‘ԵՏՄ-ին միանալու համար Հայաստանը կստանա $50 մլն, Ղրղզըստանը՝ $700 մլն’

1423

Տեխնիկական աջակցության շրջանակներում ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն: Դրամաշնորհը տրամադրվելու է ԵՏՄ-ի «Ճանապարհային քարտեզ»-ի համար նախատեսված գործառույթների իրականացման համար: Համապատասխան համաձայնագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության մարտի 26-ին կայանալիք նիստի օրակարգում:

Համաձայնագրի նախագծում նշված է, որ այն ընդհանուր առմամբ, ունի վեց ուղղություն: Դրանք են` մաքսային վարչարարությունը, տեխնիկական կարգավորումները, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումները, վիճակագրությունը, արդյունաբերությունը, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցումը և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծումը:

Նշված գումարների շրջանակում Ռուսաստանը հայկական կողմին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Բացի այդ, ռուսական կողմը կկազմակերպի ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը:

Նշենք, որ ԵՏՄ-ին անդամակցելու համար Ռուսաստանը Ղրղզըստանին կտրամադրի շուրջ 1.2 մլրդ դոլար, որից $500 մլն վարկի իսկ գումարի մնացած մասը՝ ԵՏՄ-ի «Ճանապարհային քարտեզ»-ի համար նախատեսված գործառույթների իրականացման համար:

Հավելենք նաև, որ չկարողանալով արտաքին շուկաներում գտնել վարկային միջոցներ, ՀՀ կառավարությունը օրերս աննախադեպ տոկոսադրույքով եվրոբոնդեր է թողարկել:

Նախորդ հոդվածը‘ԱՆ. Բրուցելոզը տեղայնացվել է ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ը աջակցում է ՉԺՀ ամբողջականությանը՝ փոխարենն ստանալով «ստանդարտ» ձեւակերպումներ ԼՂ հարցում’