‘
Ժողովուրդ ջան, մի անհամեստ հարց. էդ որ ասում եք` Սերժը ցանկանում է Հայաստանը Եվրոպա տանել, ինչ-որ ԵՄ ասոցացում է ուզում ստորագրել, գենդերի մասին օրենք է ուզում ԱԺ-ում անցկացնել ու էդպիսի ֆլան-ֆստան, մի հատ ձեզ հարց չե՞ք տվել` բա Եվրոպայի մաս դառնալ ցանկացող մեկը, էն էլ՝ էս պատասխանատու պահին, Հայաստանի բանտում քաղբանտարկյալ կպահեր՝ հերիք չի, հլը մեկով էլ կավելացնե՞ր քաղբանտարկյալի թիվը: Բա Եվրոպա գնալ ցանկացող մեկը ոստիկաններին կհրամայեր ծեծել կանանց ու երեխաներին՝ հերիք չի, դեռ սեռական ոտնձգություն էլ կիրականացնե՞ր կնոջ նկատմամբ, բա եվրոպական արժեքներ ունեցող մեկը թույլ կտար Սամվել Ալեքսանյանին պատմական արժեք հանդիսացող Փակ Շուկան քանդել՝ հերիք չի, դեռ Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութների չքավոր աշխատողներին ոտքի կհաներ և հարձակում կկազմակերպե՞ր քաղաքացիական ակտիվիստների վրա: Բա Եվրոպա գնալ ցանկացող մեկը իրեն թույլ կտար օֆշորային սկանդալի մեջ մեղադրվող ու հերքել չկարողացող վարչապետ ունենալ՝ հերիք չէ, դեռ քաղաքապետն էլ իր հորից ժառանգաբար քաղաքապետի պաշտոնը կստանա՞ր: Դա էլ հերիք չէ՝ իր աներձագին էլ պատգամավոր կդարձնե՞ր, դա էլ հերիք չէ՝ քաղաքապետարանի դիմաց պայքարող ակտիվիստներին գիշերները ծեծելու հրաման կտա՞ր, տրանսվեստիտներ կուղարկե՞ր նրանց վրա: Դա էլ հերիք չէ՝ իր ենթակաների որդիներին էլ կհրամայեր, որ գային ու գիշերները հայհոյեին ու թքեին նստացույց անողների վրա՞: Դա էլ հերիք չէ՝ նրանց ապօրինի կառևանգեին ու ամեն օր մի լավ կջրեի՞ն:
Ժողովուրդ, իսկականից հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը ուզում է Եվրոպա գնալ: Իսկ ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է, որ Եվրոպան փոշմանի Հայաստանից և հայտարարի, որ Հայաստանը չի համապատասխանում իր չափանիշներին, որպեսզի Սերժ Սարգսյանը խուսափի իր տված խոստումներից Արցախի հարցում ու ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը գցի եվրոպացիների վրա, որ իբր նրանք չեն ուզում Հայաստանի հետ «հավասարը-հավասարի» պես շփվել: Բայց արի ու տես՝ Եվրոպան միամիտ չէ ու այսպիսի էժան «արևելյան կտեր» չի ուտում ու ոչ մի ձայն չի հանում Հայաստանում իշխանությունների կողմից կատարվող հանցագործությունների վերաբերյալ, միայն թե Սերժ Սարգսյանը վերջնականապես ստորագրի ԵՄ ասոցացման պայմանագիրը ու սկուտեղի վրա Արցախը նվիրի Ադրբեջանին: Ու հանուն դրա՝ Եվրոպան պատրաստ է ՀՀ իշխանություններին ներել ցանկացած ապօրինություն ու հանցագործություն: Այդ մասին վկայությունները այնքան շատ են, որ նույնիսկ եվրոպացիներն են հասկացել, որ մենք հասկացել ենք իրենց բուն նպատակը:
Սանասար Հավասարյան
‘