‘Եվրոպական ուիքենդ. Վան Պերսին կրկնում է Ադեբայորի արարքը, իսկ Յուվեն մոտենում է «Ռոմային»’

1115

Անգլիա

«Ստեմֆորդ Բրիջը» չի հասկանում` ինչ է կատավում, Մոուրինյոն կրկին խուճապի մեջ է, նա այստեղ երբեք չի պարտվել (պարտվել է միայն ՉԼ-ի խաղարկությունում «Բարսելոնային»), իսկ «Չելսին» «Վեսթ Բրոմվիչին» սեփական հարկի տակ չի պարտվել 1978-ից սկսած: Եվ երբ «յուրահատուկը» արդեն հերթական՝ իրականում ձանձրալի խոսքեր է մտածում` հերթական պարտության մեղավորությունը խաղացողների վրա բարդելու համար, Ռամիրեսը 11-մետրանոց է վաստակում, որը կարող էր և չլինել, եթե ընդամենը մեկ րոպե առաջ հյուրերն իրենց հակագրոհի ժամանակ թողնեին, որ գնդակը դուրս գար դաշտի սահմաններից, այլ ոչ թե 50 մետրից հարվածեին Չեխի դարպասներին: Ազարը չի վրիպում. ոչ-ոքի, որն այս թիմերի միջև «Չելսիի» խաղադաշտում վերջին անգամ գրանցվել էր 1988-ին: Բայց «Չելսիին» չի կարողանում շրջանցել Վիլաշ Բոաշի «Տոտենհեմը», ում խաղացողներին պարզապես թույլ չի տալիս գոլ խփել Տիմ Կրուլը: Ամեն դեպքում՝ Ժոզեն մրցաշարային աղյուսակի վերաբերյալ մտահոգվելու շատ պատճառներ ունի: «Պրեմիեր լիգայի» ամենամարզչական թիմը՝ «Սաութհեմփթոնը», հերթական հաղթանակն է տանում և հայտվում 3-րդ հորիզոնականում: Նյարդայնացնում են նաև «Լիվերպուլի» 3 միավորները՝ փայլուն Սուարեսով. 4-0, և Ռոջերսի սաները ապացուցում են, որ նրանք բավականաչափ հասուն են «Արսենալից» կրած պարտությունը որպես ողբերգություն չընդունելու համար: Իսկ Պելեգրինիի «Սիթին» արդեն ոչ անակնկալ կերպով պարտվում է ետնապահ «Սանդերլենդին»:

Ուիքենդի կենտրոնական խաղից առաջ «Արսենալի» երկրպագունը իրենց նախկին կուռքի՝ Վան Պերսիի համար պաստառ էին պատրաստել, որում հոլանդացու՝ փոքր տարիքում «Արսենալի» մարզաշապիկով լուսանկարի տակ գրված էր. «Իմ միջի այս փոքրիկ տղան ինձ ասում է՝ դու ստախոս ես»: Հիշեցնելով Վան Պերսիի այն խոսքերը, որոնք նա ասաց ՄՅՈՒ տեղափոխվելիս՝ «պարզապես լսեցի իմ միջի փոքրիկ տղային»:

Վան Պերսին անկյունայինի խաղարկումից հետո օգտագործում է իր բարձր հասակը և ցուցադրաբար տոնում է գոլը, այնպես, ինչպես դա արեց Ադեբայորը: Գոլից հետո Մոյեսի սաները շարունակում են գռեհիկ ֆուտբոլ ցուցադրել և 2-րդ խաղակեսի սկզբում փակվում են սեփական տուգանայինի մոտ: Թվում է՝ շատ շուտ է դրա համար, բայց Օզիլը, ինչպես հաճախ է լինում մեծ երեկոների ժամանակ, քնած է. չի օգնում նաև աջ եզր տեղափոխվելը: Բարձրության վրա չեն նաև Ռեմսին և Կասորլան, իսկ Ժիրուն միշտ մի փոքր ուշացնում է հարվածը: Վենգերը օգնության է կանչում Բենդտներին, բայց դա միայն ապացուցում է, որ ժամանակն է իջնել երկնքից: 1-0, և Մոյեսի ու Վենգերի թիմերի միջև տարբերությունը հասնում է ընդամենը 5-ի:

Արդյունքներ

«Աստոն Վիլա» — «Քարդիֆ Սիթի» 2-0

«Չելսի» — «Վեսթ Բրոմվիչ» 2-2

«Լիվերպուլ» — «Ֆուլհեմ» 4-0

«Սաութհեմփթոն» — «Հալ Սիթի» 4-1

«Կրիստալ Պելաս» — «Էվերտոն» 0ժ0

«Նորվիչ» — «Վեսթ Հեմ» 3-1

«Տոտենհեմ» — «Նյուքասլ» 0-1

«Սանդերլենդ» — «Մանչեստեր Սիթի» 1-0

«Մանչեստեր Յունայթեդ» — «Արսենալ» 1-0

«Սուոնսի» — «Սթոք Սիթի» 3-3

Գերմանիա

«Վոլֆսբուրգը» լավ մարզավիճակում էր և «Բորուսիայի» դեմ ներկայացել էր ավելի թարմ, քան Կլոպի տղաները, ովքեր միայն Ռոյսի տուգանայինից են կարողանում բացել խաղի հաշիվը: Բայց ամեն ինչ փոխվում է Սուբոտիչի վնասվածքից հետո, ում համար մրցաշրջանն արդեն իսկ ավարտված է: «Բորուսիան» չի կարողանում կարգավարել խաղը առջևի գծում, այն կրկին հավասարվում է, իսկ Օլիչը վերհիշում է, որ ժամանակին հավակնում էր համարվել առաջնակարգ հարձակվող: «Վոլֆսբուրգը» վաստակում է 3 միավոր՝ «Բորուսիայի» համար գրեթե ավարտելով պայքարը հանուն չեմպիոնության: Հաջորդ տուրում Մխիթարյանի թիմը խաղալու է մրցաշրջանի կենտրոնական հանդիպումը «Բավարիայի» դեմ, որը, ճիշտ է, նույնպես չի փայլում և հաճախ նույնիսկ ձանձրացնում է, բայց շարունակում է նոր ռեկորդներ սահմանել: «Աուգսբուրգի» դեմ հաղթանակից հետո բավարացիները, գերազանցելով «Համբուրգի» 30 տարի առաջվա ռեկորդը, վերածվում են առաջին թիմի, որը չի պարտվել 37 խաղ անընդմեջ:

Եվ եթե դուք որևէ հանդիպում պատրաստվում եք դիտել, ապա ընտրեք «Բայեր 04» — «Համբուրգ» հանդիպումը, որտեղ գրանցվեց 8 գոլ և կարող էր գրանցվել շատ ավելին:

Վերջում «Շտուտգարտի» կիսապաշտպան Թիմո Վերները ապացուցում է, որ «Բունդեսլիգան» չի դադարում տաղանդներ արտադրել: «Ֆրայբուրգի» դեմ խաղում 82-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպաստը՝ Վերները վերածվում է «Բունդեսլիգայում» «դուբլ» ձևակերպած ամենաերիտասարդ խաղացողի:

Արդյունքներ

«Հանովեր» — «Այնտրախտ» Բրաունշվեյգ 0-0

«Բայեր 04» — «Համբուրգ» 5-3

«Բավարիա» — «Աուգսբուրգ» 3-0

«Հոֆենհայմ» — «Հերտա» 2-3

«Շալկե 04» — «Վերդեր» 3-1

«Վոլֆսբուրգ» — «Բորուսիա Դորտմունդ» 2-1

«Բորուսիա Մյունխենգլադբախ» — «Նյուրնբերգ» 3-1

«Մայնց» — «Այնտրախտ» 1-0

«Ֆրայբուրգ» — «Շտուտգարտ» 1-3

Իսպանիա

Ռոնալդուն շարունակում է ինչպես անկասելի մեքենա, շարունակում է «հեթ-տրիկներ» ձևակերպել իսպանական միջակների դեմ և յուրաքանչյուր գոլը տոնում է ամենահրահրող ձևով, որով հնարավոր է դա անել: «Բերնաբեուն» Կրիշտիանոյի կողքին է, նրանք հիանում են, թե ինչպես է 29-ի մոտ գտվող իրենց կուռքը Բլատերի խոսքերը կուտակում և արտահայտում խաղադաշտում, մադրիդցի երկրպագուները սկսում են վանկարկումներով «Ոսկե գնդակ» պահանջել իրենց «մեքենայի» համար՝ չցանկանալով ընդունել, որ ՖԻՖԱ-ն վերջին տարիներին կարևորում է տաղանդն ու հանճարը, այլ ոչ թե այն, թե որքան է շքեղացել այդ «մեքենան»: Այդ իսկ պատճառով ծնունդով բոսնիացի, ծնունդով ալժիրցի և հատկապես՝ արմատներով մի կարճահասակ տղա, ավելի շատ շանսեր ունեն «Ոսկե գնդակը» ստանալու: Իսկ բացի Ռոնալդուից, Անչելոտտին, կարծես համոզվելով, որ այստեղ կոմբինացիոն ֆուտբոլ սկսելը շատ ժամանակ կպահանջի և հնարավոր է նաև աշխատանքից զրկվելու արժեք ունենա, անցնում է «Մոուրինյո ռեժիմի», որից ամենաշատը օգտվում է Բեյլը, իսկ ամենաշատը տուժում Իսկոն: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նա սկսել մրցաշրջանը:

Հաղթանակը «սերուցքայիններին» ոչ միայն «Ոսկե գնդակի» մասին երազելու հնարավորություն է տալիս, այլև մոտեցնում է «ներքնակավորներին», ովքեր միավորներ են կորցնում «Էլ Մադրիգալում», որտեղ հաղթանակի ավելի արժանի էին «Վիլյառեալի» խաղացողները:

Իսկ ահա առաջատարը՝ Բարսան, միավորներ չի կորցնում՝ չնայած շատ դժվար է մեկնարկում «կարտոֆիլի դաշտ» հիշեցնող խոտածածկում (այսպիսի խոտածածկ Բարսայի համար երևի թե վերջին անգամ պատրաստել էր Մոուրինյոն 2006-ին): Հանդիպման 22-րդ րոպեին Տատան հերթական անգամ ստիպված փոխարինում է մկանային խնդիրներից տառապող Մեսսիին: Հնարավոր է՝ Լեոն իրոք պատրաստվում է «Մունդիալին», իսկ հնարավոր է՝ պատճառը վատ միջմրցաշրջանային պատրաստվածությունն է: Մի բան հստակ է՝ մենք ամբողջ ճշմարտությունը չգիտենք: Բացառված չէ, որ Մեսսին ուժեր է խնայում, բայց հենց փորձում է ավելին անել, մկանները նրան դավաճանում են: Լեոյի վնասվածքը «կուլեներին» այս պահին ավելի է հուզում, քան «տիկի-տակայից» «տիկի Տատա» անցումը: Բայց լավ երևույթները այստեղ ևս քիչ չեն: Առաջինը Վալդեսն է՝ մոռացեք Դե Խեայի կամ Դիեգո Լոպեսի մասին, այս պահին հենց նա է լավագույն իսպանացի դարպասապահը: Բարտրան, ով այնքան է կայացել, որ իրեն կարողանում է թույլ տալ բղավել նույնիսկ Պույոլի վրա, և Սեսկ-Նեյմար զույգը, ովքեր կարողանում են նվազեցնել Մեսսիից կախվածությունը: Բայց ամենագեղեցիկը «Բետիսի» երկրպագուներն էին, ովքեր երկրում ճգնաժամի ժամանակ գնելով մրցաշրջանում ամենաթանկարժեք խաղի տոմսերը՝ 4-0 հաշվի ժամանակ այնպես էին աջակցում իրենց թիմին, որ կարծես Բարսայի խաղացողներն էլ, ցանկանալով տեսնել դա, կանգնեցին և 11-մետրանոցից թույլ տվեցին «պատվի գոլ» խփել Մոլինային:

Արդյունքներ

«Օսասունա» — «Ալմերիա» 0-1

«Գրանադա» — «Մալագա» 3-1

«Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդադ» 5-1

«Խետաֆե» — «էլչե» 1-1

«Ատլետիկ Բիլբաո» — «Լևանտե» 2-1

«Սելտա» — «Ռայո Վալյեկանո» 0-2

«Էսպանյոլ» — «Սևիլյա» 1-3

«Վալենսիա» — «Վալյադոլիդ» 2-2

«Վիլյառեալ» — «Ատլետիկո Մադրիդ» 1-1

«Բետիս» — «Բարսելոնա» 1-4

Իտալիա

Այն, որ «Ռոման» ծանր է՝ մրցաշրջանի մեկնարկի համեմատ, խոսվում է արդեն մեկ ամսից ավելի, բայց «Տորինոյի» դեմ խաղում միավորներ կորցնելը ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան պետք է ունենար: Առանց Տոտտիի և Ժերվինյոյի, Լյայիչը Գարսիային միայն ապացուցում է, որ նա ճիշտ էր վարվում՝ թողնելով իրեն պահեստայինների նստարանին: «Սասուոլոն», որն արդեն միավորներ էր խլել «Նապոլիից», վերջում վերցնում է գնդակը և սկսում ճնշել մրցակցին, Դե Սանկտիսը կատարում է երեկոյի «սեյվը», թվում է՝ ամեն ինչ ավարտված է, բայց «Սերիա Ա-ի» նորեկը ևս մեկ գրոհ է կազմակերպում մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին՝ 1-1:

Շարունակում է միավորներ կորցնել նաև «Միլանը», որին ո՛չ կարգը, ո՛չ էլ ցանկությունը չեն բավականացնում հաղթանակ տանել առաջնության ամենաթույլ թիմերից մեկի՝ «Կիևոյի» դեմ խաղում: Մեկ այլ Միլանյան թիմ՝ «Ինտերը», կրկին հաղթում է, որտեղ ամենակարևորը Զանետտիի խաղադաշտ վերադարձն է, արգենտինացին «Սերիա Ա-ում» անցկացնում է իր 604-րդ խաղը և այս պահին հետ է մնում միայն Պաոլո Մալդինիից, ով մասնակցել է 647 հանդիպման: Ամեն դեպքում՝ Մացարիի թիմը դեռևս «Սկուդետտոյի» մասին չի մտածում, կարևորը մինչ ակումբի հավանական վաճառքը էլիտա վերադառնալն է:

Իսկ կիրակի ուշ երեկոյան Թուրինում Յուվեն ու «Նապոլին» սկսում են «Ռոմային» հասնելու պայքարը, որտեղ հյուրերը մահանում են արդեն երկրորդ րոպեին Լյորենտեի խաղից դուրս վիճակից արած կրակոցից: Երկրորդ խաղակեսում Կոնտեի սաները մի քանի անգամ Բուֆոնի վրա են հույսները դնում, իսկ մի փոքր հետո Պիրլոն հաստատում է, որ այս պահին նա համաշխարհային ֆուտբոլում ամենաշատն է նման նկարչի, և ոչ միայն արտաքնապես: Ոտնաթաթի դրսի հարվածով կատարած հարվածը  չի հավակնի «Պուշկաշ» մրցանակի, բայց ֆուտբոլի իրական սիրահարները վստահաբար կտարբերեն այս և, օրինակ, Ալթինթոփի պարզապես ոտքին «նստած» հարվածների կարգերի տարբերությունը: Մի քանի րոպե հետո էլ Պոգբան ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում՝ Մարկիզիոյին ստիպելով մտորել ՄՅՈՒ-ի տարբերակի մասին: «Ռոման» մինի ճգնաժամի մեջ է, և Յուվեն պատրաստ է վերադարձնել իր տեղը:

Արդյունքներ

«Կատանիա» — «Ուդինեզե» 1-0

«Ինտեր» — «Լիվորնո» 2-0

«Ջենոա» — «Վերոնա» 2-0

«Ատալանտա» — «Բոլոնյա» 2-1

«Կալյարի» — «Տորինո» 2-1

«Կիևո» — «Միլան» 0-0

«Պարմա» — «Լացիո» 1-1

«Ռոմա» — «Սասուոլո» 1-1

«Ֆիորենտինա» — «Սամպդորիա» 2-1

«Յուվենտուս» — «Նապոլի» 3-0

Ֆրանսիա

Ֆրանսիայում է՛լ ավելի է ընդգծվում ՊՍԺ-ի կարգի տարբերությունը մնացած թիմերի, այդ թվում՝ նաև «Մոնակոյի» հանդեպ: Այն, որ Ռանիերին որևէ տեղ հստակ խաղ չի կարողացել կառուցել, նորություն չէ, և հենց այդ պատճառով անհասկանալի է թվում՝ ով և ինչ պատճառով է Ռիբոլովլևին խորհուրդ տվել Ֆալկաոյի, Մոուտինյոյի և Աբիդալի կարգի աստղերին վստահել իտալացուն, ով վերջին անգամ տիտղոս է նվաճել 2004-ին, որը իր կարիերայի ընդամենը 2-րդ գավաթն էր: «Էվիանի» դեմ պարտությունից խուսափել օգնում է Ֆալկաոն, ով թվում է, որ, ամեն դեպքում, մտորում է «Լա լիգա» վերադառնալու մասին:

Իսկ ահա ՊՍԺ-ն անկասելի է: Բլանի սաները մի փոքր կարծես թե վերածվում են «Զլատան Իբրահիմովիչ» ակումբի, բայց դա մարզչին թույլ է տալիս միավորներ վաստակել և շարունակել կառուցել թիմը ՉԼ-ի «փլեյ-օֆֆ» փուլի համար: Իսկ Իբրահիմովիչը երևի թե այս պահին «Ոսկե գնդակի» հավակնորդներից լավագույն մարզավիճակում է, և կարծես հենց նրա համար Բլատերը որոշեց, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի եզրափակչում սովորական 3 մասնակցի փոխարեն այս տարի կլինեն 5-ը՝ Մեսսի, Ռիբերի, Ռոնալդու, Իբրահիմովիչ և կրկին Մեսսի՞, այլապես ո՞վ:

Հաղթանակ է տանում նաև Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը»՝ 0-3 հաշվով ջախջախելով «Բորդոյին», և ամրապնդվում է 4-րդ հորիզոնականում:

Արդյունքներ

«Մոնակո» — «Էվիան» 1-1

ՊՍԺ — «Նիս» 3-1

«Բաստիա» — «Ռեն» 1-0

«Գենգամ» — «Լիլ» 0-0

«Լորյան» — «Ռեյմս» 0-0

«Թուլուզ» — «Այաչո» 1-1

«Վալնեսիեն» — «Մոնպելյե» 1-1

«Բորդո» — «Նանտ» 0-3

«Մարսել» — «Սոշո» 2-1

«Սենտ-էտիեն» — «Լիոն» 1-2

Նախորդ հոդվածը‘Բուռն քննարկում ԱԺ-ում. օրակարգից հանվեց «Կանանց և տղամարդկանց հավասարության մասին» օրենքի նախագիծը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային’