‘Երեւանում աղքատությունը խորանում է’

954

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ՀՀ մանրածախ առևտրի, մասնավորապես արագ սպառման ապրանքների առևտրի ոլորտի երկրորդ համապարփակ ուսումնասիրության արդյունքները: Զեկույցը ներկայացնում է ինչպես 2014 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքները, այնպես էլ համադրումներ է կատարում 2012 թվականին իրականացված առաջին ուսումնասիրության արդյունքների հետ: Համադրումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել տվյալ ոլորտի վերջին տարիների զարգացումները, շուկայի հիմնական մասնակիցների (սուպերմարկետների) հակիրճ վերլուծությունը, շուկայի զարգացման հիմնական միտումները:

Հետազոտության շրջանակում իրականացվել է հարցում Երևանում` 1,000 մասնակիցների շրջանում:

«Եթե հաշվի առնենք ինֆլյացիան, ապա արագ սպառման ապրանքների շուկայի ծավալը կրճատվել է 16%, ինչը զգալի ցուցանիշ է: Գազի և էլեկտրաէներգիայի ծառայությունների դիմաց վճարումների տեսակարար կշռի աճը և արագ սպառման առարկաների ծախսերի կրճատումը, անփոփոխ եկամուտների պայմաններում, վկայում է այն մասին, որ մայրաքաղաքում աղքատությունը խորանում է»,- ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

 

Համաձայն ուսումնասիրության Երևանում արագ սպառման ապրանքների (ԱՍԱ) շուկայի ծավալը 2 տարվա ընթացքում կրճատվել է մոտ 4%-ով (իսկ ԱՄՆ դոլարով արտահայտվելու դեպքում՝ 6%), ինչը պայմանավորված է բնակչության ԱՍԱ ծախսերի կրճատմամբ, որն էլ իր հերթին բացատրվում է ընդհանուր եկամուտների չաճելու պարագայում այլ ծախսերի առաջնահերթությամբ: Մասնավորապես, 2013թ. կեսից զգալիորեն աճել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

Ուշագրավ է նաև, որ առավել բարձր եկամտային խմբի տնային տնտեսությունները հիմնականում չեն կրճատել ԱՍԱ ծախսերը, ի տարբերություն ավելի ցածր եկամտային խմբերի: Հաշվի առնելով նաև մակրոտնտեսական տվյալներով բնակչության եկամուտների և ծախսերի որոշակի աճը, կարելի է փաստել, որ Երևանում շարունակվում է բնակչության բևեռացման մեծացումը: Միջինում 1 տնային տնտեսության ԱՍԱ ամսական ծախսերը 2014թ. գնահատվում են 144 հազար ՀՀ դրամ:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ կներկայացվեն սույն թվականի հունիսի 10-ին նախատեսվող շնորհանդեսի ժամանակ:

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոն. Գագաթնաժողով՝ թեժ կետերում սեռական բռնությունները դադարեցնելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն հանձնարարել է միջանցք բացել խաղաղ բնակչության համար’