‘Երևանի կենտրոնում գյուղինստիտուտ՝ չէ, բայց ՕԵԿ-ի գրասենյակ պիտի՛ լինի. «Հրապարակ»’

1511

Երեկ առավոտյան լարված իրավիճակ էր ստեղծվել ՕԵԿ գրասենյակի եւ Հայաստանի ագրարային համալսարանին հարող վիճելի տարածքում, որտեղ ՕԵԿ-ը փորձում է շինարարական աշխատանքներ իրականացնել։ Ագրարային համալսարանի ուսանողների «0.0001 տոկոսը», ինչպես նշեց պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը, եկել կանգնել էր ու չէր թույլատրում, որ շինարարությունն իրականացվի։ Ավելին, նրանք նույնիսկ հարձակվեցին ու քանդեցին այն ցանկապատը, որը կառուցել էր ՕԵԿ-ը։ Հաստ երկաթյա ճաղերով ցանկապատի կտորներից մեկն էլ քիչ մնաց ընկներ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի ոտքերին։

 «Սա պետության սեփականությունն է, որ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրված է մեզ, եւ որեւէ քաղաքապետ չի կարող վերցնել, տալ մեկ ուրիշի։ Սրա տակ մեր տեխսպասարկման կետն է, դուք ո՞նց եք պատկերացնում՝ էդ տարածքի մի մասը կտրեն՝ առաջին հարկը տան մեզ, երկրորդ հարկը՝ ուրիշի՞ն»,-ասաց համալսարանի պրոռեկտոր Դանիել Պետրոսյանն ու հավելեց, որ ՕԵԿ-ը 2006 թվին դիմել է իրենց, որ ռեկտորատը տա իր համաձայնությունը տարածքն օգտագործելու համար, իրենք էլ թույլատրել են, որ տարածքը ժամանակավոր օգտագործեն. «Որովհետեւ մենք ունեինք ֆինանսական միջոցների սղություն, Համաշխարհային բանկը գումարներ չէր տալիս։ Հիմա մենք ուզում ենք այս տարածքը սարքենք մեր տեխնիկական նոր միջոցների ցուցադրման տաղավար»։

Հետո պրոռեկտորն սկսեց իրար հակասող պատասխաններ տալ։

Այսինքն՝ այն ժամանակ տվել եք, հիմա փոշմանե՞լ եք։

— Մենք չենք փոշմանել, մենք հիմա նպատակ ունենք օգտագործելու։ Տվել ենք, եղբայր, եթե ես քեզ տվել եմ վարձով, որ դու ապրես…

Այսինքն՝ վարձո՞վ եք տվել։

— Չէ, մենք իրավունք չունեինք վարձով տալու…

Այդ դեպքում ի՞նչ պայմաններով եք տվել այս տարածքն իրենց։ Վարձակալության իրավունքո՞վ…

— Չէ, չէ, մենք վարձակալության իրավունք չունենք, մենք չենք տվել, իրենք վերցրել են…

Այն ժամանակ ինչո՞ւ չէիք ասում։

— Ինչու չէինք ասո՞ւմ, որովհետեւ այն ժամանակ տեխնիկական միջոցները, երբ ձեռք կբերեինք, կասեինք՝ սիրելի ՕԵԿ-ականներ, դուրս եկեք, որ մենք մեր տեխնիկան տեղավորենք։

Իրենք ո՞ւմ հետ են համաձայնեցրել, որ վերցրել են այս տարածքը։

— Ես չեմ կարող էդ հարցին պատասխանել։

Այսինքն՝ օդից եկել են ու այս տարածքը զավթե՞լ ձեզնից։

— Ախր իրենք սկի չեն էլ օգտագործել էս տարածքը (հիշեցնենք, որ ՕԵԿ-ն այդ տարածքում մամուլի ասուլիսներ էր կազմակերպում՝ Վ. Մ.):

— 6-7 տարի է, ինչ ՕԵԿ-ն այս տարածքը օգտագործում է։ Այս ընթացքում որեւէ մեկիդ մտքով չի՞ անցել, թե էս ովքեր են եկել մեր տարածք, դուրս հրավիրենք։

— Ասում եմ՝ երբ նպատակը դրվեց, ու տեխնիկական միջոցները բերեցինք… 5-6 տարի ա՝ պայքարում ենք, ֆինանսական լուրջ միջոցներ էր պետք, մենք չունեինք…

Որոշեցինք լսել նաեւ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, ով, փաստաթղթերի ու որոշումների մի տրցակ ձեռքը, սկսեց մեզ բացատրել, թե որ թվականին քաղաքապետարանն ինչ որոշում է կայացրել, ու ինչ պայմանագրեր են կնքվել։

«2008 թվականին «Օրինաց երկիրը» դիմել է Երեւանի քաղաքապետարան, որ մեր վարչական՝ Աբովյան 43 շենքին կից տարածքը մենք օգտագործում ենք, դահլիճ ունենք, ու թույլ տվեք մեզ, որ մենք էստեղ կառուցենք վարչական շենք։ Քաղաքապետարանն ասել է՝ դրա համար պետք է լինի Ագրարային համալսարանի համաձայնությունը։ ՕԵԿ-ը գրավոր դիմել է համալսարանին, ռեկտոր Թարվերդյանը տվել է համաձայնություն, որ «մենք կողմ ենք, որպեսզի այս տարածքը քաղաքապետարանը տրամադրի ձեզ»։ Հիմա քիչ առաջ էդ փաստաթուղթը, որով տրվել էր մեզ, մենք հանել ենք արխիվից մի շաբաթ առաջ, որովհետեւ ռեկտորը դիմել էր դատարան՝ ասելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ հատկացրել են մեզ 2006 թվականին։ Այսինքն՝ սա աբսուրդ է»,-ասաց Հ. Մարգարյանը՝ նշելով, որ իրենք այս տարածքը 2003-ից են զբաղեցնում՝ բանավոր համաձայնությամբ, իսկ 2006-ից՝ արդեն օրինական կարգով։ Այնուհետեւ Մարգարյանը կարդաց 13.09.2008 թվականի մի որոշում, ըստ որի՝ Ագրարային համալսարանի խորհուրդը 2008 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ համաձայնություն է տվել ՕԵԿ գրասենյակին կից՝ համալսարանին ամրագրված տարածքից 252 քմ մակերեսով ՕԵԿ-ին օրենքով սահմանված կարգով հատկացնելու համար. «Ընդ որում՝ այդ տարածքի մեջ է մտնում նաեւ ՀՀ կառավարության 28.12.2006 թվականի այսինչ որոշմամբ համալսարանին ամրացված, ՕԵԿ-ի կողմից ոչ օրինական հիմքով, այժմ փաստացի օգտագործվող ավտոտնակի եւ նրա կից շինության 65.9 քմ տարածքը։ Ասում է՝ էս էլ տուր»։

Մեր հարցին, թե մինչեւ 2006 թվականն ինչ պայմաններով են զբաղեցրել այս տարածքը, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց՝ ռեկտորի հետ փոխադարձ համաձայնությամբ։ Վարձակալե՞լ են, գումար վճարե՞լ են: «Ոչ, ուղղակի հենց էնպես, մարդկային ձեւով, լավության կարգով տրամադրվել է մեզ»։

Իսկ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի կարծիքով, խնդիրն այլ է. «Ո՞վ է տեսել Ագրարային համալսարանը Երեւանի կենտրոնում լինի, թող տեղափոխեն մարզեր»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան»՝ Գերմանիայի սուպերգավաթակիր. Մխիթարյանը գոլը նոր որակ հաղորդեց խաղին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում մահացել է մետրոպոլիտենի վթարից տուժած Մերի Քոչարյանը’