‘
Լանսի «Ֆելիքս Բոլար» մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկային րոպեներից Խորվաթիայի հավաքականն ուներ տարածքային առավելություն, որը սակայն վտանգավոր գրոհներ կազմակերպելու հարցում վճռորոշ նշանակություն չունեցավ։ Պորտուգալացիները ևս առջևի գծում ակտիվ խաղով աչքի չընկան և չկարողացան լրջորեն անհանգստացնել Դանիել Սուբաշիչին։
Երկրորդ կեսում պայքարը համեմատաբար ակտիվացավ, սակայն գոլեր այդպես էլ չարձանագրվեցին։ Ուշագրավ է, որ հիմնական ժամանակահատվածում հավաքականները միմյանց դարպասների ուղղությամբ ընդամենը 11 հարված (8-3 հարաբերակցությամբ) են կատարել, և բոլոր հարվածները շեղ են եղել։
Հավելյալ ժամանակի վերջին րոպեներին Խորվաթիայի հավաքականն ուներ մի քանի հիանալի հնարավորություն, սակայն Անտե Չաչիչի սաները չօգտագործեցին իրենց հնարավորությունները, իսկ ահա Պորտուգալիային հաջողվեց հաղթական գրոհ կազմակերպել․ հանդիպման միակ գոլը 117-րդ րոպեին խփեց Ռիկարդու Կուարեժման։
Հավելենք, որ 1/4 եզրափակչում Պորտուգալիան խաղալու է Լեհաստանի հավաքականի հետ, որը պայքարից դուրս է թողել Շվեյցարիային։
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Խորվաթիա — Պորտուգալիա՝ 0:1
Ռիկարդո Կուարեժմա, 117
Խորվաթիա. Դանիել Սուբաշիչ, Դարիո Սռնա, Դոմագոյ Վիդա, Վեդրան Չորլուկա (Անդրեյ Կրամարիչ, 120), Իվան Ստրինիչ, Միլան Բադել, Իվան Ռակիտիչ (Մարկո Պյացա, 110), Լուկա Մոդրիչ, Իվան Պերիշիչ, Մարսելո Բրոզովիչ, Մարիո Մանջուկիչ (Նիկոլա Կալինիչ, 88):
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Վիլիամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա (Դանիլո Պերեյրա, 108), Անդրե Գոմեշ (Ռենատու Սանչիս, 50), Լուիշ Նանի, Ժոաո Մարիու (Ռիկարդո Կուարեժմա, 87), Կրիշտիանու Ռոնալդու:
‘