Ռուսաստանյան գազի այլընտրանքի փնտրտուքը Եվրամիության ներկայացուցիչներին հասցրել է Ադրբեջան՝ ավտորիտար ռեժիմով մեկ այլ երկիր։ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքուն անվանում է հուսալի առանցքային գործընկեր, մինչդեռ ադրբեջանական ընդդիմությունը դա դավաճանություն է համարում․ քննադատների կարծիքով՝ Ադրբեջանը չի կարող բավարարել եվրոպացի սպառողների պահանջմունքները, բայց դրա փոխարեն՝ նման այցերն ամրացնում են Իլհամ Ալիևի իշխանությունը։
Ամռանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել էր Բաքու՝ Ալիևի հետ հանդիպման։ Եվրոպացի պաշտոնյան լայն ժպտում էր՝ սեղմելով Ալիևի ձեռքն այն բանից հետո, երբ նրանք պայմանավորվել էին առաջիկա հինգ տարում կրկնապատկել գազի մատակարարումը Ադրբեջանից, ինչը, ֆոն դեր Լյայենի գնահատմամբ, պետք է օգնի լրացնել ռուսաստանյան գազի մատակարարման կրճատումը։
Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստները եզրակացրել են, որ Եվրոպային ամենևին չեն հետաքրքրում մարդու իրավունքների խախտումները։ Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բախտիար Հաջիևի բնորոշմամբ՝ «Եվրամիությունն ավորիտար առաջնորդի կողմից ղեկավարվող մի երկրից իր էներգետիկ կախվածությունը փոխարինում է մեկ այլ ավտորիտար առաջնորդի կողմից ղեկավարվող երկրի գազով ու նավթով»։ Իսկ ֆրանսիացի 50 քաղաքական գործիչներ ուղերձ էին ստորագրել՝ հայտարարելով, որ ընտրելով Ադրբեջանը՝ Եվրոպան թուլացնում է ինքն իրեն և ուժեղացնում Իլհամ Ալիևի բռնապետությունը։
Ֆոն դեր Լյայենն ինքը երբևէ չի մեկնաբանել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։ Մի կողմից՝ դա այնքան էլ իր գործունեության ոլորտը չի, բայց մյուս կողմից էլ՝ դա չի խանգարել, որ նա այդ թեմային անդրադառնա, դիցուք, Թուրքիայի դեպքում։ Ընդ որում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը քննադատել են եվրոպացի այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ գերմանական Բունդեսթագի պատգամավորներ՝ հենց այն շրջանում, երբ ֆոն դեր Լյայենն ինքն էլ խորհրդարանական էր։
Փոխանցում է BBC-ն։