‘
Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ երեխային վաճառելու, եւ Շիրակի մարզի մի բնակչի՝ երեխային գնելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրիի 25-ամյա բնակչուհին, լինելով հղի, դեռեւս 2014 թվականի մայիսին նախապես պայմանավորվել է երեխայի ծնվելուց հետո նրան հանձնել Շիրակի մարզի մի ամուսնական զույգի, որը երկար տարիների համատեղ կյանքի ընթացքում երեխա չի ունեցել: Ըստ քրեական գործի տվյալների՝ նորածնի մայրը երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերել ընտանիքի հոր հետԼ
2014 թվականի սեպտեմբերի 18-ին կինը ծննդաբերել է, եւ պայմանավորվածության համաձայն՝ տղամարդը ՔԿԱԳ Գյումրու տարածքային բաժնում ճանաչել է նորածնի հայրությունը, իսկ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երեխայի մայրը նորածնին հանձնել է նրա հայրությունը ճանաչած տղամարդուն՝ գումարը հետագայում վճարելու պայմանով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորն ու տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (ՙԵրեխայի առք ու վաճառքը՚) առաջին մասով, որով նախատեսված է 3-ից մինչև 7 տարվա ազատազրկում: Նախաքննությունը շարունակվում է:
‘