‘Երանոսյանը հաշվել է սովորում’

2717

Ոստիկանությունը քիչ առաջ պարզաբանում է տվել ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի՝ լրագրողներից մեկի հետ ունեցած զրույցի ուշագրավ մի դրվագի կապակցությամբ: Բանն այն է, որ թեև ուշացումով, այդուհանդերձ, «ականջ կտրող» գեներալը, ով առանց որևէ ապացույցի՝ հարյուրավոր ցուցարարների 80 տոկոսին մեղադրել էր հարբած լինելու մեջ, կարծես թե սթափ ուղեղով հաշվել և հասկացել է, որ, մեղմ ասած՝ իրականությունից խիստ հեռու հայտարարություն է արել, և այժմ որպես արդարացում մոգոնվել է մեկ այլ վարկած: Ըստ այդ վարկածի՝ իբր Լևոն Երանոսյանը ոչ թե բոլոր ցուցարարներին է նկատի ունեցել, այլ «ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց՝ հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ վարքագիծը»: Դե բնական է, մի բան է, երբ 1000 ցուցարարի մեջ 800-ը հարբած են, մեկ այլ բան, որ մեկ-երկու տասնյակի նկատմամբ այժմ քրեական գործ կհարուցեն՝ քարեր նետելու համար, և հետն էլ կմեղադրեն մեկ-երկու բաժակ խմած լինելու մեջ: Ինչևէ, հարկ է նշել, որ հայտարարության մեջ ասված չէ, թե առհասարակ՝ այդ ինչ հիմքերով էր Երանոսյանը նման հայտարարություններ անում, երբ դեռ որևէ քննություն անցկացված չէր: Հետաքրքիր է նաև, որ վերոհիշյալ՝ լրագրողի հետ ունեցած զրույցում, ներքին զորքերի հրամանատարը մի քանի աղմկահարույց հայտարարություններ էլ է արել (https://www.ilur.am/news/view/39786.html), որոնց պատասխանները, ճիշտ է, դեռ տրված չեն, սակայն կասկածից վեր է, որ եթե այսօր Լյովա Երանոսյանը մի քիչ տրամաբանորեն հաշվել է սովորել, ապա վաղն էլ մեզ կզարմացնի նոր յուրացրած դասերով: Ինչ վերաբերում է այս պարզաբանմանը, ապա նշենք, որ Երանոսյանն իր հայտնի հարցազրույցում բառացիորեն ասել էր. «Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»: Ինչպես տեսնում ենք, այստեղ խոսքը հենց ցուցարարների մասին է, որոնց Երանոսյանը ամբոխ է անվանում: Իսկ ահա ոստիկանության հաղորդագրության և Երանոսյանի հայտարարության համադրությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ իրականում Երանոսյանը նկատի է ունեցել այն, ինչ ասել է, պարզապես հիմա հասկանալով, որ նրա խոսքերն այնքան հեռու են իրականությունից, որ մարդկանց մոտ ծիծաղ են առաջացրել, որոշել են նրա ասածին քիչ թե շատ տրամաբանական տեսք տալ:

Հ.Գ. Նշենք նաև, որ Երանոսյանի հարցազրույցից հետո վերջինս սոցիալական ցանցերում դարձել էր ծաղրի առարկա: 

Նախորդ հոդվածը‘Պերմյակովից հրաժարված փաստաբանի դեմ վարույթ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘«Բոկո հարամի» գրոհայինները Կամերունում տասնյակ մարդկանց են առևանգել’