‘
2011-2013 թթ. ընթացքում Եվրամիությունում 30146 հոգի պաշտոնապես գրանցվել է որպես մարդկանց առևտրի զոհ:
Եվրահանձնաժողովի զեկույցի համաձայն՝ զոհերի 80 %-ը կանայք են, իսկ զոհերի ընդհանուր թվի 69 %-ը ենթարկվել է սեռական շահագործման: Ավելի քան հազար սեքս-ստրուկներ անչափահասներ են եղել: Զոհերի երկու երրորդը ԵՄ քաղաքացիներ են: Ոչ եվրոպական երկրներից ամենաշատ թվով տուժածները ծնունդով Նիգերիայից և Չինաստանից են:
2010-2012 թթ. ընթացքում 8551 մարդ ԵՄ երկրներում կանգնել է դատարանի առաջ՝ մարդկանց առևտրով զբաղվելու մեղադրանքով, հաղորդվում է Եվրահանձնաժողովի զեկույցում: 3786 մարդ մեղավոր է ճանաչվել:
2012 թ. ԵՄ «Եվրոյուստ» գործակալությունը ներկայացրել է մի քանի քրեական գործեր՝ մարդկանց առևտրի փաստերով: Այսպես.
Բուլղարացի օրինախախտները հղի կանանց Բուլղարիայից տեղափոխել են Հունաստան, այնտեղ նրանց ստիպել են հրաժարվել նորածիններից, որոնց հետո որդեգրել են հույն ընտանեկան զույգերը: Հանցախմբի վեց անդամներ ձերբակալվել են Բուլղարիայում, հինգը՝ Հունաստանում:
Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ոստիկանությունների համատեղ ջանքերով հաջողվել է բացահայտել մի հանցախումբ, որը ավելի քան 200 մարդու բերել էր Մեծ Բրիտանիա՝ ապօրինաբար սոցիալական նպաստներ ստանալու նապատակով:
Չեխական հանցախմբի անդամները Չեխիայից խաբեությամբ աղջիկներ են տարել Մեծ Բրիտանիա և նրանց ստիպել պոռնկությամբ զբաղվել: Ներկա պահին բանդայի յոթ անդամներ դատապարտված են: Փոխանցում է BBC-ն:
‘