Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»: Գլազգոյի «Այբրոքս» ստադիոնում տեղի ունեցած խաղում Շոտլանդիայի չեմպիոնն առաջին խաղակեսի վերջնամասում մնաց 10 խաղացողներով, սակայն ընդմիջումից հետո կարողացավ հաղթանակ կորզել։ Խաղի միակ գոլը 67-րդ րոպեին խփեց կոլումբացի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանում:
Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:
Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, առաջին հանդիպում
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) — «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1:0 (տեսանյութ)
Ալֆրեդո Մորելոս, 67
Հեռացում` Ջոն Լանստրեմ, 43 («Գլազգո Ռեյնջերս»)