‘Երկրպագեք սեւ փոքրիկ զգեստներին. Այսօր Կոկո Շանելի ծննդյան օրն է ‘

3715

Այսօր աշխարհի ամենահայտնի ու խորհրդավոր կանանցից մեկի՝ Կոկո Շանելի ծննդյան օրն է:

Գաբրիել Բոնյոր Շանելը (Gabrielle Bonheur Chanel), ծնվել է 1883 թվականի օգոստոսի 19-ին:

Նրա ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։

Կոկո Շանելը ծնվել է Սոմյորում։ 18 տարեկանից աշխատել է պատրաստի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգել կաբարեում։ Քանի որ նա շատ էր սիրում «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, ապա նրա մականունը մնաց «Կոկո»։

Այդ ընթացքում էլ Շանելը կապվում է Էտյեն Բալզանի, ապա անգլիացի արդյունաբերող Արթուր Կապելի հետ։ Այս կապերի շնորհիվ 1910 թվականին բացում է գլխարկների խանութը։

1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց առաջին համաշխարհային պատերազմը ընդհատում է Շանելի գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին նա բացում է նորաձևության տուն Փարիզի «Կամբոն» փողոցում։ Այդ ժամանակ արդեն Շանելը աշխարհով մեկ պատվիրատուներ ուներ։

1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ բույրի ներկայացումը, օծանելիքները պարզ՝ մեկ ծաղկի հոտ ունեին (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։

Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե՝ երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Vogue» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ford» ավտոմեքենային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված եղավ փակել խանութները և նորաձևության տունը։ Պատերազմի ժամանակ նա Փարիզում էր, ավարտից հետո մեկնեց Շվեյցարիա։

1954 թվականին 71-ամյա Շանելը վերադարձավ նորաձևության աշխարհ և ներկայացրեց իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի հասավ միայն երեք սեզոն անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նա «հագցնում» է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեփբորնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։

Մահացել է Շանելը 1971 թվականին Լոզանում (Շվեյցարիա) 88 տարեկան հասակում։

 Կոկո Շանելից հետո ամբողջ աշխարհի կանայք շարունակում են կրել ոչ միայն նրա թողած նորաձեւությունը, այլ նաեւ խորհուրդները:

 

Կոկո Շանելի 10 կանոնները

  1. Վարտիքները (շալվաները) կանանց ավելի ազատ են դարձնում
  2. Իդեալական շրջազգեստը պետք է ծածկի ծնկները
  3. Աքսեսուարները պետք է շատ լինեն, որքան շատ, այնքան՝ լավ
  4. Իդեալական կոստյումը համադրում է կանացին եւ տղամարդկայինը
  5. Ոճային կոշիկը կարող է երկու գույն ունենալ
  6. Պայուսակը պետք է ուսագոտի ունենա, որպեսզի ձեռքերը միշտ ազատ լինեն
  7. Երկրպագեք սեւ փոքրիկ զգեստներին
  8. Պիջակները պետք է փափուկ լինեն, ինչպես՝ ժակետը
  9. Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես այն շքեղություն չէ
  10. Օծանելիքը եւս հագուստ է

«20 տարեկանում դուք ունեք այն դեմքը, որը ձեզ նվիրել է բնությունը, 30 տարեկանում՝ որը «ծեփել է» կյանքը, իսկ 50 տարեկանում ունեք այն դեմքը, որին արժանի եք»:

«Օծանելիքը անտեսանելի, բայց փոխարենը անմոռանալի, անկրկնելի նորաձեւ աքսեսուար է: Այն իրազեկում է կնոջ գալստյան մասին, եւ շարունակում է հիշեցնել նրա մասին, երբ նա հեռանում է»:

 «Ամեն կին չէ, որ ծնվում է սիրուն: Բայց եթե նա այդպիսին չի դառնում 30 տարեկանում, ուրեմն, նա ուղղակի հիմար է»:

 «Օծանելիքը պետք է «ցանել» այնտեղ, որտեղ որ ցանկանում եք, որ տղամարդը ձեզ համբուրի»:

«Յուրաքանչյուր կին ունի այն տարիքը, որին արժանի է»:

«Նորաձեւությունն անցողիկ է, ոճը՝ մնայուն»:

 

Նախորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Հայկական ուժերը մտել են Ֆիզուլի’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայի վրա. փրկարարներն ու բժիշկները հատուկ տեխնիկայով են դուրս բերել վիրավորներին’