‘
Ո՞վ կմտածեր, որ տարիներ անց Երևան քաղաքին նվիրված ամսագրերում, գունազարդ, սև-սպիտակ ալբոմներում կթերթենք ու կտեսնենք քաղաքի ոչնչացված լավագույն շենքերը, կառույցները, հաստատությունները: Ինչպես նաև մարդկային հարաբերություններում շերտեր բերող քաղաքային բազմազանությունը, արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների բախումը, երկխոսությունը:
Կորել՝ անհետ են:
Երևանը մնացել է վավերագրության մեջ:
Մնացել է լուսանկարի աշխարհում:
Շատերը գիտեն, որ Երևանը բերդ է ունեցել, պարսիկ կառավարիչների քաղաք-նստավայրը: Եվ որոշ գրքերում Երևանի բերդի մասին այնպիսի հետաքրքիր բաներ կան, որ ուզում ես արագ փակես, դուրս գաս ու գնաս սեփական աչքով բերդը տեսնելու, որ, «ցավոք, չի պահպանվել»: Ինչի մասին լսում ես, կարդում, զննում լուսանկարը, պարզվում է` «ցավոք, չի պահպանվել»: Քաղաքն ապրում է առանց անցյալի, բայց ոչ ֆուտուրիստական ձգտումներ ունի, ոչ էլ վերադարձի երազանք: Նոր թաղամասերը բազմանում են օրեցօր, գովերգվում մի քանիսի կողմից, մյուսները քննադատում են, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Գուցե ժամանակ գա, որ այդ անշուք, ճարտարապետական երանգներից բացարձակ զուրկ շենքերը տուրիստների համար որպես էժանագին պանդոկներ ծառայեն:
Ինչևէ, եթե հետևում եք վերը նշված ամսագրերի, գունավոր, սև-սպիտակ ալբոմների թողարկումներին, երևանյան ինչ-ինչ մասունքների դեռ կարող եք հանդիպել: Այդ առարկաները, անկախ իրենց կամքից, եկել են փոխարինելու շենքերին ու կառույցներին: Ասենք՝ երթուղային տաքսիների ներսում արված պաճուճանքը` ոսկեզօծ խաչերի, ուլունքների, փափուկ արջուկների, ձիու պայտերի, Հիսուսների ու Մարիամների, երկրի դրոշի, երաժշտական սկավառակների տեսքով: Եվ սակավաթիվ մարդկանց կողմից փորձ է արվում պահպանել այն, ինչն իրականում այդքան էլ մեծ արժեք չունի, բայց իրադրության և իրականության շրջումը այդ ամենի արժեքն ու կարևորությունը բարձրացրել է:
Օրինակ, հին, ծեփաթափ դռների լուսանկարները` մաշված լինգերով, կողպեքներով, փականներով ու բռնակներով: Այսպիսի դռներ քաղաքի խուլ թաղերում դեռ շատ կան, և երբ տեսնում ես դրանցից մեկը, հանում ես լուսանկարչական ապարատդ, փորձում չխկացնել, տան տերը զարմանքով նայում է՝ երևի մտածելով, թե հատկապես կիսամեռ դռան որ հատվածը քեզ այդքան հուզեց: Եվ հազիվ երեսուն-քառասուն տարեկան այդ ծեփաթափ, մաշված փականներով դռների կողքին, Աբովյան 8 հասցեում Աղասի Խանջյանի շենքի ձեռագործ, հրաշալի դռներից մեկը` քաշված ստվերի պես մռայլ, անհույս: Կամարի տակ, մարդկային դեմքով երկու թևավոր արծիվները` դռան հավատարիմ թիկնազորը, պաշտպանում են կանգնած դռան ժամանակն ու հիշողությունը: Դալանները, ժամագործների, կոշկակարների, վարսավիրների խարխուլ կրպակները, շենքերի պատերին դաջված անճաշակ ու վանող հուշատախտակները, վարպետ Ժիրայրի գդականոցը, (վերջինը քաղաքում), Փակ շուկայի, կրկեսի ավերակները (ավերակների լուսանկարների պահպանումը՝ ևս որպես մի մասունք):
Ֆետիշիստներիս աչքից ոչինչ չի վրիպում, որովհետև մեզ համար երևանյան հին առարկաները մի պահ հնարավորություն են տալիս անցնել տարածությունը և վերականգնել ժամանակը: Առարկաներն են հնարավորություն տալիս, որովհետև մնացածը չկա, իսկ մենք լուսանկարում ենք, նկարագրում ենք դրանք, որովհետև ներքին մի ձայն ասում է, որ ոչ մի օր կորցնել չի կարելի, որ եթե տեսել ես` նկարիր, որովհետև վաղն այդ առարկան նույնպես վերանալու է:
Արամ Պաչյան
«Հրապարակ»
‘