‘
Պորտուգալիայի հավաքականն ՈւԵՖԱ-ից 25.5 միլիոն եվրո կստանա Ֆրանսիայում ավարտված Եվրո-2016-ում տարած հաղթանակի համար:
Եզրափակիչում պարտված Ֆրանսիայի հավաքականը կստանա 23.5 միլիոն եվրո, գրում է France Football-ը:
Եվրո-2016-ին մասնակցած բոլոր հավաքականները խմբային փուլում հանդես գալու համար ստանալու են 8-ական միլիոն եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակ թիմերին հարստացրել է եւս 1 միլիոն եվրոյով, իսկ ոչ ոքին՝ 500 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:
‘