‘Երբ խեղճանում, անզորանում է հայդատականությունը’

2364

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված ամենամեծ մուրազը փայփայում էին երկու սուբյեկտ։

Առաջինը Սերժ Սարգսյանն է։ Սա նախապատրաստվել էր հայդատական «հերոսություններով», շոուներով ժողովրդի նուրբ զգացումների հետ խաղալով՝ բարվոքել իր արհամարհելի դարձած կերպարը, որպեսզի կարողանա իրականացնել իշխանության վերարտադրման համար մտահղացված սահմանադրության փոփոխությունը։ Նրա հրապարակած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»՝ հայդատականություն-պահանջատիրությունը հռչակելով որպես արտաքին քաղաքականության հիմնական խնդիր, հենց այս նպատակն է հետապնդում։

Երկրորդ շահառուն մարդկանց նույն՝ ազգային հայրենասիրական զգացումները բիզնեսի առարկա դարձրած հայտնի ուժեր եւ անհատներ են, այսպես կոչված՝ հայդատականները։

 Էս երկուսի մուրազն էլ, սակայն, պիտի Հայաստանին ու հայ ժողովրդին արժենար հսկայական կորուստներ եւ արհավիրքներ, ինչպես ոչ մեկ անգամ եղել է մեր պատմության ընթացքում։

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշյալ փաստաթղթի ու դրա պարունակած քաղաքական վտանգները արդեն հինգ հրապարակումներով արձանագրեց հանրության համար, էս երկուսն էլ հասկացան, որ իրենց «մուրազը կարող է փորում մնալ»։ Եւ երկու կողմից էլ սկսվեց կանխատեսված վայնասունը։ Ու քանի որ վայնասունը չի կարող ո՛չ բանական, ո՛չ էլ քաղաքական լինել, ուստի դրա դրսեւումներն էլ քաղաքական հարթության վրա դառնում են զավեշտ։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած վերջին՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ» վերնագրով փաստաթղթի առիթով զավեշտալի «քննադատության» մի օրինակ է տվել Արա Պապյան անունով մեկը՝ ջանալով ցույց տալ, թե՝ «Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձն անճշտություններ և հակասություններ է պարունակում»։ Սա հետաքրքիր է որպես հայդատական մտքի սեւեռման զավեշտալի մի ցուցանմուշ։

Ստորեւ՝ մի քանի օրինակ։

  1. Նա թուրքական ավանդական տեսակետ է համարում այն, որ՝ «հայերին կոտորել են, քանի որ նրանց կարող էին օգտագործել Օսմանյան շահերի դեմ»: «Ճշմարտությունը հակառակն է՝ Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը մեջտեղ է եկել, որովհետև հայերին կոտորել են, բայց կոտորել են հայերին ոչ Բեռլինի կոնգրեսի որոշման պատճառով»։ Նույնիսկ հայդատականության մեջ նման անհեթեթություն չկա։ Մինչ այդ Թուրքիայում հայերին ճնշել են, հարստահարել ամբողջ 500 տարի, եղել են նաեւ սպանություններ, բայց կոտորած չի եղել։ Չկա։ Կոտորած եղել է դրանից հետո՝ 1895-96-ին, 1909-ին, 1915-ին ու հաջորդ տարիներին։ Տես՝ դպրոցական դասագրքից սկսած՝ մինչեւ Հայոց պատմության ակադեմիական հրատարակություններ։ Ուրեմն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին «թուրքական տեսակետը» ներկայացնելու մեղադրանք ուղղելու համար, նախ, պետք է դպրոցական դասագրքից սկսած՝ մինչեւ ակադեմիական հրատարակություններ փոխել պատմությունը։ Անգամ մեր պատմության՝ հայդատական հիմունքներով վերջին շրջանում կատարած խմբագրումները նման հիմք չեն տալիս։ Բայց մի մեջբերում անենք ոչ թե գրքերից, այլ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից՝ որպես հայ պատմագրության պաշտոնական տեսակետ.«Հենց Բեռլինի վեհաժողովից հետո` 1891թ., նրա (Աբդուլ Համիդի) հրամանով ստեղծվեց բացառապես քրդերից կազմված և օսմանյան կառավարության հաշվին պահվող հեծելազոր, որը նրա անունով կոչվեց «Համիդիե»: …«Համիդիեի» գլխավոր նպատակը, փաստորեն, կայսրության ողջ տարածքում հայկական ջարդեր իրականացնելն էր: 
  2. «Միություն և առաջադիմություն» (Իթթիհադ վե Թերաքքի) կուսակցության պարագլուխների դատավարության մասին: Այնտեղ նշված են տվյալներ Մուդրոսի զինադադարի մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը»: «Փաստական սխալն», իբր, այն է, թե դա կապ չունի երիտթուրքերի պարագլուխների դատավարության հետ։ Այս զինադադարն, ըստ էության, Թուրքիայի կապիտուլյացիան էր Անտանտի առջեւ։ Նույն Անտանտի երկրները դեռ 1915-ի մայիսի 24-ին համատեղ պաշտոնական հայտարարություն էին տարածել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին։ Ինչպե՞ս կարող էր Կապիտուլյացիայի ակտը կապ չունենալ դրա հետ։ «Հայկական հարց» հանրագիտարանն էլ այդ բանն արձանագրում է հետեւյալ կերպ. «Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից անմիջապես հետո համաշխարհային հասարակայնության ճնշման տակ թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին» (էջ 125)։ «Համաշխարհային հանրությունն» էլ նույն Անտանտն էր՝ առաջին հերթին, որ պիտի տեր կանգներ դեռ 1915-ին իր արած հայտարարությանը։ Ո՞ւր մնաց «փաստական սխալը»։
  3. Ըստ «Հայաստանի անկախության մասին» 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրի` Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ այն չդարձնելով արտաքին քաղաքականության հիմնաքար: Դա նշանակում է միակ հիմնական ուղղություն: Սակայն երբեք Ցեղասպանության ճանաչումը չի եղել արտաքին քաղաքականության հիմնաքարը: Այդ հարցը եղել է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը»: Հենց այսպես։ Իրոք սեւեռուն ուղեղ ունենալու կամ ընդհանրապես այդ օրգանը չունալու դեպքում միայն կարելի է պնդել, թե «արտաքին քաղաքականության հիմնաքարն» ու «արտաքին քաղաքականության գերակայությունը» միմյանցից խիստ տարբեր բաներ են։ Ընդ որում՝ 1998-ից ի վեր այս իշխանությունը ոչ թե ժխտել, այլ միայն պարծեցել է դրանով։
  4. «Տասներորդ կետում ասվում է, որ Հայաստանը նաև Թուրքիայի առջև պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Սա ուղղակի հակասում է ութերորդ կետին»: Այսինքն՝ Անկախության հռչակագրի՝ «Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը» դրույթին։ Դե ինչ, այս դեպքում էլ մարդ իրեն անգրագետի ու թերուսի տեղ պետք է դնի՝ նույնացնելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն «աջակցելն» ու Թուրքիայից Ցեղասպանության ճանչում «պահանջելը»։ Բայց դե՝ Առաջին նախագահին «քննադատելու» եւ հանուն «հացի»՝ ինչքա՜ն մարդիկ իրենց ինչի տեղ ասես դրել են։

Բնականաբար, անիմաստ է, եւ լրջի տված կլինեինք՝ այսպես մինչեւ վերջ ներկայացնելով հաջորդ անհեթեթությունները։ Ընթերցողն էլ կձանձրանա։ Զավեշտը ցուցադրելու համար այսքանն էլ շատ էր։

Բայց նամարդ չլինենք ու մեջբերեք հեղինակի մտքի «կուլմինացիան»՝ ինչի համար որ գրվել է այս ամենը. «Եթե ես չիմանայի, որ այս նախագիծը գրել է Տեր-Պետրոսյանը, կարող էի մտածել, որ նախագծի հեղինակը թուրք ինչ-որ գիտնական կամ լրագրող է»։ Այ, հիմա ամեն ինչ տեղն է ընկնում. սա այն պիտակն է, որ 1988-ից ի վեր՝ կպցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին հայդատականությունը, երբ խեղճանում, անզորանում է նրա քաղաքական փաստարկների ու տրամաբանական խոսքի առջեւ։

Վահան Մարտիրոսյան

Նախորդ հոդվածը‘Սանտուշ. «Մեր խաղն ու արդյունքն առաջիկա հանդիպումներից առաջ ինքնավստահություն են հաղորդում»’
Հաջորդ հոդվածը‘Գարեթ Բեյլը գնդակով ամենաարագ վազող ֆուտբոլիստն է’