‘
Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումից հետո հնչեց մեր հավաքականի առանցքային խաղացողներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի տարօրինակ եւ վտանգավոր հայտարարությունը: Նա պարզապես հայտարարեց, թե պարտության պատճառն այն է, որ մի քանի խաղացողներ սիրտ եւ հոգի չեն դնում հավաքականում: Նա նաեւ ավելացրեց, թե այդ ֆուտբոլիստներն ամբողջ ուժով չեն խաղում:
Այստեղ մենք պարտավոր ենք մեր ուշադրությունը բեւեռել մի շարք հանգամանքների վրա.
- Իհարկե, Հենրիխ Մխիթարյանն անուններ չտվեց: Եւ չէր էլ կարող տալ, քանի որ անկախ հաշվից՝ որեւէ մեկը որեւէ խաղացողի չի կարող ասել, թե նա սիրտ ու հոգի չէր դրել: Ինչպե՞ս նման մեղադրանք ներկայացնել վնասվածքով խաղադաշտ մտած Արազ Օզբիլիսին, կամ չեղած տեղից վտանգավոր պահ ստեղծող Յուրա Մովսիսյանին, Մարկոսին եւ նույնիսկ անփորձ Տարոն Ոսկանյանին, կամ անհաշվենկատ անցումներ կատարող Կամո Հովհաննիսյանին:
- Ով` ով, բայց Հենրիխը բոլորից լավ գիտի, որ իրականում 3:0-ի մեղավորը ֆուտբոլիստները չեն: Ընդհանրապես, նախկինում ո՛չ Հայաստանի հավաքականում, ո՛չ աշխարհի որեւէ այլ երկրի հավաքականում կամ ակումբում չի գտնվել որեւէ ֆուտբոլիստ, ով նման հայտարարություն կաներ: Հենրիխին ճանաչողներն այս հայտարարությունից հետո շտապեցին ասել, որ նա այն մարդը չէ, որ նման հայտարարություն անի: Ըստ նրանց՝ Հենրիխ Մխիթարյանի շուրթերով խոսել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սա է գերիշխող կարծիքը:
- Ռուբեն Հայրապետյանը հասկանում է, որ հասունանում է «Նեմեց, հեռացի՛ր» կարգախոսը, եւ ինքն իրեն փորձում է ապահովագրել անչափ վտանգավոր եւ անբարո խաղերով: Երբ Հայաստան-Չեխիա խաղից առաջ նրա համար Սերժ Սարգսյանի կողքին տեղ չգտնվեց, նա արդեն հասկացավ, որ խուլ պաշտպանության անցնելու ժամանակն է:
- Փաստորեն, ֆուտբոլն էլ սկսեցին օգտագործել կեղտոտ խաղերի մեջ: Սերժ Սարգսյանը, ով շարֆերն ուսերին գցած Տարոն Մարգարյանի եւ Սեյրան Օհանյանի հետ օթյակից հետեւում էր խաղին, պետք է որ հասկանա, որ մարզիկներին չի կարելի օգտագործել քաղաքական խաղերում: Եւ, վերջին հաշվով, եկել, շարֆերն ուսերիդ էիք գցել, որ ի՞նչ անեիք: Գոնե Ռուբեն Հայրապետյանին հուշեիք, որ մենք նաեւ «Հրազդան» մարզադաշտ ունենք, եւ կարելի էր խաղն այնտեղ անցկացնել, որ հազարավոր մարդիկ տոմսերը ձեռքներին մարզադաշտի պատերի տակ, հրմշտոցի մեջ չմնային եւ հերթական անգամ չհիասթափվեին:
- Պարտվել կարող է ցանկացած թիմ եւ հավաքական, նույնիսկ՝ Իսպանիայի ընտրանին, բայց պարտվել էլ կա` պարտվել էլ: Հաշիվը դեռ մի կողմ: Մտահոգիչ էր այն, որ թիմի խաղում բացակայում էր մարզչական միտքը: Մենք ունենք առնվազն 4-5 տաղանդավոր ֆուտբոլիստ, եւ գոնե միջին կարգի մարզչի առկայության դեպքում խաղի որակը կտրուկ կփոխվեր: Իսկ հիմա ունենք այս տխուր պատկերը, երբ նույնիսկ շարքային ֆուտբոլասերն է հասկանում, որ նման ձեւով ֆուտբոլ չեն խաղում:
- Ռուբեն Հայրապետյանն «ամուր գրկել եւ պահում է» Վարդան Մինասյանին: Նա որոշել է, որ մարզիչը պետք է լինի նա, եւ վերջ: Աշխարհի որեւէ երկրում չեք հանդիպի ֆեդերացիայի նախագահի, որը հայտարարի, թե հավաքականում պետք է խաղա կամ չխաղա այս կամ այն ֆուտբոլիստը: Սա խայտառակություն է, եւ այս խայտառակությունը կարող է հանդուրժել միայն Վարդան Մինասյանը:
- Վերադառնալով Հենիխ Մխիթարյանի խայտառակ հայտարարությանը՝ ընդամենը նշենք, որ Չեխիայի հավաքականում խաղում է առնվազն 3-4 Հենրիխ Մխիթարյան, Ֆրանսիայում` 7-8, Իսպանիայում 22-23, բայց անհաջողությունից հետո որեւէ մեկի մտքով չի անցել նման հայտարարություն անել: Համաձայնեք, որ այս հայտարարությունից հետո թիմն այս կազմով եւ այս մարզիչով այլեւս չի կարող քիչ թե շատ նորմալ եւ առողջ ֆուտբոլ խաղալ: Այստեղ մնում է միայն բացականչել` Նեմեց, հեռացի՛ր:
Արթուր Բարսեղյան
‘