‘Երկու մրցանակ Կրիշտիանուի և Մբապեի համար’

1453

Կրիշտիանու Ռոնալդուի և Մեսսիի գերիշխանությունը կարծես մոտենում է ավարտին, համենայն դեպս անհատական մրցանակների առումով․ պորտուգալացին դեռ ՖԻՖԱ-ի մրցանակի ֆավորիտն է, բայց «Ֆրանս ֆուտբոլի» Ոսկե գնդակը կարող է Մբապեինը լինել։

Տասը տարի շարունակ Կրիշտիանու Ռոնալդուն և Մեսսին «սեփականաշնորհել» էին միջազգային մեծ մրցանակները։ Անցած մրցաշրջանում՝ «Ֆրանս ֆուտբոլի» Ոսկե գնդակի և ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի բաժանումից հետո, պատմությունը շարունակվեց։ Միայն նշված չեմպիոնների բնական անկումը կամ Մունդիալը կարող էին ընդհատել այդ շարքը, բայց միգուցե պահը դեռ չի հասել, համենայն դեպս, ոչ ամբողջովին։ ՖԻՖԱ-ն հրապարակել է լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի տասը հավակնորդների ցանկը․ երկու մշտական թեկնածուների հետ մրցանակի համար կպայքարեն Մոդրիչը, դե Բրույնեն, Գրիզմանը, Վարանը, Մբապեն, Քեյնը, Ազարը և Սալահը։

Միանգամից ասենք, որ ՖԻՖԱ-ի մրցանակն ավելի վստահելի է, քան ֆրանսիականը, թեկուզ նրա համար, որ հանձնվելու է սեպտեմբերի 24-ին Լոնդոնում, այսինքն, հաշվի է առնվելու դասական ֆուտբոլային մրցաշրջանն առանց ընդհատումների և տրանսֆերների։ Դա նշանակում է, որ Ռոնալդուն կգնահատվի նրա համար, ինչ արել է Մադրիդի «Ռեալում» և Պորտուգալիայի հավաքականում, իսկ անհատական մրցանակները, որ կնվաճի ապագայում, 100 տոկոսով կտրվեն նրա յուվենտուսյան շրջանի համար։ Մրցանակն ավելի վստահելի է նաև այն պատճառով, որ ժյուրիում միայն լրագրողներ չեն․ ձայների կեսն ապահովում են հավաքականների մարզիչներն ու ավագները, մեկ քառորդը՝ ֆուտբոլասերների քվեարկությունը, մեկ քառորդը՝ ԶԼՄ-ները։ Պատմությունը ցույց է տվել, որ միայն լրագրողական մրցանակներն ավելի հեշտությամբ են մանիպուլացվում, բայց մարզիչ-ֆուտբոլիստների և ֆուտբոլասերների քվեարկության թերությունն այն է, որ ոչ ամբողջական տեսադաշտ ունեն և քվեարկում են՝ լսածի հիման վրա։ Այլ կերպ ասած, երբ քվեարկում է առասպելական «ժողովուրդը», ավելի հայտնի խաղացողը հսկայական առավելություն է ստանում, նույնիսկ եթե սովորականից թույլ մրցաշրջան է անցկացրել։

Հենց այս տեսանկյունից Նեյմարի դուրս մնալը ցանկից սենսացիա է։ Նա վատ Մունդիալ չանցկացրեց, բայց «Պարի Սեն Ժերմենում» միայն կես մրցաշրջան է խաղացել։ Հավանական է, որ ՖԻՖԱ-ն ցանկանում էր խուսափել միայն նրա կերպարի վրա հիմնված քվեարկությունից, թեև իրականում պետք է շնորհակալություն հայտներ այն քիչ ֆուտբոլիստներին, որոնք միջակությունից վեր են բարձրանում։ Օգտագործելով չափանիշները, որով 2006-ի Ոսկե գնդակը և ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Կանավարոյին տրվեց՝ այս տարի լավագույն ֆուտբոլիստ պիտի ճանաչվի Վարանը՝ «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հենասյունը։ Բայց անգամ Վարանը չի կարող լրջորեն մտածել ավելի հռչակավոր ֆուտբոլիստներին գերազանցելու մասին։ Խորվաթիայի՝ Աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում Մոդրիչը լուրջ հնարավորություն կունենար, բայց իրատեսորեն Կրիշտիանու Ռոնալդուին կարող են գերազանցել միայն Մբապեն և Գրիզմանը, որոնք երկուսն էլ առաջնային դերերում էին Ֆրանսիայի հավաքականում, թեև Մադրիդի «Ատլետիկոյի» աստղի աշխատանքն ավելի կարևոր էր, քան Մբապեի ավելի նկատելի խաղը։ Ամեն դեպքում, Կրիշտիանու Ռոնալդուն մնում է ՖԻՖԱ-ի մրցանակի ֆավորիտը, մինչդեռ «Ֆրանս ֆուտբոլի» Ոսկե գնդակը հավանաբար կստանա Մբապեն։

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Իրականության զգացումը մի կորցրու, պարոն Արցախի հերոս’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում մարիխուանա ծխելու համար տուգանքը վերացվել է’