‘Երեւանում եւ ձուկ են որսում, եւ դրամաշնորհ են տալիս օտարներին’

1602

Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է ոչ միայն ագրեսիվ, այլեւ բավական նենգ քարոզչություն վարել: Նրան այլեւս չեն բավարարում կուսակցական եւ սեփական գործածության սազանդարները, կամ` ֆեյսբուքյան կիսամերկ ֆեյքերը: Եւ ուրեմն` բանը հասնում է ահաբեկության նույնիսկ տնային տնտեսուհիների նկատմամբ, որովհետեւ օրն առնվազն մի քանի անգամ, տարբեր տարիքային ցենզի ու դաստիարակության տեր մարդկանց կողմից, բնակարանիդ դուռն այնպես են բախում ու հետո այնպես  վրա քշում` պահանջելով ընտրել Տարոն Մարգարյանին, որ ուղղակի սարսափում ես:

Ընդ որում, որպես կանոն, բոլորի ձեռքին քաղաքապետի լուսաշող ծրագիրն է` «Ավելի լավ Երեւան» վերնագրով ու համապատասխան տեսաձայներիզով, որի վրա գրված է` վաճառքի ենթակա չէ: Սրանց երեւի թվում է, որ քաղաքացու ձայնը նույնիսկ որեւէ մեկին պետք չեկող իրենց այս դիսկին համարժեք «արժեք չէ», եւ որ այն «ստեղծված է» հատկապես գնման ու ահեբեկման ճանապարհով դրան տիրանալու համար:

—         Լավ, բայց ինչո՞ւ չեք ընտրելու մեր հրաշք, Ավանը ծաղկացրած, հիմա էլ ամբողջ քաղաքի համար հոգ տանող մեր Տարոն Մարգարյանին,- հարցնում է ամբողջ ուժով ինձ իմ տան շեմից ներս հրող տիկինը:

—         Որովհետեւ նա անդամակցում է մի կուսակցության, որը եթե ոչ մի այլ հանցանք գործած էլ չլիներ, արդեն մերժելի պիտի լիներ առնվազն երկու անգամ ընտրակեղծիքներով իշխանությունն ուզուրպացնելու համար,-պատասխանում եմ հարգալից եւ նույնքան բարեհամբույր կերպով խնդրում լքել բնակարանս` իր արեւաշող բրոշյուրի հետ միասին:

Բայց իսկապես` բացի արդեն հայտարարված հիմնավոր պատճառից, ինչո՞ւ չեմ ընտրի Տարոն Մարգարյանին: Որովետեւ Տարոն Մարգարյանը ձախողվել է իր նախկին պաշտոնավարման ընթացքում, եւ դրա լավագույն ապացույցը քաղաքապետարանի բյուջեն է, որով, շատ գծերով, արտացոլվում է քաղաքի իսկական պատկերը: Մի բյուջե, որն առանց այդ էլ սուղ լինելով` ամբողջ այս ընթացքում գործածվել է ոչ թե քաղաքի կենսական խնդիրների լուծման, այլ, շատ հաճախ, չգիտես էլ` ինչի համար:

Օրինակ` ո՞վ է տեսել, որ աղբի մեջ կորած քաղաքի բյուջեից ուղիղ 81միլիոն դրամը հատկացվի միայն արտաքին գործուղումների համար: Կամ`  344 միլիլոն դրամ ծախսվի Երեւանի արտաքին լուսավորության սարքերի տեղադրման համար, այն էլ` հիմնականում կենտրոնում: Կամ` 73 մլն. դրամ հատկացնեն դրոշների տեղադրման համար այն դեպքում, երբ առանձին շենքերում վախենում ես վերելակ նստել:

Եւ ընդհանրապես` երբ քաղաքապետարանի բյուջեն նայում ես ըստ գործառնական բաժինների, ամեն երրորդ-չորրորդ տողից հետո հանդիպում ես ոչինչ չասող` «Այլ նպաստներ բյուջեից», «Այլ ծախսեր», «Կենցաղային և հանրային սննդի նյութեր», «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ», «Մասնագիտական ծառայություններ», «Ներկայացուցչական ծախսեր» տողերի, որոնցով միասին շատ ավելի լուրջ գումարներ են ծախսվել, քան քաղաքի աղբահանության եւ մնացած կենսական խնդիրների լուծման համար:

 Սա նորմա՞լ երեւույթ է` հարցնում ենք Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությանը, նորմա՞լ եք համարում, որ քաղաքի բյուջեն ուղղակի այսպիսի ոչինչ չասող ու լղոզված տողերով է կազմվում եւ գուցե նաեւ` վատնվում: Եւ ահա Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, փոխանակ հարցին ուղիղ պատասխանելուն, մի բան էլ անգրագիտության մեջ է մեզ մեղադրում, հատուկ նամակով պատասխանելով, թե «Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված ձեր հարցման՝ աշխատակազմի ֆինանսական վարչությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի 2012 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ պարզաբանման կարիք ունեցող ներկայացված հարցադրումներից ակնհայտ է, որ դրանց հիմնական մասը ուղղակիորեն վերաբերվում է բյուջետային օրենսդրության բացատրմանը, որը վերաբերվում է ՀՀ բոլոր համայնքներին եւ այն կարող է տրամադրվել համապատասխան լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Թեեւ համայնքների բյուջեների եւ հաշվետվությունների ձևերը, ինչպես նաեւ գործառական եւ տնտեսագիտական դասակարգման խմբերի եւ հոդվածների բովանդակությունը սահմանված են ՀՀ օրենսդրությամբ…այդ տողերը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումներն են, ունեն հստակ բովանդակություն, որոնցից յուրաքանչյուրի մասով հնարավոր է պատկերացում կազմել` ծանոթանալով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «ՀՀ բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները եւ դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» թիվ 5-Ն հրամանին»:

Ստացվում է, որ կառավարությունը հատուկ հրամանով այնպես է արել, որ ոչ միայն Երեւանում, այլեւ ցանկացած համայնքում դրա ղեկավարն իր ուզած ծախսը մտցնի ասենք` «Այլ ծախսեր» տողի տակ, եւ խնդրեմ` օրինականութունն ապահովված է, իսկ լրագրողն էլ զրկված հարց տալու իրավունքից, քանի որ «ծանոթ չէ բյուջետային օրենսդրության տրամաբանությանը»…

Շատ լավ: Այդ դեպքում ո՞վ կարող է մեզ բացատրել այն տրամաբանութունը, ըստ որի`հնարավոր է Երեւանում բավական լուրջ գումարներ ծախսել ասենք` «Քաղաքացիական պաշտպանություն» տողով, եւ էլ ավելի լուրջ թվեր` «Այլ դասերին չպատկանող պաշտպանություն» ձեւակերպմամբ: Համապատասխան ծառայությունն, օրինակ, գերադասել է մեր այս հարցն անտեսել:

Կամ` արդյո՞ք նորմալ է քաղաքի բյուջեում «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն» գործառական դասակարգման ծախսային խումբ ունենալ` դիմացը կլորիկ մի թիվ, հետո էլ հոխորտալ, թե մայրաքաղաքում մասսայական ձկնորսությամբ զբաղվելու տարոնմարգարյանական այս օյինբազությանը մեր արձագանքը «եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հարցադրումներն ըստ էության հետապնդում են տպավորություն ստեղծելու նպատակ, քանի որ Երեւան քաղաքի բյուջեն բնականաբար չի նախատեսում եւ երբեւէ չի նախատեսել ձկնորսությանը կամ գյուղատնտեսությանը ուղղվող ծախսեր եւ այս դեպքում խնդիրն ուղղակիորեն եւ ամբողջությամբ առնչվում է մայրաքաղաքում ոռոգման ցանցի կառուցմանն ու վերանորոգմանն ուղղվող ծախսերին»: Հետաքրքիր է` ի՞նչ են ոռոգել, այն էլ` այդքան տպավորիչ չափի գումարներով: Ծաղիկնե՞րը, որոնց տնկման համար չգիտես էլ` ինչքան գումարներ են ծախսում, բայց կանաչ տարածքներն այս քաղաքում մեկ սատնտիմետրով էլ չեն ավելանում արդյունքում:

Կամ` կարո՞ղ է Տարոն Մարգարյանը մեզ գոնե մեկ հանրային զուգարան ցույց տալ քաղաքում, որ բյուջեով առանձին տող է ամրագրել դրանց պահպանության համար, այն էլ` տպավորիչ թվերով, որ հիմա մի բան էլ մեր դեմ են սրեր ճոճում` ի պատասխան հայտարարելով, թե «մեր հարցադրումներն առանց հասկանալու պիտակավորված են, ենթադրում են բյուջետային օրենսդրության մեխանիկական արտագրություն, որը ժամանակատար է եւ աննպատակահարմար»: Փաստորեն, կոնկրետ զուգարան ցույց տալու փոխարեն` մարդիկ ստիպված են օրենսդրության մեխանիկական արտագրությամբ զբաղվել, ինչը նշանակում է, որ կարող են նաեւ չպատասխանել մեր մնացած հարցերին, որոնք, ի դեպ, բոլորովին էլ անկարեւոր չէին: Բնակարանաշինարությունը վերցնենք, որ ինքնին կարեւոր հարց է, քանի որ սոցիալական բնակարանաշինարարարությունն իսպառ վերացած կատեգորիա է այս քաղաքում: Եւ եթե ինչ-որ բան,այնուամենայնիվ, կառուցվում է քաղաքում, ինչո՞ւ չենք կարող ճշտել, թե առանց այդ էլ սուղ միջոցներով կառուցված բնակարանները հատկացվել են իսկապես կարիքավո՞ր մարդկանց, թե՞` ասենք` Տարոն Մարգարանի սիրած Վոլոչկովային ու նրա նմաններին:

Կամ` քաղաքում անընդհատ լսում ենք առնետներով լեցուն շենքերի մասին, ոչ ոք անգամ չգիտի` մեր դեպքում ինչ ասել է ախտահանման, միջատազերծման, դեռատիզացիայի աշխատանքներ, բայց արի տես որ քաղաքապետարանը հասցրել է սրա համար մոտ 50 մլն. դրամ ծախսել եւ իրեն իրավունք վերապահել գոնե մեկ հասցե չտալ, որպեսզի գնանք եւ բնակիչներից ճշտենք կատարված աշխատանքների իսկության եւ դրանց որակի վերաբերյալ: Նույնը` շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի պարագայում. Սա, ի դեպ, մի տող է, որ հանդիպում է միանգամից մի քանի գործառնական խմբերում եւ ամենուր` բավական տպավորիչ թվերով: Ասենք` 41.11.1 մլն, դրամ, 1.987.485.5 դրամ: Եւ սրանցից զատ` մի բան էլ  «Այլ դասերին չպատկանող պաշտպանություն» տող կա, որոնցով կրկին գումարներ են ծախսվել` չես հասկանում` կոնկրետ ինչի համար:

Չէ, մենք իսկապես հասկանում ենք, որ Տարոն Մարգարյանը վատ վիճակում է հայտնվել, քանի որ հիմա ստիպված է առնվազն բավական տհաճ հարցերի պատասխանել: Բայց այդ ընթացքում կարելի է նաեւ չագրեսիվանալ եւ համապատասխան ծառայությանը հորդորել, որ սրանք շատ հանգիստ պատասխանեն այն հարցին, թե այդ երբվանի՞ց է մեր քաղաքապետարանը սկսել սուբսիդիաներ տրամադրել ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին եւ մանավանդ` ոչ պետական առեւտրային կազմակերպություններին: Ինչո՞ւ մենք չենք կարող իմանալ, թե որո՞նք են այդ կազմակերպությունները եւ ի՞նչ նպատակով են սուբսիդավորվել քաղաքի բյուջեից: Մեկ այլ ցնցող բան. Տարոն Մարգարյանը, ուշադրություն, սկսել է նաեւ կապիտալ դրամաշնորհներ տրամադրել սովորական ու միջազգային կազմակերպություններին: Վերջիններիս, օրինակ` 64 միլիոն դրամի չափով: Ո՞վ կբացատրի` ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ են անհրաժեշտ եղել դրանք, եւ ովքեր են այն երջանիկները, որ դրամաշնորհ են ստացել քաղաքապետարանից: Չխոսենք արդեն զորակոչի աջակցության, հանրային սննդի, ինչ-որ անորոշ մասնագիտական ծառայությունների եւ այլ նյութերի մասին, որոնք աչք ծակելու չափ հաճախ է երեւում բյուջեում:

Այնպիսի տպավորություն է, որ Երեւան քաղաքի բյուջեն հատուկ այնպես են կազմել, որպեսզի կարդացողը դրանից ոչինչ չհասկանա` մեկ, ծախսողը ցանկացած պահի կարողանա դրանց տակ ինչ ասես ներկայացնել` երկու…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը’25-ամյա պայքարի քրոնիկոն. Ֆիլմ, որը ցուցադրվել է Կոնգրեսի հիմնադիր համագումարում’
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակ»-«Ամկար». Ուղիղ’