‘ Եվրո-2016․ Խորվաթիան հաղթեց Իսպանիային, Թուրքիան` Չեխիային (տեսանյութ)’

1710

Բորդոյի «Ստադ դե Բորդո» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Խորվաթիա-Իսպանիա հանդիպումը։

Հանդիպման արդեն 7-րդ րոպեին իսպանացիների գրոհը գոլով ավարտվեց․ Դավիդ Սիլվան, հիանալի խաղալով, գնդակը փոխանցեց Սեսկ Ֆաբրեգասին, ում օգնությամբ էլ Ալվարո Մորատան խփեց այս առաջնությունում իր երրորդ գոլը։

Չնայած Եվրոպայի գործող չեմպիոնների զգալի առավելությանը՝ խաղակեսի վերջնամասում խորվաթներին հաջողվեց պատասխան գոլ խփել․ 45-րդ րոպեին Պերիշիչի փոխանցումից հետո հիանալի գոլի հեղինակ դարձավ Նիկոլա Կալինիչը։

Երկրորդ խաղակեսում Իսպանիան ուներ հաղթանակի հասնելու հիանալի հնարավորություն, սակայն 72-րդ րոպեին Սերխիո Ռամոսը չկարողացավ իրացնել Դանիել Սուբաշիչի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։ Ի տարբերություն Վիսենտե դել Բոսկեի սաների՝ Խորվաթիան խաղի վերջնամասում կարողացավ հաղթական գոլ խփել․ 87-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը:

Այսպիսով, խմբային փուլի 3 խաղում Խորվաթիան վաստակեց 7 միավոր և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Իսպանիան 6 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Այս խմբում Թուրքիայի հավաքական վաստակեց 3 միավոր, Չեխիան՝ 1։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ են դուրս գալիս խմբերում առաջին 2 տեղերը, ինչպես նաև երրորդ տեղը գրաված լավագույն 4 հավաքականները։ Նշենք, որ արդեն հայտնի է՝ 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը մրցելու Իտալիայի հետ։

D խմբի մյուս խաղում թուրքերը 2:0 հաշվով հաղթեցին Չեխիային եւ 3 միավորով գրավեցին երրորդ տեղը: 1 միավոր ունեցող չեխերը լքեցին պայքարը, իսկ Թուրքիան հավակնում է փլեյ-օֆֆ դուրս գալ երրորդ տեղով:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Ավելի վաղ A, B եւ C խմբերից առաջին ու երկրորդ տեղերով փլեյ-օֆֆ էին դուրս եկել Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան ու Լեհաստանը, Իտալիան ժամանակից շուտ հաղթել է E խմբում, իսկ 4 միավոր հավաքած Սլովակիան եւս կխաղա 1/8 եզրափակիչում B խմբում երրորդ տեղը գրավելու շնորհիվ: 1/8 եզրափակիչում արդեն հայտնի են Իտալիա – Իսպանիա եւ Շվեյցարիա – Լեհաստան զույգերը:

Եվրո-2016, երրորդ տուր

D խումբ

Խորվաթիա — Իսպանիա՝ 2:1

Նիկոլա Կալինիչ, 45, Իվան Պերիշիչ, 87 – Ալվարո Մորատա, 7

Իսպանիա. Դավիդ դե Խեա, Խուանֆրան, Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս (Տյագո Ալկանտարա, 84), Դավիդ Սիլվա, Նոլիտո (Բրունո Սորիանո, 60), Ալվարո Մորատա (Արիս Ադուրիս, 67):

Խորվաթիա. Դանիել Սուբաշիչ, Դարիո Սռնա, Տին Յեդվայ, Վեդրան Չորլուկա, Սիմե Վրսալկո, Իվան Ռակիտիչ, Միլան Բադել, Իվան Պերիշիչ (Անդրեյ Կրամարիչ, 90+2), Մարկո Պյացա (Դույե Չոպ, 90+2), Մարկո Ռոգ (Մատեո Կովաչիչ, 82), Նիկոլա Կալինիչ:

Չեխիա — Թուրքիա՝ 0:2

Բուրակ Յիլմազ, 10, Օզան Թուֆան, 65

Չեխիա. Պետր Չեխ, Պավել Կադերժաբեկ, Տոմաշ Սիվոկ, Ռոման Հուբնիկ, Դանիել Պուդիլ, Յարոսլավ Պլաշիլ (Դանիել Կոլար, 90), Վլադիմիր Դարիդա, Բորժեկ Դոչկալ (Յոզեֆ Սուրալ, 71), Դավիդ Պավելկա (Միլան Շկոդա, 57), Լադիսլավ Կրեյչի, Տոմաշ Նեցիդ:

Թուրքիա. Վոլկան Բաբաջան, Հական Բալտա, Գյոկհան Գյոնյուլ, Մեհմեթ Տոպալ, Իսմայիլ Կյոբասի, Սելջուկ Ինան, Արդա Թուրան, Էմրե Մոր (Օլկայ Սահան, 69), Օզան Թուֆան, Վոլկան Սեն (Օգաժան Օզյակուպ, 61), Բուրակ Յիլմազ (Ցենկ Թոսուն, 90):

 

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016․ Գերմանիան և Լեհաստանը նվազագույն հաշվով հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Grand Chess Tour». Լևոն Արոնյանը գրավեց 3-րդ տեղը’