‘Երբ լեզուդ թշնամիդ է’

1946

Չէ, ենթագիտակցությունն, այնուամենայնիվ, ուժեղ բան է: Հատկապես՝ երբ լարված իրավիճակում դժվարանում ես վերահսկել ենթագիտակցական վախերդ ու սարսափներդ:

Իշխանությունների վիճակը հիմա ճիշտ եւ ճիշտ այսպիսին է. ցանկանում են, իբր, չվախեցած երեւալ, ցույց չտալ, որ իրականում սարսափած են իրենց շուրջը սեղմվող օղակից, բայց քանի որ ենթագիտակցաբար ուղղակի սարսափում են այդ մտքից, պարբերաբար մատնում են իրենց: Մեկ՝ իբր հենց էնպես, առանց առիթի, հեռուստաընկերություններով քննարկում են այն հարցը, թե ինչ պետք է անի իշխանությունը, եթե Քառյակը փողոցային պայքար սկսի, ու մեկ էլ՝ հեղաշրջում իրականացնի, մեկ նորից «հրապարակ» է գալիս Շարմազանովը եւ դեմքի լուրջ արտահայտությամբ (որքան որ ՀՀԿ-ականը կարող է լուրջ լինել, իհարկե) ինչ-որ անհասցե մարտահրավերներից է խոսում՝ հայտարարելով, թե «ապագային միտված վտանգը պետք է դիտել ոչ թե սահմանադրական բարեփոխումների անցկացման մեջ, ոչ թե խորհրդարանական համակարգի մեջ, ոչ թե, ինչպես իրենք են ասում, չնայած նման բան չկա, իշխանությունների վերարտադրման մեջ, այլ, իմ կարծիքով՝ ապագային միտված միակ վտանգը ռեւանշիզմի եւ օլիգարխիայի սերտաճումն է»:

Հա, էս խոսքերի հեղինակը իշխող կուսակցության, ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի խոսնակն է: Հիմա՝ գլխավորը. եթե էդքան վստահ եք ձեր ներուժին, եթե վստահ եք, որ ճիշտ քայլի եք գնում՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով, դեռ մի բան էլ՝ որ դրանք ապագային միտված դրական քայլեր են, էլ ինչի՞ց եք այդպես անհանգստացել, ա՛յ ոչ հարգելի ՀՀԿ-ականներ, այդ ի՞նչ անհասցե կիսաակնարկներ եք անում ինչ-ինչ վտանգների մասին:

Իրականում, սակայն, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի շուրջ (դե, Սարգսյան որ ասում ենք՝ ՀՀԿ-ն էլ հետն է) օղակը սեղմվում է, որն, ի դեպ, ավելի ու ավելի են սեղմում հատկապես նախագահ Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բացի այդ՝ եթե Շարմազանովի՝ վերը բերված տողերից հանենք սովորական «աբիժնիկությունը», ապա տակը կմնա զուտ այն փաստի արձանագրումը, արդեն իսկ՝ ՀՀԿ-ական խոսնակի կողմից, որ ԲՀԿ-ն (որին Շարմազանովը, նեղացածությունից՝ օլիգարխիա է կոչում) միացել է ընդդիմությանը (որին, նորից նեղացածությունից, ռեւանշիստ է կոչում) եւ նրանք միասին պայքարում են իշխանությունների եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի դեմ: Ավելի լավ խոստովանություն, քան արեց Շարմազանովի ենթագիտակցությունը, չէր էլ կարող լինել:

Սա` մեկ:

Եւ ապա: Ինչ վերաբերում է ռեւանշիզմին: Շարմազանովը, ԱԺ փոխնախագահի պաշտոնին հասնելուց հետո անգամ, փաստորեն՝ չի հասկացել քաղաքական գործընթացների, կանոնների ու կյանքի էությունը: Այն, որ, նախ՝ ոչ մի քաղաքական ուժ չի կարող հավերժ մնալ իշխանության (առավելեւս՝ ընտրություններով, որովհետեւ անհնար է, որ անգամ ամենաժողովրդավարական ուժը տասնամյակներ շարունակ չկեղծված ընտրություններով մնա իշխանության, իսկ հակառակ դեպքում՝ գործ ունենք իշխանության ուզուրպացիայի հետ, ինչն էլ այսօր ունենք Հայաստանում) ապա՝ իրականում նորմալը հենց այն է, երբ քաղաքական ուժը պարբերաբար գալիս է իշխանության, հետո գնում է, հետո էլի է գալիս, ու այսպես շարունակ: Այսինքն՝ տեղի է ունենում նորմալ քաղաքական, ժողովրդավարական գործընթաց:

Չէ, մենք, իհարկե, հասկանում ենք, որ պարոն Շարմազանովի ու ողջ իշխանական վերնախավի քաղաքական չափումները սահմանվում են իրենց իսկ արշինով, եւ հետեւաբար՝ նրանք կարծում են, թե պետք է ամեն գնով  գալ իշխանության, եթե իշխանություն ունես՝ ամեն գնով այն պահես, որովհետեւ եթե իշխանությունդ կորցնես, լավագույն դեպքում՝ այլեւս հնարավորություն չես ունենա նորից իշխանության գալ, որովհետեւ իրենց համար՝ վատագույն դեպքում ՝իշխանությունը կորցնելուց հետո նրանք կա՛մ պետք է փախչեն երկրից, կա՛մ հայտնվեն «ոչ այնքան հեռավոր» վայրերում: Ու քանի որ քաղաքական դաշտի պատկերացնումներն այս իշխանությունների մոտ այսպիսին են, նրանք նորմալ քաղաքական գործընթացը ռեւանշիզմ են կոչում: Բայց դե՝ մեղքն իրենց վիզը, առավելեւս, որ սրանց համար կարծես հորինված լինի «մեռնելը որ կա, էլ խռխռալը ո՞րս է» արտահայտությունը:

Իսկ որ սրանց վերջը եկել է՝ արդեն կասկած չի հարուցում անգամ:  Նախ՝ ոչ իշխանական Քառյակը, պայմանավորվածությունների համաձայն, համատեղ օրակարգն է առաջ տանում, եւ կարծես՝ որեւէ միտում անգամ չկա այդ օրակարգից ետ կանգնելու: Հետո՝ խոստացված քաղաքական թեժ աշնանից դեռ ոչ ոք ոչ միայն չի հրաժարվել, դեռ մի բան էլ՝ ավելի է թեժացվել՝ շնորհիվ Տեր-Պետրոսյանի եւ Ծառուկյանի առանձին հարցազրույցների, ինչպես նաեւ եւ հատկապես նրանց վերջին հանդիպման, ինչն իշխանությունններին ակնհայտորեն խիստ է հուզել:

Հուզել, իհարկե՝ մեղմ է ասված, որովհետեւ իրականում սարսափեցրել է, այն աստիճան, որ սրանց ենթագիտակցական սարսափներն ամեն անգամ մի «խրոխտ» հակադարձման տակից դուրս են թռչում:

Ի դեպ, ենթագիտակցության մասին. Սերժ Սարգսյանն էլ անձամբ հետ չմնաց ենթագիտակցորեն սեփական վախերը մատնելուց: Հատկապես՝ այն ժամանակ, երբ կոչ արեց սեփական գրպանի խմբակցության պատգամավորներին ԱԺ դահլիճը չլքել՝ ինչպես խրամատը: Մարդը, որքան էլ ոչ լեգիտիմ լինի, գոնե հասկանում է, որ իրավիճակը հասել է լարման ամենաբարձր կետին, որ իրեն, ըստ էության, բոլորի կողմից պատերազմ է հայտարարված, եւ քանի որ, բառի բոլոր իմաստներով՝ խրամատ լքելու հարցում ՀՀԿ-ականներին հավասարը չկա, այդ իսկ պատճառով էլ սեփական թիմում համար 1 է հայտարարել:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘ Գիպուզկոայի նախագահը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Ա-ն՝ Սպիտակ տանը’