‘Երկիրը հերթական ցնցման մեջ էր, ու իշխանություն չկար’

2788

Հա, հիմա էս ցավը բոլորինս է: Շատերը հարազատի մահվան պես սգում են ե՛ւ Ավետիսյանների ամբողջ ընտանիքի սպանությունը, ե՛ւ փոքրիկ Սերյոժայի մահը: Դառնություն կա շատերիս սրտում:

Ու նորմալ, շատ բնական է, որ հասարակության մի զգալի մասը նման դեպքերում սենտիմենտալանում է, որ հաճախ նման դեպքերում զգացմունքները հաղթում են ամեն ինչին…

Բայց օդում սառը խոսքի պակաս կա: Չէ՛, ոչ թե նրա համար, որ սրտներս հովանա, ամենեւին, այլ որովհետեւ, ինչքան էլ չխոստովանենք ու չուզենանք էլ, մի որոշ ժամանակ անց էս ցավն էլ է բթանալու, ու երբ որ էս փոթորիկը նվաղի, տեսնելու ենք, որ տակը բան չի մնացել: Էմոցիաները որքան ուժեղ, այնքան անցողիկ են: Համացանց մտնել չի լինում: Սպանել, կախել, գնդակահարել, խալաթ հագցնել դրան, պահանջել Պողոսից էս, իսկ ինչո՞ւ Պետրոսը չի պահանջում էն: Բանաստեղծություններ, սրտիկներ, լացող աչքեր, դեզինֆորմացիաներ` «անխնա տարածել» սպառնացող նախաբանով, եւ հազարավոր մարդիկ, ովքեր, պարզվում է, քննիչ են, հետախույզ են, բժիշկ են, եսիմ ինչ են: Ու որպես կանոն՝ նրանք միշտ գիտեն, որ էս ամենում խառնված է ավելի վերին մի ատյանի մատը:

Ու որպես կանոն՝ որքան «աննորմալ» է վարկածն այդ, այնքան անխնա են տարածում:

Ու որպես կանոն՝ միշտ այսպիսի դեպքերում գտնվում են նրանք, ում համար երկնքից մանանա է թափվել, եւ ոչինչ, որ փոքրիկը մահացել է, փոխարենը՝ կգտվի մի կայք, ով ամոթից չշիկնելով՝ կգրի, թե «Շատ շուտով բժշկական մեծաթիվ դեսանտ իջեցրեց նաև սվինահարող կողմը` Ռուսիան:
ԲայցՓոքրիկ Սերյոժան մերժեց ավելի քան անարժան և երեսպաշտ այդ մարդկանց: Նա թույլ չտվեց, որպեսզի իր փրկությունը շահարկվի այդ նույն իշխանությունների վարքագծի պատճառով Հայաստանը որպես գաղութ դիտող Ռուսաստանի կողմից: Ու երկուսին էլ հաղթեց:
Մենք ազգովի տուրք ունենք տալու փոքրիկ Սերյոժային` տեր կանգնենք ու արժանի լինենք նրա կողմից մեզ պարգևած Կարևորագույն այս Հաղթանակին»:

Բայց սրանց մասին ոստիկանությունը հաղորդում չի պատրաստի եւ չի մեղադրի «անէության թմբիրում» հայտնվելու մեջ:

Ու որպես կանոն՝ կգտնվեն նրանք, ովքեր կազդարարեն` «18+», բացառիկ լուսանկարներ սպանության վայրից, միայն մեր կայքում… կգտնվեն նրանք, ովքեր չեն խորշի մի երկու լայքի համար մի ափի չափով մեծացնել իրենց լափը, ու կուլ կտան էն լափը, որ էդ լայքով են վաստակել, ու կոկորդներին չի մնա:

Ու կասեք` իբր ի՞նչ պիտի անի հիմա սառը խոսքը: Իսկ կանի էն, որ վաղը, երբ զգացմունքները կսկսեն տեղի տալ, ասելու, մտորելու բան կլինի, հարցերը պատասխաններ կունենան:

Իսկ հարցերը պիտի պատասխաններ ունենան:

Ինչպե՞ս եղավ, որ երբ երկու ակտիվիստ Ազատության հրապարակ պիտի գնան, ոստիկանությունն արդեն սպասում է նրանց, իսկ Պերմյակովին չկարողացան հայտնաբերել (ոչ մի կերպ), չկարողացա՞ն, թե՞ չուզեցին, ինչպե՞ս եղավ, որ սկզբում իրավական հիմք չկար Պերմյակովին հանձնելու հարցով ռուսական կողմին դիմելու համար, հետո դրանք կարծես նշմարվեցին: Բայց հարցերի հարցը կա. ինչո՞ւ իշխանությունները հերթական անգամ իրենց պահեցին փալասի պես եւ ոչինչ չնախաձեռնեցին, այն դեպքում, երբ հստակ երեւաց, որ ռուսական կողմի արձագանքը պայմանավորված է բացառապես հայկական կողմի պահվածքով:

Հասկանո՞ւմ եք, ուղղակի արտասվելն ու մոմ վառելը էդ իմ` քաղաքացու անելիքն է, իսկ իշխանությունը այլ անելիք ունի: Նա և՛ մոմ պիտի վառի, և՛ աղոթի, բայց դրանից առաջ, բոլոր դեպքերում, պիտի հարգի երկրի Սահմանադրությունն ու պաշտպանի երկրի շահերը: Ատամներով պիտի պաշտպանի, կրծքով` եթե հարկն է: Բայց էս դեպքում ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել: Իշխանություն չկա: Էլի՛ չկա: Ու ամեն կրիտիկական պահի Հայաստանն առավել քան երբեւէ զգում է, որ իշխանություն չկա:

Ու էնպես չի, որ էդ հենց էսօր իմացանք, որ իշխանություն չկա: Էդ դեռ տարիներ առաջ գիտեինք: Բայց հենց կրիտիկական պահերին է երեւում, որ նրանք չկան: Որ նրանք ոչինչ են, զրո:

Չկան, անկախ այն բանից, որ մի քանիսը սրանց արդարացնելու համար կոչ են անում մոռանալ սրանց գոյության մասին ու երկաթե շերեփ վերցրած՝ գնալ ու աշխարհի «մեծամեծներից» արդարություն ու արդարադատություն պահանջել, կոչ են անում պահանջները դրսին ուղղել, որովհետեւ սրանք ոչինչ որոշող չեն ու տերեր ունեն, կոչ են անում պայքարել, բայց ոչ թե սրանց, այլ դրսի դեմ:

Հայաստանում անիշխանություն է, եւ էս ամենն էդ անիշխանության հետեւանքն է: Մի քանի օրից էս թմբիրից կամաց-կամաց դուրս կգանք ու նորից կհայտնվենք Սերժի գաղջախցիկում: Բայց սա դեռ ամենավատը չէ: Ամենավատն այն է, որ գաղջախցիկում ապրելն իր կանոններն ունի, եւ կրիտիկական ցնցումներն այդ կանոններից մեկն են, ցնցումներ, որտեղ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն արհավիրքի դեմ կանգնեն դեմ-հանդիման` մեն- մենակ: Ճիշտ այնպես, ինչպես որ հիմա ենք կանգնած` մենք ու էս սպանդը, ու մեկ էլ նրանք, ովքեր դիակ տեսած լեշակերների պես սավառնում են անդադար` ձեռքերն ուրախությունից իրար շփելով, որովհետեւ, թեկուզ մարդկանց կյանքի գնով, բայց եւ առիթ է ստեղծվել իրենց աշխարհաքաղաքական ստրկամտությունը մեյդան բերելու համար, նրանք, ովքեր համակարգչային ստրատեգներ են, եւ հետեւաբար՝ սազական չէ իրենց ինչ-որ բան անել, բայց նրանք պիտի պահանջեն միայն, որ ուրիշներն անեն:

Այն, ինչ կատարվեց, սովորական ցնցում չէր, սա երկրաշարժ էր, որը նորից ի ցույց դրեց այն, թե որքան խախուտ է մեր այս շենքը, որտեղ ամեն ինչ քանդել ու տարել են, եւ այն պահին, երբ որ դուրս կգանք բթացնող ցավի այս թմբիրից, պիտի ոչ թե աղոթենք, որ Աստված մեզ հետագա ցնցումներից հեռու պահի, ու հանգստանանք, այլ շենքի ամրությամբ պիտի զբաղվենք, որ ամեն անգամ այսպիսի դեպքերում երկիրը վիզը ծռած, տեր չունեցող որբ չհիշեցնի….

Որովհետեւ միառժամանակ անց, երբ որ բթացած ցավը սկսի տեղի տալ, դա է հիշվելու. երկիրը հերթական ցնցման մեջ էր, ու իշխանություն չկար…

Պարգեւ Ապրեսյան 

 

Հ.Գ. Հանգստություն եւ խաղաղություն Ավետիսյանների հոգիներին:

Պ.Ա.

Նախորդ հոդվածը‘ՎԶԵԲ-ը 2015-ին Հայաստանի տնտեսության զրոյական աճ եւ ռեցեսիայի բարձր ռիսկ է կանխատեսում ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղի կունենա Գյումրիի զոհերի հիշատակին նվիրված համերգ-երեկո’