‘
Եվրոպական պետությունները հայտարարել են, որ հավատարիմ են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրին, սակայն մերժում են Թեհրանի կողմից հնչող ցանկացած վերջնագիր:
Չորեքշաբթի Իրանը հայտարարել էր, որ դադարեցնում է միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թ. կնքված պայմանագրի երկու պարտավորություններ՝ ի պատասխան ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների, որոնք սահմանվել են անցյալ տարի:
Բացի այդ, երկրի նախագահ Հասան Ռոուհանին սպառնացել էր 60 օրից վերսկսել գերհարստացված ուրանի արտադրությունը, եթե երկիրը չպաշտպանեն պատժամիջոցների հետևանքներից:
Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են, թե անհանգստացած են այդ քայլով:
Միջուկային գործարքի համաձայն՝ Իրանը համաձայնել էր մասամբ կասեցնել միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցները մեղմացնելու դիմաց: Սակայն մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից՝ այն անվանելով «սարսափելի միակողմանի», և սկսեց վերականգնել պատժամիջոցները:
Փոխանցել է BBC-ն:
‘