Երբ չկա հայեցակարգ․ Առավոտ

467

Վերջերս խորհրդարանում վարչապետ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության, չունեին ղարաբաղյան խնդրի կարգավորման հայեցակարգ:

Եթե խոսքը Քոչարյանի, Սարգսյանի եւ իր մասին է, ապա այդ պնդման հետ դժվար է վիճել: Հայեցակարգ կար մինչեւ 1998 թվականը, եւ այն ձեւակերպվել էր արցախյան առաջին պատերազմի ժամանակ. մենք գրավում ենք նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող շրջանները, որպեսզի հետագայում դրանց մի մասը վերադարձնենք Ադրբեջանին՝ Ղարաբաղի՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց: Տեր-Պետրոսյանի այդ մոտեցումը աջակցություն չգտավ նրա թիմի մի մասի, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների մեծ մասի մոտ: Դրանից հետո եւ առայսօր հայեցակարգ իսկապես չկա: Ասել, որ լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին՝ հայեցակարգ չէր, պարզապես գեղեցիկ ձեւակերպում էր, լավագույն դեպքում՝ բարի ցանկություն, որը չիրականացավ: Ադրբեջանն, ի վերջո, գտավ լուծում, որը հիմնականում բավարարում է իրեն եւ ամենեւին չի բավարարում մեզ:

Հիմա էլ են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները պարբերաբար խոսում Ադրբեջանի եւ Թուրքայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Ի տարբերություն «ուռա-հայրենասերների»՝ ես գտնում եմ, որ դա կենսական անհրաժեշտություն է: Բայց այժմ էլ, ըստ էության, չի ասվում, թե ինչպիսի հայեցակարգի հիման վրա է դա տեղի ունենալու:

Ճանաչելո՞վ այդ երկրների տարածքային ամբողջականությունը, թե՞ վերապահումներ անելով այդ հարցում: Ընդունելո՞վ, որ Արցախի Հանրապետությունից մնացել է մի փոքրիկ կտոր, թե՞ չհամաձայնելով այդ իրողության հետ: Մենք պաշտոնապես համարո՞ւմ ենք Շուշին եւ Հադրութը օկուպացված, թե՞ ոչ: Թուրքիայի հետ պիտի ստորագրվի 2009-ի ցյուրիխյան արձանագրությունների նման մի փաստաթո՞ւղթ, թե՞ մշակվեն բոլորովին այլ գաղափարների վրա հիմնված բանաձեւեր: Սովորաբար, երբ չկա հայեցակարգ, իշխանությունները նման հարցերը «ցրում են» հետեւյալ նախադասություններով. «Այդ ամենը պետք է որոշվի բուն բանակցությունների ժամանակ»: Կամ՝ «մեր մոտեցումը հիմնված է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա»:

Բայց արդյո՞ք Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք, ինչպես պարզեցինք, հայեցակարգ ունեն, պատրաստ են բանակցություններ վարել այդ սկզբունքի շուրջ: Եթե պատրաստ չեն, իսկ մենք պատրաստ չենք իրենց պայմաններին, ապա արդյո՞ք բանակցային վիճակը սկզբունքորեն նույնը չէ, ինչ 1998-2018 թվականներին՝ այն տարբերությամբ, որ պատերազմում հաղթած կողմերը հիմքեր ունեն էապես կարծրացնելու իրենց դիրքորոշումը: Իսկ եթե այդպես է, ապա արդյո՞ք այսօրվա կարգավիճակն իր մեջ չի պարունակում նոր պատերազմի վտանգ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավոտ

Նախորդ հոդվածըԱնգլիական ակումբներում պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չեն պահանջի
Հաջորդ հոդվածըՀյուսիսային Կորեան նոր հրթիռ փորձարկելու վերաբերյալ հայտարարություն է արել