչապետ Դոնալդի Տուսկի ընտրության հետ: Ներկայացնում ենք այն ստորև.

Եվրոպական խորհրդի օգոստոսի 30-ի նիստում միաձայն որոշմամբ խորհրդի հաջորդ նախագահ նշանակվեց Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը: Նա երկրորդ անձն է, որ ստանձնում է այդ պաշտոնը: Առաջինն այդ պաշտոնը ստանձնել է Հերման վան Ռոմպույը 2009թ-ին:

«Ես Բրյուսել եմ գալիս մի երկրից, որը խորապես հավատում է միացյալ Եվրոպային: Իմ հայրենակիցների 80 տոկոսը հավատում են, որ Եվրոպական Միությունն իմաստ ու նպատակ ունի, և դրան այլընտրանքներ չեն փնտրում»,- ընտրվելուց հետո իր առաջին ելույթում ասել է Տուսկը:

Այս նշանակումն իր լայն արձագանքն է գտել նաև եվրոպական մամուլում: Գերմանական “Der Spiegel”-ն, օրինակ, մատնանշում է այն տնտեսական առաջընթացը, որ Լեհաստանն արձանագրել է Դոնալդ Տուսկի կառավարման տարիներին: Անգլիական “Sunday Telegraphy” Եվրոպական խորհրդի նոր նախագահին անվանում է «բարեփոխիչ քաղաքական գործիչ»: «Սոլիդարնոստի մարդը դարձավ Եվրոպական խորհրդի նախագահ»,- գրում է իտալական “Il Sole-24 Ore”: Թերթը նաև շեշտում է այն ձեռքբերումները, որ արձանագրել է Լեհաստանը տնտեսության ոլորտում`մատնանշելով եվրոպական հիմնադրամներից ստացած գումարների նպատակային օգտագործումը: Պորտուգալական “Publico” թերթն էլ կարծում է, որ Տուսկի նշանակումը կխթանի ԵՄ քաղաքականության ակտիվացումը արևելյան ուղղությամբ`միաժամանակ շեշտելով, որ այս քայլը կուժեղացնի նաև Վեյմարյան եռանկյունու երկրների`Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի դերը:

Լեհաստանի վարչապետի պաշտոնում Դոնալդ Տուսկը այցելել է Հայաստան  2010թ-ի մարտին: Այցի ընթացքում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ և համատեղ մամուլի ասուլիս իր գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ: Դոնալդ Տուսկը այցելել էր նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծունր դրել անմար կրակի առջև:

Նախորդ հոդվածը‘Եվրոպան հրաժարվում է հզոր փոշեկուլներից’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ Կոնգրեսի տարածքային կառույցներում’