‘
Ո՞վ էր Եվրոպայի առաջնության ամենաարագ ֆուտբոլիստը, քանի՞ տարեկան է եզրափակչին մասնակցած Ռենատու Սանշեշը, ովքե՞ր են ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել։ Ներկայացնում ենք Եվրո-2016-ի ամենակարևոր թվերը։
0 — Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչը Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին եզրափակիչն էր, որի հիմնական ժամանակում գոլեր չեն արձանագրվել։
4 — Աարոն Ռեմզին և Էդեն Ազարն ամենաշատ գոլային փոխանցումներն են կատարել։ Նրանց օգնությամբ թիմակիցներն աչքի են ընկել 4 անգամ։
6 — Անտուան Գրիզմանը դարձավ 6 գոլի հեղինակ։ Միայն նրա հայրենակից Միշել Պլատինիին է հաջողվել մեկ առաջնության (Եվրո-1984) ընթացքում ավելի շատ գոլ խփել։
9 — Ուելսի դեմ կիսաեզրափակիչ խաղում դառնալով գոլի հեղինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն կրկնեց Միշել Պլատինիի ռեկորդը։ Ռոնալդուն և Պլատինին կիսում են Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի կոչումը՝ 9-ական գոլ։
18 տարեկան, 328 օրական — Ռենատու Սանշեշը դարձավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Ուշագրավ է, որ նա գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը․ Եվրո-2004-ի՝ Հունաստանի դեմ եզրափակչին Ռոնալդուն մասնակցել է 19 տարեկան, 150 օրական հասակում։
27 — Իսլանդիայի հավաքականի դարպասապահ Հաննես Հալդոուրսոնն այս առաջնությունում ամենաշատ սեյվերն է կատարել։
32,8 — Եվրոպայի առաջնության ամենաարագ ֆուտբոլիստը Կինգսլի Կոմանն էր։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 32․8կմ/ժ արագություն է զարգացրել։ Նրան մի փոքր զիջում է բելգիացի Յաննիկ Կարասկոն՝ 32․3կմ/ժ
40 տարեկան, 86 օրական — Հունգարիայի հավաքականի դարպասապահ Գաբոր Կիրայը դարձավ Եվրոպայի առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը։
41 — Պորտուգալիայի հավաքականը վերջին 41 տարվա ընթացքում առաջին անգամ կարողացավ հաղթել Ֆրանսիային։ 1975 թվականին Նենեի և Մարինյուի գոլերի շնորհիվ տոնած հաղթանակից հետո Պորտուգալիային չէր հաջողվել առավելության հասնել Ֆրանսիայի նկատմամբ։
66․67% — Այսպիսին է 11-մետրանոցների իրացման ցուցանիշը։ 1972 թվականից հետո սա վատագույն ցուցանիշն է (50%)։
100 — Ռոբերտ Լևանդովսկին խփեց Եվրոպայի առաջնությունների երկրորդ ամենաարագ գոլը՝ աչքի ընկնելով արդեն 100-րդ վայրկյանին։ Այս ցուցանիշով առաջին հորիզոնականում Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Կիրիչենկոն է, ով Եվրո-2004-ի ժամանակ աչքի է ընկել 67-րդ վայրկյանին։
108 — Եվրոպայի առաջնության 51 խաղում արձանագրվեց 108 գոլ, մեկ խաղում միջինը 2․12 գոլ։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության հետ համեմատած, արդյունավետությունը նվազել է․ Լեհաստանում և Ուկրաինայում կայացած առաջնությունում հավաքականները մեկ խաղում միջինը 2․45 գոլ են խփել։
600 — Չնայած Իսլանդիայի դեմ խաղում Նանիի գոլը հաղթանակ չպարգևեց Պորտուգալիային՝ այդ գնդակը նշանավոր է, քանի որ Եվրոպայի առաջնությունների 600-րդ գոլն է։
2 427 303 — Այսքան երկրպագու մարզադաշտերից հետևել է Եվրոպայի առաջնության խաղերի
‘