‘Երիտասարդական նվագախումբը և Ջանլուկա Մարչիանոն ոգեկոչեցին Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը’

1012

Նոյեմբերի 14-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ: Հանդիսատեսին ներկայացվեց Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 1 «Տիտան» ստեղծագործությունը։

Խոսելով Մալերի Սիմֆոնիա թիվ 1-ի մասին՝ մաեստրո Մարչիանոն նշեց, որ այն շատ գեղեցիկ, հզոր ստեղծագործություն է, այն մի մեծ պատմություն է՝ առանց բառերի, բայց երաժշտության միջոցով։

Ջանլուկա Մարչիանոն Հայաստանի մեծ բարեկամներից է։ Մաեստրոն այն 4 դիրիժորներից է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։ Այս տարի սեպտեմբերին նա այցելել է ԼՂՀ, ներկա գտնվել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Հետագայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իտալացի դիրիժորին ընդգրկել է իր, այսպես կոչված, «սև ցուցակում»։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին խաչատրյանական փառատոնի շրջանակներում կայացած համերգը նվիրվեց մեկ օր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում Ջանլուկա Մարչիանոն ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական սերտ հարաբերությունները։ Նա շեշտեց, որ բոլորն այս օրերին Ֆրանսիայի ժողովրդի կողքին են և վշտակցում են նրան։ Իտալացի դիրիժորը և Երիտասարդական նվագախումբն ի հիշատակ ահաբեկչության զոհերի հնչեցրին նաև Պուչինիի ստեղծագործություններից։

 

Նախորդ հոդվածը‘Որ դեղերի գներն են իջել ըստ ԱՆ-ի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Մենք չենք կարողանում օգտվել այդ խավիարից’