‘Երվանդ Զախարյան. Այսպես աշխատել այլևս հնարավոր չէ’

4333

Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են էներգահամակարգի բոլոր օղակները՝ արտադրող  կայանների, «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովի անդամները:

Մինչ քննարկմանն անցնելը Երվանդ Զախարյանը անդրադարձել է էներգահամակարգի այսօրվա ֆինանսատնտեսական վիճակին՝ գնահատելով այն մեղմ ասած ոչ բարվոք:

«Համակարգում կուտակված են մեծ պարտքեր: Համակարգի միայն պետական ձեռնարկությունների ընդհանուր առևտրային վարկերի չափը հասնում են 13 մլրդ դրամի, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկային պորտֆելը՝ մոտ 224մլն. դոլար է: Այդ վարկերի սպասարկումը սակագներում նախատեսված չէ, ինչն այսօր լրացուցիչ բեռ է  համակարգի համար: Դրանից բացի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների հանդեպ կուտակել է մոտ 15 մլրդ դրամի պարտք» -, ասել է Երվանդ Զախարյանը:

Նախարարը նշել է, որ էներգահամակարգի  համար լուրջ խնդիր է կորուստների և ընդհանրապես հաշվառման համակարգի բարելավման հարցը: Այդ հարցն, ի դեպ, հանրային հնչեղություն ունեցող ու հանրությանն ամենաշատը հուզող հարցերից մեկն է:

«2009 թվականից մինչ այսօր էներգահամակարգում կորուստների չափը չի իջել ոչ մի տոկոսով, այնինչ ուսումնասիրությունների համաձայն կորուստների 1 % իջեցումը երկու տարվա կտրվածքով կարող է ապահովել 5,1 մլրդ դրամ եկամուտ»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով հետխորհրդային որոշ երկրների էներգահամակարգերում կորուստները    9-10  տոկոսի սահմաններում են: Իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերում,  2013 թվականի ընթացքում, կորուստները կազմել են 13,39 % /այդ թվում ՝ առևտրային կորուստները 2,27%/, այնինչ կարգավորող հանձնաժողովի հաստատած թույլատրելի սահմանը 11,2 տոկոս է: Նույն ժամանակահատվածում Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում էլէկտրաէներգիայի կորուստները կազմել է 2,03%:

«Վիճակն անհանգստացնող է ընդհանուր էներգահամակարգում: Այսպես աշխատել այլևս հնարավոր չէ, բոլորս պետք է վերանայենք մեր մոտեցումները և անենք ամեն ինչ՝ իրավիճակը շտկելու համար»,- ասել է նախարարը:

Նշենք, որ երբ այս տարվա ամռանը ՀԾԿՀ-ն իր նախաձեռնությամբ բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը, հիմնավորումների մեծ մասը համընկնում էր Երվանդ Զախարյանի այսօր նշած խնդիրներին: Վստահեցվում էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ այս հարցերը որոշ չափով լուծում կստանան: Այնինչ՝ պարզվում է, որ «այսպես աշխատել այլևս հնարավոր չէ»:

Հաշվի առնելով, որ 2015 թ. Հայաստանի ամենաէժան էներգիա արտադրողը՝ Մեծամորի ատոմակայանը 180 օր չի աշխատելու, էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումը դառնում է անխուսափելի:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի ընկերությունը զարգանում է, իսկ մրցակիցներն՝ սնանկանում ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը կարծում է, թե ԵԽԽՎ զեկույցը ԵԽԽՎ դիրքորոշումը չէ ‘