‘
Իշխանական քարոզչությունն ամենակուլ է, չի խորշում որեւէ առիթից՝ անկապ թե կապակցված, մեծ մասամբ` անկապագույն, հասարակության մեջ իր ուզած թեզերն առաջ տանելու նպատակով:
Իրոք, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար Արա Սահակյանին՝ երբեմնի ԱԺ փոխնախագահին Ղազախստանում դեսպան նշանակելը ոչ թե նույնիսկ երկրորդական, այլ տասներորդական նշանակություն ունեցող իրադարձություն է, որովհետեւ ո՛չ նշանակվողն է հասարակության կողմից ընկալվում որպես աչքի ընկնող ֆիգուր, ոչ էլ նշանակման վայրն է շատ կարեւոր` գոնե շարքային մահկանացուներիս տեսակետից, ապա բավականին զարմանալի, եթե չասենք` կուրյոզային կարող է թվալ այն փաստը, որ իշխանությունը մի ձեռքով նշանակում է իր, ըստ էության, հավատարիմներից մեկին դեսպան՝ փոխհատուցելով տարիների համագործակցությունը, մյուս կողմից էլ փորձում է այս առիթն օգտագործել որպես իր քաղաքական ընդդիմախոսներից՝ ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչության տարր: Որքան էլ աննշան թվա առիթը եւ զավեշտալի` քարոզչական ճիգերն, այստեղ կան հետաքրքիր երանգներ, որոնք արժե քննարկել: Մինչ այդ ուշագրավ երանգներին հասնելը, նախ՝ հասկանանք, թե ինչն է խնդիրը:
Արա Սահակյանի հրապարակային գործունեության գագաթը եղել է 90-ականներին, երբ նա ԱԺ փոխնախագահ էր. դա կհիշեն համեմատաբար տարեցներից նրանք, ովքեր այդ թվականներին քիչ թե շատ ուշադիր հետեւում էին քաղաքական անցուդարձին, հատկապես 1996-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին: 90-ականներից հետո լայն հասարակության համար Արա Սահակյանը, ըստ էության, կորչում է տեսադաշտից, եւ քաղաքականությանը միայն ամենամոտիկից հետեւողները կարող են երեւի հիշել, որ 1998-ին նա հեռացվել է ՀՀՇ-ից, ապա հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից՝ քննադատելով Քոչարյանի վարչակարգը, բայց, ըստ «չար լեզուների», կուլիսներում համագործակցել է Սերժ Սարգսյանի հետ (սա Սերժի հայտնի ոճն է դեռ 90-ականներից՝ կուլիսային համագործակցությունը ռեժիմի ընդդիմախոսներից ոմանց հետ), եւ այդ համագործակցության շրջանակներում պարոն Սահակյանն ունեցել է նաեւ, այսպես ասենք` տնտեսական բոնուսներ: Ինչեւէ, ժամանակներն անցնում են արագ, եւ 2007-ին Արա Սահակյանը փորձում է վերամիանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին, բայց փորձն անհաջողության է մատնվում: Հետագա տարիներին ծավալված համաժողովրդական շարժման մեջ ոչ ոք չի հիշում նրան, երիտասարդները երեւի չեն էլ ճանաչում, եւ որեւէ աչքի ընկող հրապարակային գործունեություն, առավել եւս` կապված ընդդիմության հետ, նա չի ծավալել, այժմ էլ դեսպան է նշանակվում Ղազախստանի տափաստաններում:
Ո՞րն է, արդ, Արա Սահակյանի արժեքը քարոզչական դաշտում (ինչպես տեսանք` իրական քաղաքական դաշտում նրա արժեթղթերի գինը շատ բարձր լինել չի կարող, թերեւս, հենց իր իսկ կամավոր ընտրությամբ): Դժվար չէ կռահել, որ այս պահի նրա միակ արժեքը նախկինում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության մաս կազմելն է : Այս «անցյալ վաղակատար» կապն այժմ փորձում են օգտագործել այն իմաստով, թե, իբր, տեսեք… «լեւոնականների» ու Սերժի միջեւ համագործակցություն կա: Իհարկե, այս անհեթեթությունը հեշտությամբ հերքվում է ե՛ւ վերոշարադրյալով, ե՛ւ այն պարզ փաստով, որ 90-ականներին, երբ Սահակյանը «լեւոնական էր», Տեր-Պետրոսյանի գլխավորած իշխանության մաս էին կազմում նաեւ այսօրվա իշխանավորներից շատերը, այդ թվում ու նախեւառաջ ինքը՝ Սերժ Սարգսյանը, որպես պաշտպանության, ներքին գործերի նախարար, անվտանգության կառույցի ղեկավար: Ուրեմն ի՞նչ, Սերժ Սարգսյանը, որպես նախկին «լեւոնական», համագործակցում է ինքն իր հե՞տ` որպես ներկայիս ոչընտիր նախագահի: Հասկանալի է այս ամենի անհեթեթությունը:
Բայց այստեղ էլ գալիս է հոդվածի սկզբում հիշատակված նրբությունների ժամանակը: Չի բացառվում, որ Արա Սահակյանի նշանակումը եւ դրա շուրջ եղած քարոզչական զարգացումն ընդամենը նախապատրաստական, փորձնական գրոհ է: Խնդիրն այն է, որ քաղաքական գործընթացների որոշ միտումների վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ առաջիկայում պաշտոնական նոր նշանակումներ կարող են լինել նախկին «լեւոնականների» շրջանակից: Այս անգամ դրանք կարող են վերաբերել ոչ այնքան Արա Սահակյանի նման «հին» դեմքերի, այլ ավելի մոտ ժամանակներս Կոնգրեսում որոշ դիրք զբաղեցրած անձանց: Խոսքն այն գործիչների մասին է, որոնք վերջին երեք տարվա ընթացքում խզեցին իրենց կապերը ՀԱԿ-ի հետ` իշխանության դեմ, իբր, ավելի վճռական պայքար մղելու պատրվակով, բայց իրականում կուլիսային համագործակցություն ծավալեցին իշխանության հետ, որոշ դեպքերում` արտաքին ուժերի հովանավորությամբ: Հաշվի առնելով իշխանության բռնած «արեւմտամետ» կուրսը եւ աշնանը սպասվելիք քաղաքական գործընթացների աշխուժացումը, որոնց կոնտեքստում սեւ-սպիտակի նոր բաժանումը կարող է որոշակի փուլից անխուսափելի դառնալ, նախկին կոնգրեսականներից ոմանք կարող են անցնել իշխանության հետ համագործակցության ավելի բաց ձեւաչափի: Իհարկե, այդ ամենը կձեւակերպվի որպես համագործակցություն հանուն բարձր պետական շահի, օրհասական պահին ուժերը միավորելու անհրաժեշտություն, իսկ որպես քննադատության թիրախ կընտրվի, բնականաբար… ՀԱԿ-ը: Ընդ որում, կարեւոր չի լինի, որ այս անձինք ՀԱԿ-ի հետ վաղուց որեւէ կապ չունեն, ավելին` ՀԱԿ-ի քննադատությունը նրանց հիմնական զբաղմունքներից է վերջին շրջանում: Կարեւոր են այն քարոզչական բոնուսները, որոնք կփորձի շահել իշխանությունն ինքը` իր հնարավոր նշանակումներից, ինչպես հենց այսօր արդեն տեղի է ունենում Արա Սահակյանի պարագայում: Նույն չար լեզուներն ասում են, որ վերջին շրջանում սերտաճումը նախկին` «ավելի վճռական պայքարի» կողմնակից կոնգրեսականների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ հասել է անձնական մակարդակի: Այսպես, Արարատ Զուրաբյանի հիսնամյակին, որին ներկա են եղել նաեւ Ալիկ Արզումանյանն ու Տիգրան Հակոբյանը, թամադայություն է արել, ըստ «չար լեզուների», վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ մեկ այլ նախկին աչքի ընկնող կոնգրեսականի նշանակումը բավականին բարձր պաշտոնի` կարող է տեղի ունենալ առաջիկա ամսվա ընթացքում:
Ջամբուլ Ջաբաեւ
‘