‘
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը տիրապետող եկեղեցիները կիրակի փակել են տաճարը՝ ի նշան քաղաքային իշխանությունների դեմ բողոքի: Երուսաղեմի իշխանությունը մտադիր է հարկ գանձել եկեղեցու գործունեությունից:
Հայ առաքելական, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների առաջնորդների անունով ստորագրված հայտարարությունում նշվում է, որ քրիստոնյաների համար կարևորագույն այս սրբավայրը փակ կմնա մինչև հետագա ծանուցումը:
Կիրակի Իսրայելի կառավարությունը պետք է քննարկի օրենքի նախագիծ, որը թույլ կտա պետությանը բռնագրավել Երուսաղեմում եկեղեցիների կողմից վերջին տարիներին անշարժ գույքի ընկերություններին վաճառված հողը: Եկեղեցիները նշել են, որ այդ օրենքի պատճառով նրանք չեն կարողանում հեշտությամբ գնորդներ գնել իրենց անշարժ գույքի համար:
Բացի դրանից, քաղաքապետարանը, եկեղեցիներից պահանջում է վճարել քաղաքային հարկ` եկեղեցիներին պատկանող կոմերցիոն նշանակության անշարժ գույքից և արդեն անցել է հաշիվների կալանքի՝ պահանջելով վճարել նաև նախորդ տարիների կուտակած պարտքերը: Եկեղեցիները քաղաքապետարանի գործողություններն անվանել են «ստատուս-քվո»-ի խախտում:
«Սուրբ երկրում քրիստոնյաների դեմ համակարգային և աննախադեպ ճնշումները կոպիտ կերպով խախտում են հիմնական, ab antiquo և ինքնիշխան իրավունքները: Այդ պատճառով, որպես բողոքի նշան, մենք որոշել ենք գնալ աննախադեպ քայլի՝ փակելով Սուրբ Հարության տաճարը»,- ասված է հայտարարությունում:
Եկեղեցիների առաջնորդները նաև ակնարկել են, որ Իսրայելի իշխանությունների նմանատիպ քայլերը հիշեցնում են այն օրենքների մասին, որոնք գործում էին Եվրոպայի «մութ ժամանակաշրջանում» հրեաների դեմ:
‘