‘Երեւանի ոստիկանությունը հերքում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մեղադրանքները’

1577

Մարտի 26-ին Երեւանում կայացած Հայաստան — Չեխիա (0։3) աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից տեղի ունեցած սկանդալի համար, երբ ոստիկանները փակել էն մուտքերը եւ տոմսերով ֆուտբոլասերներին ներս չեն թողել՝ պատճառաբանելով, թե ստադիոնում ազատ տեղ արդեն չկա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պատասխանատու էր համարել ՀՀ ոստիկանությանը եւ «ԱՐՄՄՈԲԻԼ» ընկերությանը:

Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է Հայաստան — Չեխիա խաղի ժամանակ առաջացած իրարանցումը, երբ տոմսերով երկրպագուները չեն կարողացել մտնել մարզադաշտ, ու մեղադրել է «ԱՐՄՄՈԲԻԼ» ընկերությանը:

«Ոստիկանը տոմսերի տպագրման, վաճառքի, ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիսատեսին մարզադաշտ թողնելու, տոմսերի ստուգման, դրանց կտրման և մուտքերից տոմսով կամ անտոմս քաղաքացու մուտքն ու ելքը արգելելու հետ չի առնչվում: Մենք իրականացնում ենք սովորական ծառայություն` ուղղված հասարակական կարգի պահպանմանը:

Իսկ այդ ամենի պատասխանատուն «ԱՐՄՄՈԲԻԼ»-ն է, որն էլ պայմանագրային կարգով, իրականացնում է վերևում թվարկածս ծառայությունները, որի համար, ի դեպ, նորմալ վարձատրվում է: Իսկ երբ նույն «ԱՐՄՄՈԲԻԼԻ» ծառայողները մուտքերը փակում են և հեռանում են ծառայության վայրից, ապա ոստիկանին մնում է հսկել փակված մուտքերը, որպեսզի զանգվածային բախումներ և անկարգություններ չսկսեն:

Մեզ ավելի քիչ է հետաքրքրում հանդիսատեսի տոմսի առկայությունը: Նրանց մուտքն ու ելքը կարգավորողը «ԱՐՄՄՈԲԻԼՆ» է: Ինձ այլ հարց տվեք` «Պարոն Մովսիսյան, իսկ ձեր հարազատ որդին առանց տոմսի, Ձեր միջամտությամբ կարո՞ղ է մտնել մարզադաշտ»: Ես կպատասխանեմ շատ անկեղծ` «Եթե ես նույնիսկ շատ ցանկանամ, ապա չեմ կարողանա որևէ մեկին անտոմս անցկացնել»:

Ահա թե ինչու էր մարզադաշտը լեփ լեցուն, իսկ դրսում մի քանի հարյուր քաղաքացի տոմսով, բայց հուսահատ կանգնած էին: Ինձ թվում է, որ իրար հասկացանք»,- նշել է Երեւանի փոխոստիկանապետը:

Սկանդալին անդրադարձել է նաեւ Երեւան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, որը Sport.News.am-ի հետ զրույցում անհիմն է համարել հանդիպման տոմս ունեցող, բայց ստադիոն չմտած ֆուտբոլասերների հետ կապված միջադեպի վերաբերյալ Ոստիկանության հասցեին արված մեղադրանքները:

Նա նշել է, որ ոստիկանությունը պատասխանատու է ստադիոնի ներսում եւ հարակից տարածքում հասարակական կարգի համար, իսկ տոմսերի, մարդկանց թողնել, չթողնելու հետ կապված ոստիկանությունը բացարձակ կապ չունի: Ներսես Նազարյանի խոսքով` տոմսերը ստուգող կազմակերպությունը «Արմոբիլն» է, ոստիկանները տոմս չեն ստուգում, նրանք այնտեղ կանգնած են եւ հսկողություն են իրականացնում, որ  ապակյա տարրաներ կամ այլ արգելված առարկաներ չմտցնեն մարզադաշտ: Իսկ թե ինչու տոմս ունեցող մարդկանց չեն թողել մարզադաշատ, Երեւանի ոստիկանապետը նշել է, որ մարզադաշտը  ամբողջությամբ լցված է եղել, այնտեղ կային ծառայություններ, որոնք տեսնում էին, թե ինչ է կատարվում: Նրանք հաղորդել են, որ խաղը սկսված է, մարզադաշտում որեւէ ազատ տեղ չկա, նույնիսկ աստիճանների վրա են կանգնած։

«Երբ մեր ոստիկանները տեսնում են, որ ստադիոնում նույնիսկ մեկ ազատ տեղ չկա եւ ամբողջ ստադիոնը լցված է, ոչ մի ազատ տեղ, եւ դրսում կանգնած է 2000-3000 ժողովուրդ, ժամանակին իրենք չեն գալիս, որպեսզի 1-2 ժամ առաջ կարողանան մտնել ներս, պատկերացրեք ամբողջ ստադիոնը լցված է, էդ 200, 300, 400, 500 մարդ,  որ ասում է` մենք տոմս ունենք, արդեն խաղը սկսված մտնեն ստադիոն, սկսվի վիճաբանությունը տեղերի հետ կապված, դուք պատկերացրեք ի՞նչ կկատարվի այդ ստադիոնում: Դրա համար իմ ծառայության տեղեկալը որոշում է կայացրել, որ պետք է կանխի դա»,- ասել է Ներսես Նազարյանը։

Նրա խոսքով` եթե դրսում գտնվող մարդկանց ներս թողնեին, մարզադաշտում քաոս կառաջանար, կսկսեին վիճել տեղերի, տոմսերի հետ կապված, իսկ դա միջազգային խաղ էր, երկրի հեղինակության հարց է: Նա ասաց, որ նմանատիպ դեպք արձանագրվել էր Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ, եւ իրենք ՀՖՖ-ի հետ բանակցելու են, քննարկելու են, որ տոմսերի ստուգման հարցերը դրվի լուրջ հիմքերի վրա:

Ոստիկանապետի խոսքով` մարդկանց ներս թողնող կազմակերպությունը պետք է վերահսկեր, թե ինչքան մարդ են թողնել տոմսով կամ առանց տոմսի: Նրա կարծիքով` խնդիրը ոչ թե նույն տեղի տոմսը մի քանի մարդուն վաճառելն էր, որովհետեւ եթե նման բան լիներ, բողոք կներկայացնեին, այլ պարզապես  առանց տոմսի շատ մարդիկ են մտել:

Նա նշեց, որ իրենք շատ վատ են զգում, որ տոմս ունեցող մարդիկ չեն կարողացել նայել խաղը: 

«Նույնիսկ այն պարագայում, որ ժողովուրդը կոտրել է դարպասները, եւ այդ դարպասները ոստիկանների վրա ընկան, բոլորը տեսան, որ ոստիկանները ստացան մարմնական վնասվածքներ, տեղում շտապօգնությունը բուժօգնություն ցույց տվեց, նույնիսկ հիվանդանոց տեղափոխեցին, գնդի հրամանատարը` Խաչիկ Ավետիսյանը, լուրջ վնասվածք ստացավ: Մենք այդ հարցին լուրջ ըմբռնումով մոտեցանք, որ ժողովուրդը շատ լարված, ծանր վիճակում է, մենք ընթացք չտվեցինք, մտնելով իրենց դրության մեջ»,- նշեց Ներսես Նազարյանը:

Ներսես Նազարյանը տեղեկացրել է, որ խաղից առաջ հանդիպում են Ֆեդերացիայի, ՖԻՖԱ-ի աշխատակիցների հետ, հասարակական կարգի հետ կապված հարցը հստակեցվում է, որ մարզադաշտում չեն կարող լինել աստիճանների վրա կանգնած մարդիկ, դա հասարակական կարգի խախտում է, որի պատճառով տուգանվում է Ֆեդերացիան։ 

Նա շեշտել է, որ շատ վատ է, որ ամեն ինչի մեջ փորձում են մեղադրել ոստիկաններին եւ նրանց քավության նոխազ դարձնել:

«Մեր ոստիկանները արտակարգ ծառայություն են կատարում եւ ֆուտբոլային միջոցառումներին որեւէ դեպք չլինելը գնահատում են եւ ՖԻՖԱ-ն, եւ մյուս ծառայությունները, մարդիկ իրենք են տեսնում ստադիոն գալը, գնալը ոնց են ապահովում ոստիկանները: Նման միջադեպերի հետ կապված քննադատել ոստիկանությանը, դարձնել քավության նոխազ, բացարձակ կապ չունի»,- ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Համացանցը ենթարկվել է պատմության մեջ աննախադեպ հաքերային գրոհի’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանի բուժման համար կառավարությունը 50 հազ. դոլար հատկացրեց ‘