‘Երեխաների խնդիրները լուծելու նպատակով միավորվել են մեկ տասնյակից ավելի հ/կ-ներ ‘

710

Երեխաների պաշտպանությամբ զբաղվող 13 հասարակական կազմակերպություններ միացել են մեկ ցանցի մեջ՝ իրենց ջանքերը միավորելու և երեխաների խնդիրներով զբաղվելու համար: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երեխաների պաշտպանության ցանցի» նախագահ Միրա Անտոնյանը:

«Բոլոր այդ կազմակերպություններն էլ շահագրգիռ են, որ երեխաների բարեկեցության խնդիրները կարգավորվեն, նրանք աղքատության պայմաններում չապրեն, նրանց կարիքները ճանաչի հանրությունը: Մեր երկիրն այնպիսի իրավիճակում է, որ երեխաների շրջանում աղքատության 40%-ը բավական լուրջ թիվ է»,- ասաց Անտոնյանը:

Նա պատմում է, որ ցանցը գործում է դեռ 2005 թվականից, սակայն պաշտոնապես գրանցվել է միայն այս տարվա հունվարին: Միրա Անտոնյանի խոսքով՝ ցանկանում էին ստուգել իրենց ուժերը, որից հետո իրավաբանական կարգավիճակ ձեռք բերել:

«Վորդ Վիժն» ընկերության՝ Հայաստանի երեխայի բարեկեցության հարցերով երեխայի շահերի պատասխանատու Գրիգորի Գրիգորյանցն էլ ընդգծեց, որ ցանցին անդամակցությունը բաց է, և ցանցին միանալու ցանկացած դիմում պատրաստ են քննարկել: Գրիգորյանցը տեղեկացրեց, որ ցանցը համագործակցում է տարածաշրջանային ութ կազմակերպությունների հետ:

«Ութ երկրներն էլ հետխորհրդային համակարգի երկրներ են, այդ պատճառով խնդիրները կրկնվող են՝ աղքատության մեծ մակարդակ, հաստատություններում ապրող երեխաների պահպանվող զգալի թիվ, աշխատող երեխաներ»,- նշեց նա:

Նախորդ հոդվածը‘Չեխիայի նախագահի վրա հարձակում գործողը պահանջում էր ուշադիր լինել երկրի խնդիրներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականներն ահազանգում են՝ եվրոպական լեզուների մեծ մասը վերացման վտանգի տակ է’