Երեք մոլորություն Արցախի հարցի մասին

1224

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված բազմաթիվ մոլորություններ են մշտապես շրջանառվել, բայց վերջին շրջանում հատկապես երեք մոլորություն է տարածված, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Թվում է, թե անցած-գնացած բաներ են, այդ բանակցություններն այլեւս չկան, ի՞նչ կարեւոր են այլեւս դրանք, եւ ի՞նչ կարեւոր է, թե իրականում ինչ է եղել։ Իրականում, սակայն, այդ անցյալի պարզաբանումները կարեւոր են հիմա՝ ներկա իրավիճակի սթափ գնահատման, այն ճիշտ դիտանկյունից տեսնելու եւ հնարավոր ելքերի որոնման հարցում ճիշտ կողմնորոշվելու համար, եւ ամենակարեւորը՝ իշխանություններին ուղղված հորինածին եւ հեշտ հերքելի մեղադրանքների փոխարեն՝ իրական մեղադրանքներ հնչեցնելու համար։

Մոլորություն 1 Անկախության ճանաչման մասին

Ադրբեջանը երբեք չէր ճանաչելու Արցախի անկախությունը, ուրեմն՝ չէր կարելի զիջումների գնալ, կամ` փոխզիջում նշանակում էր Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչում

Այս թեզը վերջին շրջանում հատկապես շատ է շրջանառվում, եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի ու դաշնակցականների կողմնակիցների կողմից։ Տպավորություն է, թե այդ մարդիկ կամ ծանոթ չեն բանակցային փաստաթղթերին կամ դրանց տրամաբանությանը, չեն լսել իրենց լիդերի հարցազրույցները կամ լսել, բայց լուրջ չեն ընդունել ու ընդունում դրանք։ Տպավորություն է, որ նրանցից շատերը համարում են, թե՝ մարդ է, բան է` ասել է, բան է՝ բանակցել է, բայց դա ոչ մի նշանակություն չունի, կարեւորն այն է, որ այդ տարածքները «չի տվել»։ Մի կողմ թողնենք դեռ, թե այդ վտանգավոր մտայնությունն ինչերի է հանգեցրել ու դեռ կարող է հանգեցնել, եւ կամ ինչու ու ինչպես են դրանք ձեւավորվել։ Իրականությունն այն է, որ բանակցային ոչ մի փաստաթղթով, որոնց մենք պաշտոնապես կողմ ենք եղել, Ադրբեջանը պարտավորված չի եղել անվտանգության գոտու վերադարձի դիմաց անմիջապես կամ հետո ճանաչել Արցախի անկախությունը։ Մադրիդյան սկզբունքներով եւ դրա հիման վրա ձեւավորված կարգավորման պլաններով ամրագրված է եղել միայն, որ առաջին իսկ կետով այդ տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, ինչ-որ ժամանակ անց՝ ինչ-որ ձեւով նախկին ԼՂԻՄ-ի տարածքում պետք է անցկացվի կարգավիճակի շուրջ հանրաքվե, որի դետալները պետք է քննարկվեին հետագա բանակցություններում՝ շրջանների վերադարձից, խաղաղապահների տեղակայումից հետո։ Այդ փաստաթղթերով Ադրբեջանը չուներ որեւէ պարտավորություն՝ անգամ այդ հանրաքվեից հետո ճանաչել Արցախի անկախությունը։ Նրա պարտավորությունները, որոնք ամրագրված էին թղթերում, վերաբերում էին ուժի չկիրառմանը եւ որպես հետեւանք՝ նրա զինված ուժերի տեղակայմանը․ այսինքն` թե ինչպես պետք է տեղակայվեին նրա զորքերը, ինչպես պետք է լիներ նրա մուտքը վերադարձվող տարածքներ։

Ավելին, բանակցությունները մի պահ հասել էին այն կետին, որ Ադրբեջանը, ըստ Սերժ Սարգսյանի, «վերջում շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող»։ Դրա համար, ըստ Սերժ Սարգսյանի, «մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթում չէր լինելու «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում» նախադասությունը»։  

Ուրեմն, ո՞րն էր էությունը․ այդ հնարավոր ճանաչումը (իսկ մինչ այդ՝ անվտանգության երաշխիքները) ստանալ միջազգային հանրությունից, քանի որ Ադրբեջանի քմահաճույքին եթե նայես՝ նա երբեք չէր ճանաչելու այդ անկախությունը, հատկապես որ ինչքան ժամանակը ձգվում էր, ուժերի հարաբերակցությունն էլ փոխվում էր հօգուտ նրա։ Ադրբեջանի կողմից մենք կարող էինք ստանալ ոչ թե ճանաչում, այլ՝ համակերպում իրավիճակի հետ․ միջանկյալ կարգավիճակով Արցախ, սահմանի երկայնքով տեղակայված խաղաղապահ ուժեր, միջազգային այլ երաշխիքներ։ Հիմա կասեն՝ որտեղի՞ց երաշխիք որ էլի չէր հարձակվի։ Այդ հարցն արդեն կարող են ոչ թե մեզ, այլ իրենց լիդերին հնչեցնել՝ ի վերջո դա նրա բանակցած տարբերակն էր։ Բայց, չգիտես ինչու, մի կողմից նրանք գովաբանում են իրենց լիդերին, մյուս կողմից էլ՝ չնկատելու են տալիս նրա բանակցած տարբերակները, հարցազրույցները։ Եւ ի վերջո, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ «պետք էր ստորագրել Լավրովյան պլանը», մի՞թե նրա կողմնակիցներին չի հետաքրքրում, թե ի՞նչ էր ենթադրում այդ պլանը, եւ ինչո՞ւ նրան չեն հարցնում` եթե այդ պլանով տարածքները անկախության դիմաց չէին վերադարձվելու, ապա ինչո՞ւ եք հայտարարում, որ պետք էր ստորագրել։  

Մոլորություն 2

Փաշինյանը իշխանության հետ ժառանգել է Լավրովյան պլանը կամ Վիենայի եւ Պետերբուրգի համաձայնությունները

Փաշինյանի իշխանության գալու պահին այն` ինչ հանրությունն անվանում է Լավրովյան պլան, վաղուց այլեւս սեղանին չի եղել։

ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդ (ապրիլ, 2021)․ «Այն ժամանակահատվածում, երբ ես ԱՄՆ համանախագահն էի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր պլանը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին եւ ոչ պաշտոնապես հայտնի էր դարձել որպես «Լավրովի պլան»: Սակայն մեզ նախազգուշացրել էին այն անվանել «բանակցային սեղանի վրա դրված պլան»:

Ավելին, հենց այդ պլանը սեղանին չի եղել նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին շրջանում՝ առնվազն 2017-ի աշնան սկզբից։ Դա անգամ ինքը՝ Սարգսյանն է խոստովանել՝ հրաժարականից հետո տված մի քանի հարցազրույցներում։ Այս թեմային շատ ավելի մանրամասն եւ դետալային առաջիկայում դեռ կանդրադառնանք, այս պահին ուղղակի ընդհանրական նշենք, որ Սարգսյանի օրոք՝ ապրիլյանից հետո ներկայացրած Լավրովյան պլանը աշխատանքային փաստաթղթի չի վերածվել, ինչից հետո Սարգսյանին ներկայացվել էր կարգավորման նոր պլան, որն էլ արդեն ժառանգել է Փաշինյանը։ Այս ամենն էլի իր հարցազրույցներում ասել է հենց ինքը՝ Սարգսյանը։ Բայց մարդիկ շփոթի մեջ են հայտնվել, քանի որ ինքը` Սարգսյանը, խոսել է հատվածաբար, տպավորություն ստեղծելով, որ ինքը հենց մեզ մոտ Լավրովյան պլան անունով թղթի մասին է խոսում, երբ ասում էր, թե պատրաստվում էր մնալ ու ստորագրել, եւ նաեւ այն պատճառով, որ հրապարակել էր բանակցային փաստաթղթի շապիկը՝ թվագրված 2016 թվականի օգոստոս ամսով, երբ ներկայացվել էր այն առաջարկը, որը հանրությունը կարծում է որպես Լավրովյան պլան, սակայն, իր ասելով՝ այդպես էլ չդարձավ աշխատանքային պլան։

Երկրորդ մոլորությունը նույն կերպ տարածում են Սարգսյանի կողմնակիցները, մարդկանց փորձելով համոզել, որ Սարգսյանը պատրաստվում էր մնալ, որպեսզի ստորագրեր Լավրովյան պլանը, եւ որ, կամ, նրա կողմից վերջին պայմանավորվածությունը եղել է Վիենայի եւ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչման փաստաթուղթը։ Իսկ որտեղի՞ց է առաջացել այդ շփոթը՝ Վիենայի եւ Պետերբուրգի հետ կապված։ Ըստ երեւույթին՝ դիտավորյալ այդ շփոթն առաջացել է դեռ Սարգսյանի օրոք, երբ 2018-ի հունվարին՝ ԱԳ նախարարներին ներկայացվել է կարգավորման նոր՝ Կրակովյան տարբերակը։ Հանդիպումից հետո հայտարարություններ էին արել թե՛ ՀՀ ԱԳՆ-ն, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

Համանախագահներն իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշել էին․ «․․․արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են ավելի վաղ տեղի ունեցած գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել սեղանին առկա աշխատանքային առաջարկներում տեղ գտած զգայուն հարցերի շուրջ։ Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, և համանախագահները կոչ են արել կողմերին` պահպանել այդ դրական միտումը»։

ՀՀ ԱԳՆ-ն էլ այսպես էր մեկնաբանել այդ հանդիպումը․ «Հանդիպմանը շարունակվեցին անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիենայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։ Նախարար Նալբանդյանը կոչ արեց Ադրբեջանի իր գործընկերոջը` հետևել համանախագահների հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջմղման համար։

Ժնևի գագաթաժողովին նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարաները և համանախագահները քննարկեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը և բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։»

Ահա այս երկու հայտարարություններից էլ այն ժամանակ սկսվել էր շփոթը։ Ավելի կոնկրետ՝ համանախագահների հայտարարությունը՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության պրիզմայով մեկնաբանելուց։ Համանախագահները հստակ նշել էին, որ  «արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են ավելի վաղ տեղի ունեցած գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը»։ Այո՛, նախարար Նալբանդյանը խոսել էր Վիենայի եւ Պետերբուրգի պայմանավորվածություններից, այո՛, դրանք քննարկվել են, բայց մեր ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ դա էր ներկայացրել որպես քննարկման առանցքը կամ միակ թեման, ինչն էլ հետագայում հայկական վերլուծական «միտքը» սկսել ծամել ու վերլուծել, եւ ներկայացնել հանրությանը, թե սեղանին այդ պայմանավորվածություններն ի կատար ածելու համաձայնությունն է։ Պրոիշխանական ու մերձիշխանական գործիչները, մամուլը, փորձագետները դա էին տորպեդահարում, եւ մեզ, ըստ էության, չէին ասում, որ իրականում սեղանին արդեն նոր թուղթ կա։

Իսկ Համանախագահների հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱԳ նախարարները քննարկել են նախեւառաջ այդ հանդիպումից ամիսներ առաջ՝ 2017-ի հոկտեմբերին Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ կայացված պայմանավորվածությունները, որոնց հիման վրա էլ ԱԳ նախարարներին փաստորեն ներկայացվել էին նոր առաջարկներ․

«․․․ Այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ` այդ առաջարկությունը, ներկայացվել է կողմերին 2018 թվականին, եթե չեմ սխալվում` հունվարին, թե փետրվարին»․ Սերժ Սարգսյան, 31.01.2022:   

Մոլորություն 3

Լավրովյան պլանը

Վերջին մոլորությունը կապված է Լավրովյան պլանի հետ։ Այն, ինչպես նշեցինք, ներկայացվել էր ապրիլյանից հետո (ըստ ամենայնի` երկու անգամ․ անմիջապես ապրիլին եւ ապա՝ օգոստոսին, ամենայն հավանականությամբ՝ որոշակի փոփոխություններով) եւ, դատելով ՄԽ ռուսաստանցի համանախագահի հայտարարությունից, 2019-ին՝ արդեն Փաշինյանին։

Իգոր Պոպով․ «Ռուսական առաջարկների ներքո, հավանաբար, նկատի է առնվել փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրությունը կողմերին է փոխանցվել 2019 թ. հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»: 

Շատերին կարող է զարմանալի թվալ, բայց իրականությունն այն է, որ Լավրովյան պլանի հարցում Սարգսյանն ու Փաշինյանը գործել են նույն ձեւով։ Երբ Սարգսյանն էր իշխանության՝ ընդդիմադիր Փաշինյանն էր կռիվ տալիս Լավրովյան պլանի դեմ, եւ հակառակը՝ երբ Փաշինյանն էր իշխանության, Սերժ Սարգսյանն էր կռիվ տալիս այդ պլանի դեմ։ Երկուսով՝ այդ պլանի դեմ։

Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը 2016-ին ինչպես էր «կռիվ տալիս» այդ պլանի դեմ, այդ թվում հայտարարելով. «Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ լավրովյան պլանը իրագործելու համար»։

Նույն բանն անում էին Սարգսյանի կողմնակիցները, բայց, ի տարբերություն Փաշինյանի, չհնչեցնելով Լավրովի անունը, պարզապես բոլոր հնարավոր միջոցներով փորձում էին տորպեդահարել «հողերը տալու պրոցեսը»․ աղմուկ, հարցազրույցներ, ցույցեր եւ այլն։

Իսկ ահա թե ինչ էր ասում Սարգսյանը 2020 թվականի պատերազմից հետո՝ 2019-ին ներկայացված պլանի մասին․

«Եթե հիշում ենք, Լավրովը արդեն 2020 թվականի ապրիլին հայտարարեց, որ պետք է վերջապես անցնել առարկայական բանակցությունների: Մի ամբողջ տարի այս տկարամիտները մեզ փորձում էին համոզել, որ ընդհանրապես բանակցային սեղանին թուղթ չկա, փաստաթուղթ չկա, և ընդհանրապես բանակցություններ տեղի չէին ունենում․․․ Բայց ես հարյուր տոկոս գիտեի, որ կան բանակցություններ, և այդ մասին ես ասել եմ Ղարաբաղի ղեկավարությանը, որ կան բանակցություններ և այդ բանակցությունները լավ բանի չեն բերելու: Հետո հիշում եք՝ մենք աղմկում էինք, քննադատում էինք, ճնշում էինք գործադրում, կարծում եմ` վերջիվերջո սրանք եկան եզրակացության, որ այդ պայմանները կարող են բերել իրենց իշխանության կորստի, որովհետև միակողմանիորեն պետք է հանձնվեին հինգ շրջաններ` ինչ-որ այսպես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց, ինչը ծիծաղելի բան է»

Իհարկե, շատերը կարող են ասել, թե քանի որ դրանք մեր երազած տարբերակները չեն եղել, (ինքը՝ Սարգսյանն էլ էր դա հայտարարել), ապա շատ էլ ճիշտ են արել, որ պայքարել են այդ տարբերակի դեմ։ Բայց ամբողջ հարցն այն է, որ մեր իրավիճակում ամեն հաջորդ փաստաթուղթը ավելի շատ էր լինում մեր «չերազածը», ավելի էր հեռանում մեր երազանքից` այն դեպքում, երբ մեր երազանքներում պիտի ռացիոնալ սահմաններ եւ իրատեսական սպասումներ լինեին։ Ինչը, ի դեպ, մի պահ եւ փոքր-ինչ «կոտրվեց» Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ համեմատաբար ավելի լավ լուծման՝ փուլային տարբերակի տեսքով․ երկու շրջանների վերադարձի ժամկետների ու կարգավիճակի փոխկապակցվածության հարցը՝ չկոտրված ողնաշարով բանակի առկայության դեպքում, այդ պահին Փաշինյանի դեռեւս ունեցած վարկի եւ վստահության պարագայում շատ ավելի նպաստավոր դիրքերում կդնեին Արցախը, երբ խաղաղապահները տեղակայված կլինեին ԼՂԻՄ-ի սահմաններից անդին, Հայաստանն ու Արցախը կշարունակեին մնալ մեկ միասնություն, եւ խաղաղապահները ոչ մի առնչություն չէին ունենա Արցախի ներքին կյանքի հետ, ինչպես որ այսօր ենք տեսնում, երբ անգամ գազի անջատման հարցով Արցախը դիմում է նրանց։

Եւ ամենակարեւորը, մենք պիտի հասկանայինք, որ եթե ամեն բան 2019-ի դրությամբ արդեն հանգել էր այդ պլանին, ապա աշխարհաքաղաքական իրավիճակն ու մեր հնարավոր դաշնակցի նկրտումները եւ սպասելիքները հաշվի առնելով՝  ոչ միայն ավելի լավ պլան չէինք ստանալու, այլեւ սա, թերեւս, կարգավորման վերջին շանսն էր, որը Փաշինյանը վերջնականապես եւ փաստացի հանրության աչքի առաջ տապալեց 2020-ի հունվարին։   

Ահա սա է Փաշինյանի իրական մեղքը։ Ահա սրա համար նրան պետք է մեղադրել, որ բերեց հարյուր անգամ ավելի վատ լուծում, քան իրեն առաջարկում էին 2019-ին, եւ այս խայտառակ արդյունքը՝ գրեթե հինգ հազար մարդու եւ ավելի մեծ տարածքների գնով։

Հ․Գ․ Հոդվածում հիշատակված պլանների մանրամասներին, դրանց դետալային համեմատությանը կանդրադառնանք ավելի ուշ՝ ծավալուն հոդվածով։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըԻսկոն՝ «Սեւիլիայի» խաղացող
Հաջորդ հոդվածըՀուլիսին Covid-ից մահացությունն աշխարհում աճել է մեկուկես անգամ