‘
Բարսելոնայում տեղի է ունեցել միասնական ու անբաժանելի Իսպանիայի կողմնակիցների բազմահազարանոց երթ: Ցույցը կազմակերպել է «Կատալոնական քաղաքացիական կազմակերպությունը»:
Ակցիայի մասնակիցները պահանջել են Կատալոնիայում ստեղծել «բոլոր կատալոնացիների» կառավարություն: Անկախության կողմնակիցները, որոնք հաղթել են վերջին տարածքային ընտրություններում, չեն կարող կառավարություն կազմել, քանի որ նրանց առաջնորդները ճաղերի ետևում են: «Պարոն Պուչդեմոնը Բրյուսելից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնին է առաջադրում իր թեկնածուին՝ Ժորդի Սանչեսին, որը բանտում է: Սա անհասկանալի է»,- ասել է ցուցարարներից մեկը:
Ցույցին մասնակցել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը, որը ծնունդով Բարսելոնայից է, և նա կատալոնական անջատողականության մեջ սպառնալիք է տեսնում ամբողջ Եվրամիության համար: «Միավորված Եվրոպան բացառիկ նախագիծ է: Դա 70 տարվա խաղաղություն է: Դա այնպիսի պետությունների, ժողովուրդների ու երկրների միավորումն է, որոնք դարեր շարունակ կռվել են միմյանց դեմ, իսկ հիմա ապրում են խաղաղ, բոլորը միասին: Այդ միասնության փլուզումը նոր պատերազմների սպառնալիք է ստեղծում»,- ասել է Վալսը:
Ի դեպ, կազմակերպիչների հաշվարկներով՝ ցույցի մասնակիցների թիվը հասել է երկու հարյուր հազարի, մինչդեռ ոստիկանությունը նշում է 7 հազար թիվը:
Փոխանցում է euronews-ը:
‘