‘Եվրոպայում հետախուզվում է դոկտոր Լեկտերի երկրպագուն’

1236

Լեհաստանը կալանքի եվրոպական օրդեր է տվել մի մարդու համար, որը կասկածվում է երիտասարդ  կնոջ դաժան սպանության մեջ: Հանցագործը գլխատել է զոհին ու մասնատել մարմինը, ապա, ամենայն հավանականությամբ, փախել է Արևմտյան Եվրոպա, փոխանցում է Le Parisien պարբերականը:

Կասկածյալ Կայետան Պոզնանսկին 30 տարեկան է, մասնագիտությամբ՝ գրադարանավար: Վարշավայի դատարանի մամլո քարտուղարի խոսքով՝ նա հասարակական մեծ վտանգ է ներկայացնում, թեպետ քրեական անցյալ չունի: Նաև հայտնի չէ, թե արդյո՞ք նա տառապում է հոգեկան խանգարումներից: Լրագրողները պարզել են, որ Պոզնանսկին նախկինում հրապարակային դասախոսություններ է կարդացել հին պոեզիայի վերաբերյալ՝ դրանք ուղեկցելով բռնության տեսարաններ պատկերող նկարներով, նա սամուրայական սրերի հավաքածու է ունեցել, նաև «Գառների լռությունը» ֆիլմի գլխավոր հերոսի՝ սերիական մարդասպան Հաննիբալ Լեկտերի մոլի երկրպագուն է եղել (ֆիլմում այդ կերպարը կերտել է Էնտոնի Հոփկինսը):

Մոլագարի զոհը իտալերենի 30-ամյա ուսուցչուհի էր, նա փետրվարի 3-ին Պոզնանսկուն պարապմունք է նշանակել իր տանը: Մարդասպանը սամուրայական թրով սպանել ու մասնատել է զոհին, ապա դիակի մի մասը տաքսիով տարել է իր տուն՝ վարորդին ասելով, որ խոզի միս է տանում: Թաքնվելուց առաջ Պոզնանսկին հրկիզել է իր բնակարանը: Հրդեհը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են կնոջ մասունքները. մարմինը եղել է ճամփորդական պայուսակի մեջ, իսկ գլուխը՝ ուսապարկում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴԿԿ-ում ուզում են չեղյալ հայտարարել 1921 թ. պայմանագիրը Թուրքիայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում բախվել են մարդատար գնացքներ, կան զոհեր’