‘Եվրոպական ուիքենդ. Գվարդիոլան գրեթե վճռում է չեմպիոնի հարցը’

945

Արթուր Բորուցը դրսևորվում է իբրև Կրույֆ, Անչելոտտին վստահում է «կանտերանոներին», իսկ Բալոտելլին հերթական անգամ վրիպում է 11 մետրանոցից: Սրանք, իհարկե, եվրոպական ուիքենդի առաջնային իրադարձությունները չէին, որտեղ տեղի ունեցած գլխավորի մասին կարող եք կարդալ ստորև:

Անգլիա

Այս մրցաշրջանում «Պրեմիեր լիգայի» առանցքային  խաղերը չէին ստացվում՝ «Յունայթեդն» ու «Չելսին» խաղացին ոչ-ոքի, Մանչեստերյան դերբիում պայքար չստացվեց, իսկ ՄՅՈՒ — «Արսենալը» երևի թե ամենաձանձրալին էր: ԵվՄերսիսեդյան դերբիից, որտեղ «Պրեմիեր լիգայի» դիմակայություններից ամենաշատն է գրանցվել 0-0 արդյունք, դժվար կարելի էր ակնկալել բաց խաղ:

Բայց Ռոջերսի և Մարտինոսի թիմերը խաղացին մրցաշրջանի լավագույն հանդիպումը, որտեղ գոլերը խփվում էին միայն ստանդարտներից, և որտեղ ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե Ֆիլ Դաուդը արժանիորեն հեռացներ Միրալյասին՝ Սուարեսի նկատմամբ կեղտոտ խախտման համար: «Էվերտոնը» ավելի հավաքված էր և երկրորդ խաղակեսի Մարտինեսի փոփոխություններից՝ հատկապես Դելաֆեուի խաղադաշտում հայտնվելուց հետո, փոխեց խաղի ընթացքը: «Լիվերպուլն» ավելի քաոսային տեսք ուներ, որտեղ մինչ Սթարիջիի հայտնվելը՝ թիմի խաղը չափազանց մեծ կախվածություն ուներ Սուարեսից, ով տուգանայինից հերթական անգամ ապացուցեց, որ ոչ միայն ֆուտբոլից դուրս է տարբերվում իր մտածելակերպով: 3-3՝ 3 գոլ՝մեկնարկային 20 րոպեների, և ևս 3-ը՝ խաղավարտի 20 րոպեների ընթացքում:

 

Ֆանտաստիկ դերբիից հետո «Արսենալին», որը երևի թե այս պահին ավելի շատ է մտածում ՉԼ-ի մասին, 3 միավոր վաստակել օգնեց Արթուր Բորուցը, ում մոտ, ինչպես պարզվում է դարպասապահի՝ Instagram-ում տեղադրված նկարից, պարզապես ցանկություն էր առաջացել կրկնել Կրույֆի հնարքներից մեկը: Բայց նման ցանկությունը «Սաութհեմփթոնի» վրա արժեցավ 3 միավոր, ինչի արդյունքում «Պրեմիեր լիգայի» մրցաշրջանի անակնկալը հայտնվեց 6-րդ հորիզոնականում, և ինչը կտրուկ կարող է ազդել նման թիմի կարգապահության վրա:

Կիրակի մանչեստերյան թիմերն անցկացրին այս մրցաշրջանին բնորոշ հանդիպումներ: «Մանչեստերը» հերթական ձանձրալի երեկոն էր անցկացնում Քարդիֆում, և երբ արդեն սկսում էր թվալ, որ «Արսենալի» դեմ խաղից հետո Մոյեսի սաները սովորել են տառապել, Բո-Կյունգ Կիմը Ֆերդինանդին ցույց տվեց, որ միգուցե ժամանակն է մտածել ԱՄՆ կամ Քաթար ուղևորվելու մասին: Իսկ «Սիթին»,18-րդ վայրկյանից սկսած, հրաշալի երեկո անցկացրեց՝ Վիլաշ Բոաշի «Տետենհեմի» դեմ ցույց տալով Դենիել Լևիին, որ Բեյլին փոխարինած 7 «կիսաաստղերից» և ոչ ոք պատրաստ չէ արդյունք ապահովել: Գուցե Կլինսմանն օգնի:

Արդյունքներ

«Էվերտոն» — «Լիվերպուլ» 3-3

«Ֆուլհեմ» — «Սուոնսի Սիթի» 1-2

«Հալ Սիթի» — «ԿրիստալՊելաս» 0-1

«Նյուքասլ» — «ՆորվիչՍիթի» 2-1

«Սթոուք Սիթի» — «Սանդերլենդ» 2-0

«Արսենալ» — «Սաութհեմփթոն» 2-0

«ՎեսթՀեմ» — «Չելսի» 0-3

«Քարդիֆ Սիթի» — «Մանչեստեր Յունայթեդ» 2-2

«Մանչեստեր Սիթի» — «Տոտենհեմ» 6-0

Գերմանիա

Հուլիսի 27-ից հետո, երբ Պեպը իրականում չձախողեց, բայց, միևնույն է, պարտվեց ավելի մեծ քաղց ունեցող դորտմունդցիներին, կատալոնացու հանդեպ քննադատություններըչէին դադարում: Գվարդիոլան քանդում էր Հայնկեսի թիմը և այդպես էլ չէր կարողանալու ստեղծել իր թիմը: Բայց «Սիգնալ Իդունա Պարկում» «Բավարիան» Կլոպի թիմի համար մրցաշրջանի ամենախոցելի հատվածում գրեթե սպանեց նրանց, ինչը կարող է իրականում ավարտվել, եթե «Բորուսիան» չհաղթաարի ՉԼ-ի խմբային փուլը:

«Բավարիան», ինչպես միշտ, ավելի հասուն տեսք ուներ: Գվարդիոլան երկու կարևոր փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում: Ռոբբենը Ռիբերիին փոխարինելու համար մեկնարկեց աջ եզրում, իսկ Խավի Մարտինեսը հայտնվեց 10 համարի դիրքում, բայց ոչ որպես դասական, այլ ինչպես Պեպն է սիրում՝ «կեղծ»: Բասկ հենակետայինը իրականում «Բորուսիայի» դարպասներին այդքան մոտ սկսեց ոչ թե խաղը սրելու, այլ պրեսինգի և հնարավորինս շատ մենամարտեր հաղթելու համար: Մեկնարկային 25 րոպեներից հետո «Բորուսիան» մի քանի անգամ լավ հակագրոհեց, բայց Բլաշիկովսկու կամ Ռոյսի պահերը իրականում այդքան էլ վտանգավոր չէին: Երկրորդ խաղակեսում Գվարդիոլան պարզապես օգտվեց նրանից, ինչը չունի Կլոպը: Պահեստայինների երկարագույն նստարանից խաղադաշտ մտան Գյոտցեն՝ որպես «կեղծ 9», և Տյագոն ,և որպես խաղարկող՝ վճռեցին խաղի ելքը: 1-0-ից հետո Մխիթարյանն ու Ռոյսը կարող էին հավասարեցնել հաշիվը, բայց Նոյերը հանգիստ էր: «Սիգնալ Իդունա Պարկը» նույնիսկ այսպիսի ապտակից հետո էր երգում, իսկ Պեպը խաղից հետո հայտարարեց, որ նման խաղով նրանք ՉԼ-ում չեն հաղթի: Իսկական պերֆեկցիոնիստ, ով, ինչպես հաղորդում է Bild-ը, խաղից հետո խոստացել է թիմից հեռացնել նրան, ում շնորհիվ գերմանական թերթերը խաղի մեկնարկից ժամեր առաջ արդեն տեղյակ էին մյունխենցիների կազմի և դասավորվածության մասին:

«Բորուսիայի» սայթաքումից օգտվեց Լևերկուզենի «Բայերը» և մինիմալ հաշվով հաղթանակից հետո հայտնվեց 2-րդ հորիզոնականում:

Արդյունքներ

«Շտուտգարտ» — «Բորուսիա Մյունխենգլադբախ» 0-2

«Աւոգսբուրգ» — «Հոֆենհայմ» 2-0

«Այնտրախտ Բրաունշվայգ» — «Ֆրայբուրգ» 0-1

«Այտրախտ Ֆրանկֆուրտ» — «Շալկե 04» 3-3

«Հերտա» — «Բայեր 04» 0-1

«Նյուրնբերգ» — «Վոլֆսբուրգ» 1-1

«Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա» 0-3

«Համբուրգ» — «Հանովեր 96» 3-1

«Վերդեր» — «Մայնց 05» 2-3

Իտալիա

Տարօրինակ տուր «Սերիա Ա-ում», որտեղ կենտրոնական խաղը «Դե Լա Սկալլայի» դերբին էր, որտեղ Բալոտելլին շարունակում է վրիպել 11 մետրանոցներից, և որտեղ Կոնտեն, ընտրություն չունենալով, Արտուրո Վիդալին խաղացրեց որպես կենտրոնական պաշտպան:

Վերոնայի դերբին վերջին անգամ տեղի էր ունեցել 2002-ին, երբ «Կիևոն» առաջին անգամ էր հանդես գալիս «Սերիա Ա-ում» և երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Մինչ այդ՝ «Վերոնայի» երկրպագուները «Սերիա Ա-ում» հանդես գալիս հաճախ իրենց համաքաղաքացիներին ծաղրում էին հայտնի պաստառով, որի վրա գրված էր՝ «կովերն ավելի շուտ ֆուտբոլ խաղալ կսովորեն, քան դուք կհայտնվեք «Սերիա Ա-ում» »: Բայց 2002-ին «Կիևոն» դարձավ երևի թե նոր հազարամյակի «Սերիա Ա-ի» ամենամեծ անակնկալի հեղինակը՝գլխավորելով մրցաշարային աղյուսակը մինչև ձմեռ:Այդ «Կիևոն» գլխավորում էր Լուիջի Դելներին, իսկ թիմի առաջատարն էր բրազիլացի Լուսիանոն, ով հետագայում որակազրկվեց կեղծ անձնագրային տվյալների պատճառով: Այս ընթացքում «Կիևոն» հաստատվեց որպես «Սերիա Ա-ի» միջակ, իսկ «Վերոնան» հայտնվեց «կովերի» դերում:Հենց 2002-ին «Վերոնան» հայտնվեց «Սերիա Բ-ում», և 11 տարիների ընթացքում «Կիևոյին» ծաղրողները հաճախ խաղացին կարտոֆիլի դաշտ հիշեցնող խաղադաշտերում՝ շրջագայելով  «Սերիա Ց1-ի» և «Պրիմա դիվիզոն Բ-ի» միջև:

Հասկանալի էր, որ «Սերիա Ա»վերադարձած «Վերոնայի» երկրպագուները, որոնց թիմն այս խաղից առաջ գրավում էր 6-րդ տեղը, ցանկանում էին վերացնել մրցաշարային աղյուսակը եզրափակող նախկին «անդերդոգներին»: Բայց Տոնին և խաղընկերները այդպես էլ չկարողացան նույնիսկ գոլային պահեր ստեղծել «Կիևոյի» դարպասների առջև և մրցավարի ավելացրած ժամանակում՝ 93-րդ րոպեին Լազարևիչիցբաց թողեցին վերջին 11 տարիների ամենացավալի գոլը: 0-1՝ «Կիևոն» պատմության ընթացքում առաջին անգամ հաղթեց «Վերոնայի» խաղադաշտում:


Որոշ առումով նման խառնաշփոթ է տիրում ավելի մեծ քաղաքի՝ Միլանի թիմերում: Այստեղ, ճիշտ է, բոլորովին այլ կարգի խնդիրներ են և դեռևս «Սերիա Բ-ում» հայտնվելու վտանգ չկա, բայց երկու թիմերն էլ կարծես թե անցումային տարի են անցկացնում՝ սպասելով ամռանը: Երկու թիմերն էլ իրենց խաղերն ավարտեցին 1-1, որտեղ ամենահիշարժանը Բալոտելլիի 11 մետրանոցից հերթական վրիպումն էր:

Առաջատարների խաղերում «Նապոլին» պատժվեց դորտմունդյան մտքերի պատճառով, իսկ Յուվեն կարողացավ վաստակել 3՝ փայլուն մարզավիճակում գտնվող Պոբգայի և Լյորենտեի շնորհիվ, ինչը թույլ տվեց Կոնտեի թիմին մինչ «Ռոմայի» խաղը գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Արդյունքներ

«Վերոնա» — «Կիևո» 0-1

«Միլան» — «Ջենոա» 1-1

«Նապոլի» — «Պարմա» 0-1

«Լիվորնո» — «Յուվենտուս» 0-2

«Սամպդորիա» — «Լացիո» 1-1

«Սասուոլո» — «Ատալնտա» 2-0

«Տորինո» — «Կատանյա» 4-1

«Ուդինեզե» — «Ֆիորենտինա» 1-0

«Բոլոնյա» — «Ինտեր» 1-1

Իսպանիա

Այլ թոփ առաջնություններում իրադարձությունների հագեցվածությունից «Լա լիգան» էլ ավելի ձանձրալի տեսք է ձեռք բերում, ինչի մասին չի դադարում խոսել ԴիեգոՍիմեոնեն: «Ներքնակավորների» կազմի ռոտացիայի պարագայում 7-0 հաշվով հաղթանակը «Խետաֆեի» նկատմամբ հաստատում է «Էլ Չոլոյի» խոսքերը:

Բարսան, որտեղվ նասվածքներ ունեին Վալդեսը, Ալվեսը, Ալբան, Չավին, Տելյոն և Մեսսին, որևէ իրական մրցակցության չհանդիպեց «Գրանադայի» կողմից և վաստակեց հերթական 3 միավորը: Կատալոնացիների կազմում Սեսկը, Նեյմարը, Ինյեստան և հատկապեսՍանչեսը, ով շարունակում է գոլեր հեղինակել այնպիսի դիրքերից, որոնցից Տիտոյի օրոք նույնիսկ դարպասին չէր հարվածի, առանց Մեսսիի կարողանում են դեռևս արդյունք ապահովել: Բայց հարցն այն է, որ Տատայի օրոք Բարսան ավելին չի էլ փորձում անել: Ամեն դեպքում արգենտինացին հստակ հասկանում է իր անելիքը և չի մոռանում նաև վստահել «կանտերանոներին»: Սերխի Ռոբերտոն վաղուց է արժանի ավելի շատ խաղաժամանակի, իսկ 17-ամյա Ադամա Տրաորեն մոտ էր «Կամպ Նոու-ում» իր առաջին գոլին:

«Կանտերանոներին» վստահում է նաև Անչելոտտին, որտեղ, իհարկե, ամեն ինչ որոշում է Կրիշտիանոն: Պորտուգալացին հերթական գոլի հեղինակը դարձավ և կկարողանար «դուբլ» կամ «հեթ-թրիկ» ձևակերպել, եթե չլինեին մկանային խնդիրները: «Ռեալում» սկսում է իրեն թիմի մասնիկ զգալ նաև Գարեթ Բեյլը, բայց միևնույն է՝ նրա համար վճարված գումարը գերչափազանցված է շարունակում թվալ:

Բացի առաջատարների հանդիպումից՝առանձնացավ «ՌեալՍոսյեդադ» — «Սելտա» հանդիպումը: Մրցավարական սխալներ, բազմաթիվ գոլեր և «պոկեր» Կարլոս Վելայից, ով կարողացավ շրջել հանդիպման ընթացքն ու մոտեցնել Լուիս Էնրիկեի պաշտոնանկությունը: 

Իսկ տուրի կենտրոնական հանդիպումը, իհարկե, Անդալուսյան դերբին էր, որտեղ ևս պայքար չստացվեց: «Սևիլիան» ամբողջ հանդիպման ընթացքում գերիշխում էր Ֆելիպե Մելի՝ վնասվածքների համաճարակից տառապողսաների նկատմամբ և 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, «Բետիսին» էլ ավելի մոտեցնելով «Սեգունդային»:

 

Արդյունքներ

«Վալյադոլիդ» — «Օսասունա» 0-1

«Բարսելոնա» — «Գրանադա» 4-0

«Ռեալ Սոսյեդադ» — «Սելտա» 4-3

«Ալմերիա» — «ՌեալՄադրիդ» 0-5

«Ատլետիկա Մադրիդ» — «Խետաֆե» 7-0

«Լևանտե» — «Վիլյառեալ» 0-3

«Ռայո Վալյեկանո» — «Էսպանյոլ» 1-4

«Էլչե» — «Վալենսիա» 2-1

«Սևիլյա» — «Բետիս» 4-0

Ֆրանսիա

Ֆրանսիայում նույնպես մրցակցությունը մեծ չէ, բացի այդ՝ խաղամակարդակի առումով այստեղ երևի թե դեռևս միայն մեկբ արձրակարգ թիմ կա, որը որևէ խնդիր չունեցավ «Ռեյմսի» դեմ խաղում: ՊՍԺ-ն շարունակում է կայացման փուլը, և եթե Բլանին հաջողվի բալանսավորել պաշտպանությունում խաղը, թիմը կարող է լուրջ ակնկալիքներ ունենալ նաև ՉԼ-ում:

Իսկ ահա երկրորդ կառուցվող գրանդը՝ «Մոնակոն», դժվարին հաղթանակ տարավ ՄիշելՏեր-Զաքարյանի «Նանտի» նկատմամբ:

Արդյունքներ

«Այաչո»- «Մարսել» 1-3

«Ռեյմս» — ՊՍԺ 0-3

«Էվիան» — «Լորյան» 0-4

«Լիոն» — «Վալենսիեն» 1-1

«Մոնպելյե» — «Գենգամ» 1-1

«Ռեն» — «Բորդո» 1-1

«Սոշո» — «Բաստիա» 1-1

«Լիլ» — «Թուլուզ» 1-0

«Նիս» — «Սենտ-Էտիեն» 0-1

«Նանտ» — «Մոնակո» 0-1

Նախորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյան. Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր’
Հաջորդ հոդվածը‘Գուգարք գյուղում հրդեհի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացի’