‘Երիտասարդ գործիչների ֆորում Քութաիսիում ‘

659

Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը հունիսի 29-30 Վրաստանի Քութաիսի քաղաքում կազմակերպել էր Հարավայի Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորում: Ֆորումին մասնակցել են Հայաստանի Վրաստանի և Ադրբեջանի կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները: Հայաստանից ներկայացված են եղել ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները:

Քննարկվող թեմաներն են եղել «Եվրոպական հարևանության քաղաքականություն», «Համաշխարհային անվտանգության մարտահրավերներ» և «Տնտեսական համագործակցություն՝ ԵՄ-Հարավային Կովկաս»: Հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև թեժ բանավեճ է տեղի ունեցել հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցերի քննարկման ժամանակ:

Հայաստանից ելույթներ են ունեցել Սուրեն Պետրոսյանը` ՀՀԿ-ից, Արման Թաթոսյանը` ԲՀԿ-ից և Արշակ Մուսախանյանը` ՀԱԿ-ից: ՀԱԿ ներկայացուցչի անդրադարձել է շրջափակման պայմաններում Հայաստանի տնտեսական զարգացման դժվարություններին և Հայաստան-ԵՄ տնտեսական զարգացման հնարավորություններին, Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին և Հայաստանում ժողովրդավարության զարգացման խոչընդոտներին, մասնավորապես, ընտրական գործընթացների  վատթարագույն վիճակին:

Ֆորումին մասնակցել է նաև Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը (2004-2009): Համեմատականներ են անցկացվել Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջև, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները:

Ֆորումի վերջում մասնակից երկրների ներկայացուցիչները ընդունել են համատեղ կոմյունիկե, որը հռչակում է նմանատիպ հանդիպումների շարունակական կազմակերպման, նրանցում մասնակից երկրների և իշխանական, և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցության, հանդուրժողականության և տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման կարևորությունը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի եղբայրն այլեւս «Նաիրիտ»-ի փոխտնօրենը չէ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ինչո՞ւ պետք է Արտակ Բուդաղյանը տուժող ճանաչվեր». Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպան ‘