‘Երբ ԱԱԾ-ն քնում է, դիվերսանտը խորոված է անում ‘

2283

Այն ժամանակ, երբ հայրենի ԱԱԾ-ն, ոտ ու ձեռ ընկած, փորձում է ընդդիմադիրներին հետեւել, գաղտնալսել նրանց խոսակցությունները, «վերահսկել» սոցիալական ցանցերը եւ մանավանդ Facebook-ը, իշխանությունների համար պիտանի տեղեկություններ հայթայթել նրանց գործունեության մասին, կամ, ի վերջո՝ հավաքագրել նրանց, սահմանից այս կողմ ազատ ելումուտ են անում դիվերսանտները: Ընդ որում, պարզվում է՝ ոչ մեկ անգամ, եւ ոչ մեկ կամ երկու ժամով, եւ արդեն նույնիսկ՝ ոչ գիշերվա քողի տակ: Օրը ցերեկով մտնում են, մի քանի օր իրենց սրտի ուզածով թափառում են Հայաստանի տարածքով, հետո այնքան են «արխայնանում», որ մարդ սպանելուց հետո մեկի տնից օղի են գողանում եւ, ուշադրությո՛ւն՝ մայրուղու մոտակայքում կրակ են վառում, խորոված անում, օղին խմում ու ձեռի հետ էլ՝ այդ կերուխումի ողջ գործընթացը տեսանկարահանում են հեռախոսով: Չէ, սա արդեն միայն դիվերսիա չէ: Սա արդեն բացահայտ ցինիզմ է:

Բայց ո՞ւմ տաս այդ հնարավորությունը, ու նա չօգտվի: Ընդ որում՝ հասկանալի է, որ այստեղ խնդիրը ոչ միայն կամ ոչ այնքան ՊՆ-ինն է, որքան հենց ԱԱԾ-ինը: Ավելին, հենց բանակի, այսպես կոչված, «միջին խավի»՝ սպաների ջանքերով դիվերսանտները ձերբակալվեցին: Իսկ ո՞ւր էր ԱԱԾ-ն: Ի՞նչ էր անում: Ի վերջո, որեւէ ընդդիմադիրի ձեռքի հեռախոսին մեկ այլ ընդդիմադիրից եկած զանգը ֆիքսելու ու գաղտնալսելու փոխարեն՝ հենց նման դեպքերը բացահայտելու համար են նրանք կոչված: Բայց ԱԱԾ-ն կարծես մոռացել է իր պարտակությունների մասին՝ վերածվելով մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական պահակազորի՝ պետության անվտանգությունը, ըստ էության, թողնելով «անտեր» ու վերածելով կատարյալ «բարդակի»: Ընդ որում՝ ԱԱԾ այդ գործունեությունը հատկապես ակտիվացավ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ, մասնավորապես, որոշ ժամանակ անց հրապարակված փաստաթղթով հայտնի դարձավ, որ փետրվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունները, որոնցով ԱԱԾ-ն խնդրել է թույլատրել գաղտնալսել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի հեռախոսահամարները։ Ընդ որում՝ ամեն անձի համար առանձին միջնորդություն եւ որոշում է կայացվել։  Բայց  սա, ինչպես տեսանք հետո, միայն սկիզբն էր: Մինչ օրս այդ կառույցը դարձել է իշխանության ներսում գործող՝ ընդդիմության դեմ պայքարի սովորական մի ստորաբաժանում, իսկ այդ ընթացքում մե՛կ դիվերսանտներն են ելումուտ անում Հայաստան, մե՛կ Ռամիլ Սաֆարովին են արտահանձնում Ադրբեջանին, եւ իշխանություններն այդ մասին իմանում են միայն լրահոսից:

Եւ ի դեպ, եթե ԱԱԾ-ն մոռացել է օրենքով (Ազգային անվտանգության մարմինների մասին) իրեն վերապահված հիմնական գործառույթները, թերեւս հիշեցնենք դրանք:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության եւ հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից»:

Հոդված 2. «Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են եւ իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը»:

Հոդված 9. «Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետեւյալ հիմնական ուղղություններով.

ա) հետախուզական գործունեություն.

բ) հակահետախուզական գործունեություն.

գ) ռազմական հակահետախուզական գործունեություն.

դ) պետական սահմանի պահպանություն.

ե) պայքար հանցագործությունների դեմ»:

«…Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը, դրանց կողմից կիրառվող մեթոդներն ու միջոցները չպետք է խախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված՝ մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, վնասեն մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին եւ շրջակա միջավայրին»:

Հոդված 10. Հետախուզական գործունեությունը

«Հետախուզական գործունեությունը, այդ թվում՝ արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն եւ պետության հիմքերն ամրապնդելուն»:

Հոդված 11. Հակահետախուզական գործունեությունը

«Հակահետախուզական գործունեությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է՝ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը եւ խափանմանը:

Ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերն են՝

ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայությունը.

բ) իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը.

գ) պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման անհրաժեշտությունը.

դ) ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտությունը.

ե) ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»:

Հոդված 12. Ռազմական հակահետախուզական գործունեությունը

«Ռազմական հակահետախուզական գործունեությունը լիազորված մարմնի ռազմական հակահետախուզական մարմնի (ծառայությունների, բաժինների, բաժանմունքների) կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորամասերում եւ այլ զինվորական կազմավորումներում, ինչպես նաեւ դրանց կառավարման մարմիններում՝ իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունները բացահայտելու, կանխելու եւ խափանելու, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելու, ինչպես նաեւ մարտունակությունը եւ մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու նպատակով»:

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Իրանը դեմ է տարածաշրջանում խաղաղապահների տեղակայմանը’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան»-ի երեկվա օրն առանձնացավ բազմապիսի միջոցառումներով’