‘Երեւանում կայացել է Պուտին-Օլանդ հանդիպումը’

1321

‘

Երեկ երեկոյան Երեւանում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Ինչպես փոխանցում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահը դիմելով Ֆրանսիայի նախագահին` ասել է. «Ուրախ եմ` այս տխուր իրադարությունների ֆոնին, այդուհանդերձ հնարավորություն ունենալ հանդիպել ձեզ, եւ խոսել երկկողմ հարաբերությունների մասին մասնավորապես, եւ Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին ընդհանրապես: Ցավոք, մեր հարաբերությունները ամենալավ վիճակում չեն գտնվում, ապրանքաշրջանառությունը կրճատվում է, այդ թվում Ֆրանսիայի հետ, ինչը միայն ափսոսանք է առաջացնում: Կարծում եմ` մենք պետք է ուղիներ որոնենք մեր հարաբերությունները վերականգնելու համար, կարծում եմ, դրանով բոլորն են շահագրգռված: Բնականաբար, կխոսենք Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակին վերաբերող մինսկյան պայմանավորվածությունների մասին: Գիտեմ, որ դուք շատ բան եք արել, որպեսզի այդ պայմանավորվածություններին հանգենք, եւ մշտապես դրանք ձեր անձնական ուշադրության կենտրոնում եք պահում»:

Իր հերթին Ֆրանսիայի նախագահն ասել է. «Չնայած ողբերգական իրավիճակին, ինձ եւ հաճելի է հանդիպել ձեզ` մեր հարաբերությունները քննարկելու համար: Իհարկե, մենք կքննարկենք Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները, որոնք, դուք իրավացի եք, վերջին ժամանակներում վատթարացել են, ինչը տեղի է ունեցել ուկրաինական իրադարձությունների պատճառով: Մենք, կարծում եմ` ապացուցել ենք, որ պատրաստ չենք հաշտվել այս իրավիճակի հետ ո՛չ ուկրաինական ճգնաժամի, ոչ էլ` Ռուսաստան-Ֆրանսիա եւ Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների մասով: Մենք նաեւ այլ հարցեր ունենք, քանի որ մենք ունենք Ռուսաստանի դերակատարության կարիքը այնպիսի հարցերում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Իրաքը, Իրանը»:

Իր հերթին, ՌԴ նախագահի խոսնակն այսօր հայտարարել է, որ Պուտինն ու Օլանդը քննարկել են «Միստրալների» հարցը եւ այդ հարցով ոչ մի խնդիր, նրա խոսքով, չկա:  Իրանի հարցի վերաբերյալ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը «անհրաժեշտ պարզաբանումներ է ներկայացրել Իրանին C-300 համակարգերի վաճառքի վերաբերյալ, քննարկվել է նաեւ Իրանի միջուկային ծրագրի հարցը: Քննարկվել է նաեւ պատժամիջոցների խնդիրը»:

Նրա խոքով, Պուտին-Օլանդ հանդիպումը կայացել է կառուցողական մթնոլորտում:

‘

Նախորդ հոդվածը‘Պեսկով. Պուտինի մասնակցությունը Հայաստանի միջոցառումներին չպետք է Անկարայի բացասական արձագանքի առիթ դառնա’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’