‘Եվրոպան դեռևս «անգլիական է…»’

1811

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկային երեք տուրից հետո բարձր ծածանվում է Անգլիայի դրոշը: «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» առավելագույն միավորներ են հավաքել: «Չելսին» առաջինն է իր խմբում: «Տոտենհեմը» և «Լիվերպուլը» բաժանում են առաջին տեղը Մադրիդի «Ռեալի» ու Մոսկվայի «Սպարտակի» հետ: Ավելի հեշտ է դառնում պատկերացնել, որ 2018 թվականիի մայիսի 26-ին Կիևում որևէ անգլիական թիմ կխաղա: Անգլիացիների վերջին հաղթանակը 2012 թվականին էր, երբ դի Մատտեոյի գլխավորած «Չելսին» հաղթեց Մյունխենի «Բավարիային»: Դրոգբայի դիպուկ 11-մետրանոցի լուսանկարն արդեն հինգ տարեկան է և սկսում է խամրել: Հինգ տարվա ընդմիջումը և Բրեքզիթը հետևում թողնելով` անգլիական ֆուտբոլն այլ հաղորդագրություն է ուղարկում. ցանկանում են նվաճել Եվրոպան:

Պատճառները: Նման մեկնարկից հետո հարց է առաջանում, թե որոնք են վերադարձի պատճառները: Հիմնականը երկուսն են` մարզիչները և ակումբների հարստությունը: Սկսենք առաջինից: Մանչեսթերի երկու թիմերը ղեկավարում են մարզիչներ, որոնք փորձ ունեն Չեմպիոնների լիգայում: Ժոզե Մոուրինյոն առաջինն է ցանկում` Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրած 136 խաղով, Պեպ Գվարդիոլան երկրորդն է` 97 խաղով: Յուգեն Կլոպը յոթերորդն է` 40-ով: Կոնտեն ընդամենը 13 խաղ է անցկացրել, բայց իտալացին երկու տարի հավաքականն է մարզել, իսկ անցած մրցաշրջանում «Չելսին» չի մասնակցել եվրոպական մրցաշարերին: Պոչետինոն 9 խաղ է անցկացրել:

Մոուի գործոնը: Մոուրինյոն երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում երկու ակումբների հետ և լավ է ճանաչում խաղի կանոնները: Նրա վերջին հաղթանակը մրցաշարում 2010 թվականին էր, երբ «Ինտերը» Մադրիդում նվաճեց գավաթը: Դեկտեմբերին կվերադառնա Իբրահիմովիչը, որը կարող է ուժեղացնել թիմի խաղը մրցաշրջանի կարևոր պահին: Բացի դրանից, «Յունայթեդը» խաղում է Մոուրինյոյի ոճով. թիմը լավագույն պաշտպանությունն ունի մրցաշարում «ՊՍԺ»-ից հետո: «Յունայթեդը» վերջին անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 2008 թվականին՝ Մոսկվայում պարտության մատնելով «Չելսիին»: Դրանից հետո միայն հիասթափություններ են եղել, և ակումբն երկու անգամ պարտվել է եզրափակչում «Բարսելոնային»:

Պեպի ցանկությունը: Գվարդիոլան նույնպես երկու անգամ հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ինչի շնորհիվ նրան հրավիրեցին «Մանչեսթեր Սիթի»: Շեյխ Մանսուրին չեն բավարարում ազգային առաջնության չեմպիոնի տիտղոսները. Չեմպիոնների լիգան առաջին տեղում է: «Սիթին» հավանաբար լավագույն ֆուտբոլն է խաղում Եվրոպայում. «Նապոլիի» հետ խաղի առաջին կես ժամն անհավատալի էր: Գվարդիոլան չկարողացավ «Բավարիայի» հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց եթե կարողանա անել դա «Սիթիի» հետ, ֆուտբոլի պատմության նոր էջ կգրի:

Կլոպը բարձունքում չէ: Գերմանացին դժվար օրեր է ապրում: «Լիվերպուլն» առաջնությունում լավ հանդես չի գալիս: Կլոպը հասել է եզրափակիչ Դորտմունդի «Բորուսիայի» հետ 2013 թվականին: Հաղթեց «Բավարիան», բայց դորտմունդցիները դաշտից դուրս եկան գլուխները բարձր: «Լիվերպուլը» հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան/գավաթը, բայց ներկայիս թիմը կարծես թե ի վիճակի չէ կրկնել անցյալի սխրանքները: «Կարմիրների» վերջին հաջողությունը 2005 թվականին էր` «Միլանի» հետ դիտարժան եզրափակչում:

Սըր Կոնտե: Անտոնիո Կոնտեի և «Չելսիի» պատմությունը Չեմպիոնների լիգայում չի կարող համեմատվել Մոուրինյո-Գվարդիոլա զույգի և «Յունայթեդի» ու «Լիվերպուլի» հետ, բայց «Կապույտները» փայլուն մեկնարկեցին մրցաշարում: Սկզբում 6-0 հաշվով հաղթեցին «Ղարաբաղին», հետո` 2-1 հաշվով «Ատլետիկոյին»: «Ռոմայի» հետ խաղն ոչ-ոքի ավարտվեց: Կոնտեն չունի մանչեսթերյան ակումբների տեխնիկական ռեսուրսները, բայց Չեմպիոնների լիգայում կարող է հաջողության հասնել` տրամաբանական ավարտին հասցնելով իր եվրոպական պատմությունը «Յուվենտուսի» հետ հիասթափություններից հետո:

Պոչետինոյի անակնկալը: Մադրիդում «Տոտենհեմը» զարմացրեց «Ռեալին»: «Մենք հաղթահարում ենք «Ուեմբլիի» բարդույթը, սկսում ենք մեզ զգալ` ինչպես մեր մարզադաշտում»,- ասաց արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Լիվերպուլին» հաղթելուց հետո: «Տոտենհեմը» երիտասարդ թիմ ունի, իսկապես կարող է լինել մրցաշարի անակնկալը:

Փող աստվածը: Մեծ վերադարձի մյուս կողմը փողն է: «Յունայթեդը» գնահատվում է մոտ 3.14 միլիարդ եվրո և, ըստ «Ֆորբսի» դասակարգման, աշխարհի ամենաթանկ ակումբն է: Մանկունիացիներին հետևում են «Բարսելոնան», «Ռեալը» և «Բավարիան»: Հինգերորդը «Սիթին» է` 1.77 միլիարդ եվրոյով: «Չելսին» յոթերորդն է, «Լիվերպուլը»` ութերորդը, «Տոտենհեմը»` տասներորդը: «Յունայթեդը» կարող է դառնալ առաջին թիմը, որը կհաղթահարի մեկ միլիարդ եկամուտի շեմը: Այս միջոցներով ձեռք են բերում ուժեղ խաղացողներ և ամրացնում կազմը: Մանչեսթերի երկու ակումբները վերջին երկու տարում խելագար ծախսեր են արել` 462 միլիոն եվրո` «Սիթին», 350 միլիոն եվրո` «Յունայթեդը»: Փողը երջանկություն չի գնում, բայց օգնում է ավելի լավ ապրել: Այն ոչ միշտ է հաղթանակ բերում, բայց առանց փողի ֆուտբոլում ոչ ոք ապագա չունի:

Նախորդ հոդվածը‘«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը` «Շիրակի» դեմ խաղից հետո միջադեպի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է անձրև’