‘
Տավուշի մարզային քննչական վարչությունում այժմ քննվում է Իջևանի տարածաշրջանի Սևքար գյուղում տարիներ շարունակ օրենքի խախտումներով շահագործված քարի հանքավայրի գործը: Նշենք, որ Սևքար գյուղում գտնվող կարմիր քարի հանքավայրն ապօրինի կարգով շահագործում էր «Գետն գրուպ» ՓԲԸ-ն: Ի վերջո, բացահայտվեց, որ «Գետն գրուպ» ՓԲԸ-ն տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել Սևքարի գյուղապետարանի հետ, և հարուցվեց քրեական գործ՝ հանքավայրն ապօրինի շահագործելու համար:
Սևքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ հանքավայրն արդեն 2 տարի չի շահագործվում, քանի որ կոորդինատները փաստաթղթերով հնարավոր չէր ճշտել: Համայնքի ղեկավարն ասաց, թե տեղյակ չէ անգամ՝ ով է ղեկավարում այդ ձեռնարկությունը: Նրա խոսքերով` ընկերության տնօրենները հաճախ են փոխվում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիշյալ ընկերությունն առնչվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և բարձրաստիճան ևս 3 պաշտոնյաների հետ: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի շենքը կառուցվել է Սևքարի հանքավայրից դուրս բերված քարով: Այդ տարիներին Երևանի քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր:
‘