‘Եվրոպական ուիքենդ. «Սիթին» չեմպիոնության գլխավոր հավակնորդ’

1101

Անգլիա

«Պրեմիեր լիգայի» նոր հազարամյակի ամենաանորոշ մրցաշրջանի վերաբերյալ Ժոզե Մոուրինյոն կարծիք հայտնեց, թե «այս մրցաշրջանում ճնշումը ամենաշատը «Մանչեստեր Սիթիի» վրա է»: Պորտուգալացին, իհարկե, այս մտքով փորձում էր է՛լ ավելի մեծացնել «քաղաքայինների» վրա ճնշումը, բայց ունենալով փայլուն կազմ և այս մրցաշրջանում նաև թոփ կարգի մասնագետ՝ նրանք ամենաշատը ունեն չեմպիոնության պահանջ: Մինչ «Արսենալի» դեմ խաղը «Սիթին» ներքին գրանդների հետ խաղերում միավոր էր կորցրել միայն «Չելսիի» դեմ խաղում, այն էլ՝ Հարտի՝ վերջին րոպեին թույլ տված կոպտագույն սխալի պատճառով: Այդ պարտությունից հետո «Սիթին» միայն հասունացավ և իվիճակի եղավ 2-0 ընթացող հանդիպման ելքը շրջել համաշխարհային ֆուտբոլի N1 «վիշապի»՝ «Բավարիայի» դեմ խաղում: «Արսենալի» հետ «Սիթին», սովորականի պես, հասուն էր՝ աշխատում էին և՛ հակագրոհները, և՛ եզրերից փոխանցումները, որոնցից հետո գոլերի թվով նրանք առաջինն են Անգլիայում: 6-3 հաշվով հաղթանակն ապացուցեց, որ Պելեգրինին ունի ամեն ինչ՝ Եվրոպայում իր առաջին տիտղոսը նվաճելու համար. իսկ ՉԼ-ում իրենց իրական ուժը ցույց տալու համար «փլեյ-օֆֆում» նրանց է սպասում Տատայի Բարսան:

Ինչ վերաբերում է «Արսենալին», որը վատ տեսք ունի «Էվերտոնի» դեմ խաղից սկսած, սա մրցաշրջանի ամենավատ շրջանն է դեռևս, որը նյարդայնացնում է բոլորին, հատկապես՝ Օզիլին, ով շատ տգեղ դրսևորվեց սեփական երկրպագուների առջև: Վենգերը պետք է փորձի ավելի հաճախ ռոտացիայի ենթարկել թիմի կազմը, որպեսզի «բոքսինգ դեյսից» հետո կարողանա լավ մարզավիճակ պահպանել «Բավարիայի» դեմ խաղերի համար:

Տուրի երկրորդ կենտրոնական՝ «Տոտենհեմ» — «Լիվերպուլ» խաղում որևէ պայքար տեղի չունեցավ: Մինչ հանդիպումը շատ էր խոսվում, որ «Տոտենհեմը» վերջապես սկսել է գտնել իր խաղը, և Ջերարդի բացակայության պայմաններում կարելի է հաղթանակ տանել «Լիվերպուլի» նկատմամբ և սկսել վերելք, բայց Վիլաշ-Բոաշի պաշտպանները պարզապես չկարողացան վերահսկել այս պահին երևի թե աշխարհի լավագույն հարձակվող կամ միգուցե նաև ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին: Միգուցե դա այդքան էլ ցավալի չէ, բայց 0-5 հաշիվը ամռանը «Պրեմիեր լիգայում» ամենաշատը գումար վատնած թիմի համար չափազանց է, և ինչպես այսօր առավոտյան պարզ դարձավ, «Տոտենհեմը» որոշեց պաշտոնանկ անել Անդրե Վիլաշ-Բոաշին:

Արդյունքներ

Գերմանիա

«Բավարիայի» խաղը, հնարավոր է, նույնքան գեղեցիկ չէր, որքան «Ալիանց Արենայում» մինչ «Համբուրգի» դեմ նախախաղային արարողությունը, բայց միևնույն է՝մյունխենցիները վաստակեցին հերթական 3 միավորն ու դարձան «Բունդեսլիգայի» ձմեռային չեմպիոն, բայց ինչպես Շահինն է նշում՝ «միամտություն կլիներ մտածել, որ «Բավարիայի» դեմ դեռևս հնարավոր է պայքարել չեմպիոնության համար: Պեպի թիմի խաղերում հաճախ տպավորություն է ստեղծվում, որ նրանք «միանում» են միայն խաղերի հաշիվը բացելուց հետո, ինչը ամենից հաճախ տեղի է ունենում 40-ից 60-րդ րոպեների ընթացքում: Ռոբբենի բացակայությամբ շարունակում է աճել Գյոտցեն, ով հերթական գոլից հետո նույնիսկ չի ցանկանում ջանք գործադրել և ժպտալ, միգուցե դրա կարիքը չկա էլ, բայց հնարավոր է՝ մի փոքր ավելի հաճախ են անհրաժեշտ միավորների կորստներ, որպեսզի ՉԼ-ում էլ նրանք չշարունակեն մնալ երկնքում՝ «Արսենալը» դա անելու համար վատ թեկնածու չէ:

Մյունխենցիների՝ նման վստահության պատճառներից մեկն էլ նրանց հետապնդողների՝ Լևերկուզենի «Բայերի» և Դորտմունդի «Բորուսիայի» վատ մարզավիճակն է: Առաջինները սեփական հարկի տակ անսպասելի պարտություն կրեցին «Այնտրախտից», իսկ «Բորուսիան» կրկին Մխիթարյանի և Լևանդովսկու վրիպումներով հագեցած զվարճալի երեկո անցկացրեց «Հոֆենհայմի» դեմ խաղում, որտեղ կարող էր ամեն ինչ շատ ավելի վատ ավարտ ունենալ:

Արդյունքներ

Իտալիա

«Սան Պաուլոյում» երկրպագուները ահռելի երկարությամբ պաստառ էին պատրաստել Մացարիի համար, ով կարծես ամբողջ հանդիպման ընթացքում «Նապոլիի» երկրպագուների արարքի ազդեցության տակ էր, իսկ այն մարդը, ում նման խնդիրները չէին հուզում, և ով ամբողջովին խաղի մեջ էր՝ Ռաֆայել Բենիտեսն էր, ով հստակ հասկանում է, որ ՉԼ-ից դուրս մնալը և «Սկուդետտոյի» հույսերը կորցնելը կարող է նրա վրա պաշտոնանկություն արժենալ: «Նապոլին» շատ ավելի լավն էր ամբողջ հանդիպման ընթացքում: Ստացվում էին թե՛ Ինսինյեի անցումները, թե՛ հարվածները, հաշիվը բացեց Իգուաինը, ով ամենաշատը կարիք ուներ նման գոլի, որպեսզի վերադարձներ իր ժպիտը «Արսենալի» դեմ արցունքներից հետո:

«Ինտերը» երկու անգամ վերադարձավ խաղ և պետք է մի փոքր էլ ավելացներ, որպեսզի կարողանար երկրորդ խաղակեսի միջնամասի առավելությունը վերածել գոլի, բայց երկրորդ դեղինը ստանալով՝ հեռացվեց Ռիկի Ալվարեսը, ով մեկ ամիս առաջ բոլորովին այլ խաղամակարդակի վրա էր: Արդյունքում՝ Կալյեխոնը խփեց «Սերիա Ա-ում» իր 8-րդ գոլը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում «Ինտերի» համար ավելի տգեղ հաշիվ կարող էր սարքել նախկին «ներաաձուրի» Գորան Պանդևը:

Այլ խաղերում իր ստամբուլյան անհաջողությունը «Սասուոլոյի» վրա «բարդեց» «Յուվենտուսը»: Կոնտեն, հնարավոր է, արդեն ձանձրանում է միայն «Սկուդետտոներով» և ամռանը կմտածի կա՛միր աշխատատեղը, կա՛մ թիմի կազմը զգալիորեն փոխելու մասին, իհարկե՝ կախված, թե որքանով թուրինցիների ղեկավարությունը կկարողանա ծախսել տրանսֆերների վրա:

Իսկ, ահա, տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա այսօր «Սան Սիրոյում», որտեղ նահանջելու տեղ չունեցող «Միլանը» կհյուրընկալի «Ռոմային», և որտեղ սպասվում է Ֆրանչեսկո Տոտտիի վերադարձը:

Արդյունքներ

Իսպանիա

Անչելոտիի «Ռեալը» կրկին մրցաշրջանի սկզբի գռեհիկ և անմիտ տեսքն ունի, որը կրկին խնդիրներ ունի երկրորդ հարկում, և որը հանդգնում է բողոքարկել մրցավարներից «Էլչեի» դեմ խաղում տեղի ունեցածից հետո: Ռոնալդուն վատ երեկո չի անցկացնում, բայց քիչ տարածություններ է ունենում վտանգ ստեղծելու համար, մի քանի փորձ է կատարում կենտրոնից, բայց դա միայն հաստատում է, որ պորտուգալացուն կամ ազատ գոտիներ են պետք, կամ ազատ գոտիներ, այլ դիրքերում նա քիչ բան ունի անելու: Մեկ այլ աստղ՝ Բեյլը նույն խաղամակարդակին է, ինչ նույն Խեսեն: Խաղից հետո Բարսայի նախկին կանտերանո Օրիոլ Ռիերան, ով «դուբլի» հեղինակ էր դարձել, հստակ է՝ «Մենք երկու գրանդների հետ էլ ոչ-ոքի խաղացինք, բայց եթե Բարսան ուղղակի չկարողացավ իրացնել իր պահերը, ապա «Ռեալի» դեմ խաղում մենք նրանցից ավելի լավ տեսք ունեինք»: Միավորների կորուստ, որը արդեն լուրջ ահազանգ է Անչելոտիի համար, քանի որ բացի 2 միավորներից՝ նա հաջորդ տուրում կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղում մնաց առանց կենտրոնական պաշտպանների:

Իսկ առաջատարները շարունակում են իրենց պայքարը անտեսելով «սերուցքայիններին»: «Բարսելոնան» ինչպես և «Սելտիկի» դեմ խաղում թարմ տեսք ուներ և «Պրիմերայի» լավագույն թիմերից մեկի դեմ խաղում գերիշխում էր ամբողջ հանդիպման ընթացքում: Տատայի սաների գլխավոր խնդիրը գրահները եզրափակելն էր, որտեղ հատկապես չէր ստացվում աջ եզրում Մոնտոյայի խաղը, ով հանգիստ կարող է իր համար նոր ակումբ ման գալ, և ստանդարտների խաղարկումները: Ամեն դեպքում Նեյմարը շարունակում է ավելի մեծ ազատություն նվաճել «Կամպ Նոուում» և տոներից հետո Մեսսիի և Վալդեսի և Ալվեսի հետ Բարսան պետք է ավելի լավ տեսք ունենա:

«Ատլետիկոն» էլ սպասվածից ավելի դժվարություններ ունեցավ «Վալենսիայի» դեմ խաղում, չնայած նրան որ արդյունքում «չղջիկներին» հաղթեց 3-0 հավով և եթե ևս մեկ գոլի հեղինակ դառնար կշրջանցեր Բարսային:

Արդյունքներ

Նախորդ հոդվածը‘DM. գիտնականները կազմել են ամենանշանավոր պատմական անձանց ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ճիշտ հարցադրման դեպքում Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության, այսպես կոչված, խնդիրը նույնպես կարելի էր լուծել’