‘Երեխայի վաճառքի մեջ կասկածվում են մանկատան տնօրենը և մարզպետարանի բաժնի պետը’

840

Օգոստոսի 5-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները օպերատիվ տվյալները իրացնելիս Վանաձորում վնասազերծել են հանցավոր խմբի անդամների, ովքեր կասկածվում են երեխայի առք ու վաճառք կատարելու մեջ:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ձերբակալվածների մեջ են 57-ամյա Արշալույս Հարությունյանը, ով Վանաձորի մանկատան տնօրենն է, և 40-ամյա Նարեկ Սարգսյանը, ով Լոռու մարզպետարանի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն է: Կայքը հայտնում է, որ մանկատան տնօրենը ստորագրությամբ ազատ է արձակվել՝ ոստիկանությունում վաճառվող երեխայի մասին բացատրություն տալուց հետո: Ըստ վանաձորցիների՝ տնօրենի նկատմամբ մի քանի անգամ քրեական գործեր են հարուցվել՝ երեխաների առք ու վաճառքի փաստով, և բոլոր գործերն էլ կարճվել են:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երեւան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի եւ Լոռու մարզային վարչության ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից` 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին եւ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից` 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի, 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված Ռիմա Ա.-ին:

Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել եւ ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Աննա Է.-ն եւ Գեղեցիկ Վ.-ն ձերբակալված են, կատարվում է նախաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Արգելվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» պաղպաղակների արտադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է սփյուռքահայ բարերար Կարապետ Գալֆայանը’