‘Եվրոպական օմբուդսմենը հերքել է Ադրբեջանի օմբուդսմենի տարածած ապատեղեկատվությունը’

698

Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը նոյեմբերի 14-ին հայտարարություն է տարածել, որով հերքել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի օմբուդսմենի կայքէջում տեղ գտած ապատեղեկատվությունը:

Եվրոպայի Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեի հայտարարության մեջ, որն iLur.am-ին փոխանցեցին ՀՀ ՄԻՊ գրասենյակից, մասնավորապես ասվում է. «Ի պատասխան կայքի հոդվածին Եվրոպական օմբուդսմենի ինտիտուտը հայտնում է, որ այն տեղեկատվությունը, թե պարոն Յուրի Հայրապետյանը հեռացվել է կոնֆերանսից, իրականությանը չի համապատասխանում: Յուրի Հայրապետյանը չի հեռացվել կոնֆերանսից: Ճշմարտությունն այն է, որ Գլխավոր քարտուղարը Գլխավոր Ասամբլեայի պաշտոնական հանդիպման ժամանակ արգելել է Ադրբեջանի ներկայացուցչին քաղաքական հայտարարություններ անել: Պարոն ՅուրիՀայրապետյանը` Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը տարիներ ի վեր հանդիսանում է Եվրոպայի Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «անհատական» անդամ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցած օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի 25-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի ելույթից հետո խոսք է խնդրել Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչը (օմբուդսմենը բացակայում էր)` բողոք հայտնելով համաժողովին ԼՂՀ օմբուդսմենի մասնակցության կապակցությամբ:

Միջադեպից հետո Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրվեց բացահայտ ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Ադրբեջանի ներկայացուցչի ելույթից հետո Յուրի Հայրապետյանին հեռացրել են համաժողովից: Ընդ որում, այս ապատեղեկատվությունը Ադրբեջանի օմբուդսմենի կայքէջում տեղադրվել էր միայն ադրբեջաներեն լեզվով:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների օմբուդսմենների համագործակցության և հետևողականության արդյունքում երեկ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը պաշտոնապես հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը:

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Հանրապետական կուսակցությունը թքած ունի մեր Սահմանադրության վրա. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ընդունել է Սերժ Սարգսյանին ‘