‘
Սերժ Սարգսյանին «վերընտրվելու կապակցությամբ» շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ըստ president.am-ի, ուղերձում նշվում է, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները:
«Ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել: Համաձայն եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռևս որոշ աշխատանք է մնում կատարելու: Առաջ շարժվելով Հայաստանը, հուսով եմ, կշարունակի ավելացնել թափանցիկությունը, խրախուսել բազմակարծությունը հիմական լրատվամիջոցներով և քաջալերել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին ու կառավարմանը, ինչպես նաև լուծել ԵԱՀԿ կողմից բարձրացված մնացյալ խնդիրները», — ուղերձում նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ջոն Քերրին հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի «պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ առաջ մղելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առևտրի և ներդրումների համար»:
«Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր շնորհավորական ուղերձում եւս պատրաստակամություն էր հայտնել՝ «գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության»: «Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը», — ընդգծել էր Ֆրանսիայի նախագահն իր ուղերձում:
Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «հնարավոր է՝ այսօր գիշեր ԱՄՆ-ից «ինչ-որ մեկը» շնորհավորի Սերժ Սարգսյանին»:
Նկատենք, որ եթե Ֆրանսիայի եւ Ռուսաստանի պարագայում Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղվել նախագահների անունից, ապա ԱՄՆ դեպքում այդ արել է պետքարտուղարը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «ինչ-որ մեկը»:
‘